«Իմ տունն իմ ամրոցն է» խոսույթը պետք է դառնա «Մեր պետությունն է մեր ամրոցը»․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քաղաքացի-պետություն-համայնք հարաբերությունների խնդիրներին։

Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-ամյակին նվիրված միջոցառմանը Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ քաղաքացու և պետության, ինչպես նաև համայնքի միջև առկա է ճեղք։ 

«Մեզանում շատ քննարկված հարց է, որ հատկապես բազմաբնակարան շենքերի պարագայում շենքից ներս մարդու վերաբերմունքը միջավայրին ուրիշ է, շենքից դուրս՝ բոլորովին ուրիշ։ Եվ այստեղ է այս ճեղքը, որ առաջանում է, որովհետև, սկսած շքամուտքից, բակից, քաղաքացին չունի այն վերաբերմունքը, ինչ վերաբերմունք ունի տան դռնից ներս։ Այստեղ մեր սոցիալ-հոգեբանությունը ձևակերպված է «Իմ տունը իմ ամրոցն է» խոսույթի ներքո»,- ասաց Փաշինյանը։ 

Նա նշեց, որ այսպիսի մտածելակերպը պետք է փոխվի, որպեսզի ձևավորվի նոր սոցիալ-հոգեբանություն, որտեղ «Մեր պետությունն է մեր ամրոցը», և յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի իր պատասխանատվությունը ոչ միայն սեփական տան սահմաններում, այլ նաև պետական ու համայնքային մակարդակներում։

«Մենք պետք է մեր սոցիալ-հոգեբանությունը որոշակիորեն փոխենք՝ արձանագրելով, որ «Մեր պետությունն է մեր ամրոցը»։

Իսկ մեր տունը մեր բնակավայրն է, որի շեմից ներս, իհարկե, ունենք անձեռնմխելի իրավունքներ, բայց շեմից դուրս շատ որոշակի պատասխանատվություն ունենք», – ասաց Փաշինյանը։

 Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստանում արդիական ու ծանոթ համարվող մի օրինակի՝ նշելով, որ ոչ ոք չի հանդուրժի, որ իր տան մեջ ծխեն ու ծխախոտը շպրտեն գետնին կամ սեղանին, բայց նույն վարքագիծը, երբ այն տեղի է ունենում տան դռան կողքին, մնում է անտեսված։ «Այստեղից է սկսվում մեր վերաբերմունքը համայնքի նկատմամբ, մեր վերաբերմունքը պետության նկատմամբ»,- եզրափակեց Փաշինյանը։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930