Ալիևը հոխորտում է, որովհետև ՀՀ կառավարման ղեկին նստած են վախկոտ մարդիկ, բայց նրա համար կարող է ուրբաթի ու շաբաթի պատմությունը լինել. Հայկ Նահապետյան

Վերջին օրերին Ադրբեջանի նախագահը շարունակում է հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով ու սպառնալիքներով՝ ուղղված Հայաստանին ու հայ ազգին։ Նա հայտարարել է, որ Հայաստանը պետք է հրաժարվի սպառազինությունից։

«Ես սա բազմիցս ասել եմ, նրանք գիտեն, որ իմ խոսքին պետք է ուշադրություն դարձնեն։ Դեռ ուշ չէ, թող հրաժարվեն, նրանք երբեք չեն կարողանա մրցել մեզ հետ։ Այսօր հակաադրբեջանական ուժերը, որոնք չեն ցանկանում հաշտվել այս իրավիճակի հետ, արևմտյան որոշ մայրաքաղաքներում ապրող իսլամաֆոբներն ու ադրբեջանաֆոբները Հայաստանին նոր պատերազմի են հրահրում, միևնույն ժամանակ որոշ արևմտյան հովանավորներ ցանկանում են Հայաստանից «խաղաղության աղավնի» սարքել»,- ասել է Ալիևը։

Հայկական կողմից պաշտոնական մակարդակով Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններին որևէ կերպ չեն արձագանքել։

Այս ամենին զուգահեռ, ՀՀ իշխանության տարբեր ներկայացուցիչներ չեն բացառել, որ Ադրբեջանը կարող է գնալ լայնածավալ սադրանքների, երբ Բաքվում ավարտվի ՄԱԿ կլիմայի փոփոխության համաժողովը՝  COP29-ը։

Կարդացեք նաև

Անվտանգության, ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանի բնորոշմամբ՝ Ադրբեջանի նախագահը ՀՀ իշխանությունների և անձամբ Նիկոլ Փաշինյանի «վախը բռնել» է, այդ պատճառով էլ մշտապես հոխորտում է հայ ազգին:

«Ալիևը գիտի այս վախկոտ դեգեներատների «ուժը»։ Բայց նախկինում Ալիևն էլ, իր հայրն էլ հանդիպել են մեր հայ ժողովրդի հավաքական ուժին, կամքին ու զինվորական հմտություններին։ Այնպես որ, ինչպես ասում են՝ Ալիևի համար կարող է ուրբաթի ու շաբաթի պատմությունը լինել, որովհետև եթե իշխանության գան այն անձինք, որոնք երկիրը կբերեն տոտալ պաշտպանության, ապա Ալիևին բավականին ծանր օրեր կսպասվեն։

Այնպես որ՝ Ալիևը հիմա հոխորտում է, որովհետև ՀՀ կառավարման ղեկին նստած են վախկոտ մարդիկ, որոնց բերել են իշխանության, որպեսզի հենց Ալիևը հաղթի հայ ազգին։ Հետևաբար, այստեղ խնդիրը ոչ թե Ալիևի, այլ մեր մեջ է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Հայկ Նահապետյանը։

Փորձագետը վստահ է, այն պահին, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը կհեռանան իշխանությունից, դրանից հետո Հայաստանն Ադրբեջանի հետ խոսելու է հավասարը հավասարի պես։ Բայց քանի դեռ Հայաստանը ներկայացնում է օրվա իշխանությունը, Ալիևը շարունակելու է հանդես գալ շանտաժի լեզվով ու ռազմատենչ հայտարարություններով։

«Կոպիտ ասած՝ Ալիևն այս իշխանությունների «վախը բռնել» է, դրա համար իրեն իրավունք է վերապահում այդպես վիրավորի մեր ազգին։ Ալիևը բացահայտ սպառնում է, որ ուժ կկիրառի, դե, այս իշխանություններն էլ իրենց կարճ խելքով որոշ ժամանակ առաջ մանրևում էին՝ հույս ունենալով, որ ԱՄՆ-ում Դեմոկրատական կուսակցությունն իրենց կպաշտպանի՝ մոռանալով, որ նրանք օվկիանոսից շատ հեռու են։ Հիմա ԱՄՆ-ում վարչակարգը փոխվել է ու դեռ հարց է՝ Հարավային Կովկասում ինչ քաղաքականություն է վարելու, գուցե ռուսների հետ փորձի լավ հարաբերություններ ստեղծել։ Իսկ այստեղից հետևություն՝ ՀՀ-ում օրվա իշխանության լծակները բավականին թուլանում են, իրենց այդ ներքին գզվռտոցները դրա վառ արտահայտումն է։ Նիկոլի իշխանությունը բաղկացած է երեք սյուներից, առաջինը նախկին ՀՀՇ-ականներն են, երկրորդը՝ սորոսական ազդեցության գործակալները, իսկ երրորդը՝ փաբերում պարտքով գարեջուր խմողները, որոնց հավաքել է Նիկոլը։

Այսօր աշխարհում ստեղծվել է նոր բևեռ, որի անունը ԲՐԻԿՍ է, հիմա սա միս ու արյուն է ստանում, ուստի ընդդիմությունը պետք է խելամիտ լինի ու իրավիճակն օգտագործի»,- շեշտեց Հայկ Նահապետյանը։

Փորձագետը նաև նկատեց՝ Ալիևը դեռ ուժի սպառնալիք է կիրառում, ուժ չկա, հարմար պահի կկիրառի նաև ուժը, և հավելեց՝ իշխանությունները եթե գործակալ չլինեին, ապա կկառչեին եռակողմ չորս հայտարարություններից, որոնք ստորագրել են Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը։

«Պետք է այդ չորս եռակողմ հայտարարութուններից կառչեին այս իշխանությունները, իրենց պահանջները ներկայացնեին, բայց չեն անում, որովհետև կա՛մ տխմար են, կա՛մ գործակալ։ Եթե այդպիսին չլինեին, չէին հրաժարվի միջնորդից ու միայնակ գնային Ադրբեջանի հետ բանակցությունների»,- եզրափակեց Հայկ Նահապետյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Բաքվում մեկնարկել է COP29-ը, հայկական կողմը դեռևս չի հայտնել՝ մասնակցելո՞ւ է համաժողովին, թե՞ ոչ։

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ հայտարարել է, որ Հայաստանը գրանցվել է Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովին մասնակցելու համար, սակայն հայկական պատվիրակությունը ներկայացված չէ միջոցառմանը։

Տեսանյութեր

Լրահոս