Դիակիզումը մե՞ղք է
Երբ ասում են, թէ Աստուածաշունչը բացարձակապէս լռում է դիակիզման մասին, իհա՛րկէ կեղծ է եւ անհիմն: Հին Կտակարանում յայտնի է Աստծու հրահանգը՝ տրուած Ամոս մարգարէին. «Այսպէս է ասում Տէրը. «Մովաբի երեք ամբարշտութիւնների եւ մանաւանդ չորրորդի համար ես պիտի պատժեմ նրանց, քանի որ նրանք այրեցին եդոմայեցիների թագաւորների ոսկորները, մինչեւ որ դրանք մոխիր դարձան։ Կրակ պիտի գցեմ Մովաբի վրայ, եւ կրակը պիտի լափի նրանց քաղաքների հիմքերը. Մովաբը պիտի մեռնի տկարութեան մէջ՝ աղաղակով եւ փողի ձայնով»» (Ամոս 2, 1-2): Սա վկայում է, թէ Աստուած չի լռում ու գարշում է դիակիզումից:
Աստծու խօսքն ու պատուիրանները սիրող ու դրանք որպէս կեանքի ուղեցոյց ընդունող քրիստոնեաների համար դիակիզումը մեղք է, քանի որ Ինքն Աստուած յանցանք է համարում: Հետեւաբար, դժուար չէ եզրակացնել, թէ ըստ Աստծու անխախտ հրամանի՝ մեր հողեղէն մարմինները դարձեալ հողին պիտի վերադառնան: Ուստի խօսքին հաւատարիմ եւ աստուածավախ քրիստոնեաների համար դիակիզումը մեղսալի մի արարք է, քանի որ նրանց համար Աստծու հրամանը դրժելը նշանակում է մեղանչել Աստծու դէմ: Իսկ դիակիզումն ընդունող որոշ քրիստոնեաներ իրենց օրինազանցութեամբ անհնազանդ են գտնւում Աստծու օրէնքի հանդէպ ու շեղւում են Աստուածաշնչի վարդապետութիւնից:
Իւրաքանչիւր անձ, անկախ իր կամքից, իհա՛րկէ կարող է ենթարկուել այրման, պատառ-պատառ լինել, կամքից ոչնչանալ, կամ էլ խեղդուել ու ծովամոյն լինել: Սա մեղք չի համարւում: Որքա՜ն անդամահատուած կամ մոխրացած սրբեր ակամայ ենթարկուեցին այդ իրավիճակին: Մեղքը կախուած է անձի կամքից: Ադոլֆ Հիտլերը դիակիզարաններում հրկիզման մատնեց միլիոնաւոր մարդկանց: Սա մեղք չի նկատւում այն անձանց համար, որոնց մարմինները հրկիզման պատճառով ոչնչացան: Սա վկայութիւնն էր նրանց տառապանքների: Ամենակարող Աստուած կարող է բոլոր իրավիճակներում ու հանգամանքներում մեռած մարմնին յարութիւն տալ:
Հակառակը մտածել՝ պիտի նշանակէր վիճարկել աստուածային ամենակարողութիւնը: Այն մարդիկ, ովքեր կողմնակից են լինում հանգուցեալների դիակիզման սովորութեանը, գուցէ լիովին չեն հասկանում, թէ այդպիսով մերժում են յետմահու կեանքը: Ժամանակակից դիակիզման գործադրութեան հիմքերը միտուած են հերքելու յաւիտենական կեանքը: Այս գործադրութիւնը հակաքրիստոնէական է, եւ եկեղեցու զաւակները պէտք է հեռու մնան այս սովորութիւնից: Քրիստոնեայի համար սրա կարեւորագոյն օրինակն է մեր Տէր Յիսուս Քրիստոսը: Քրիստոսի թաղման նախօրինակը հանդիսացաւ դիակիզումը մերժելու կարեւորագոյն պատճառը: Ինչպէս Ինքը թաղուեց, այնպէս էլ մենք պիտի թաղուենք:
Դիակիզման դէմ Ուղղափառ եկեղեցիների հակազդեցութեան պատճառն այն է, որ 18-րդ դարի «Լուսաւորութեան» ժամանակաշրջանում ռացիոնալիստները, աթէիստները ու նէոհեթանոսները մերժեցին հանգուցեալի մարմնի յարութեան քրիստոնէական կարեւորագոյն վարդապետութիւնը եւ ընտրելով դիակիզումը՝ արտայայտեցին իրենց հակառակութիւնն ու անհաւատութիւնը՝ ընդդէմ քրիստոնէութեան: Որպէս հակազդում՝ թէ՛ Արեւելեան ու թէ՛ Արեւմտեան եկեղեցիները դիակիզումը գնահատեցին յարձակում ընդդէմ եկեղեցու դաւանանքի կարեւորագոյն վարդապետութեան դէմ: Սրա համար առաքելահաստատ եկեղեցիներն արգելում էին կատարելու թաղման կարգը, երբ անդամներից որեւէ մէկը ծրագրում էր մեռնելուց յետոյ իր մարմինը հրկիզել տալ: Այս օրէնքը դեռ վաւերական է ուղղափառ եկեղեցիներում:
Միայն ճշմարիտ հաւատացեալը կարող է հասկանալ, թէ ինչո՛ւ է դիակիզումը մեղք համարւում: Սա մեղք է՝ ֆիզիկական մարմինը հրկիզելուց առաջ մարդու կամքի ու գիտակցութեան կեղծ ուղղուածութեամբ իշխելու Աստծուն պատկանող սեփականութեան վրայ, որ է՝ մարդուս մարմինը: Մարդը մեղք է գործում նաեւ այն ժամանակ, երբ խորհում է, թէ իր կեանքը պատկանում է միա՛յն իրեն: Այս մեղսալի եւ եսամոլ գիտակցութեան բաւական վառ արտայայտութիւններից մէկն ինքնասպանութիւնն է: Այն մտածումը, թէ մարմինը պէտք է հրկիզել, աստուածային անհնազանդութեան նոյնպիսի նշան է:
Ուզում եմ կրկին նշել, թէ այս գրքի նպատակը չէր, որ անկեղծ ու բարեպաշտ քրիստոնեաներն իրենց մեղադրելի զգան, եթէ անխոհեմաբար որոշել էին իրենց հարազատներին դիակիզել: Ոչ էլ այս գիրքը գրուեց, որ հաւատանք, թէ դիակիզման ենթարկուած մարդիկ չեն կարող մեռելներից յարուցուել:
Գրքի նպատակն է պարզապէս հակազդել աշխարհիկ ուժերին ու խաւարամիտ մշակոյթին՝ ցոյց տալով քրիստոնէական աւանդութեան առաւելութիւնը, որով հաստատւում է, թէ Աստծուն հաճելի է թաղումը եւ ոչ թէ դիակիզումը: Հետեւաբար, անկախ այն բանից, թէ աշխարհը որքան է կիրառում դիակիզումը, քրիստոնեաները պէտք է մերժեն այս հեթանոսական եւ անմարդկային սովորութիւնը: Մենք պէտք է յիշենք նաեւ, որ թէեւ Աստուած կարող է վերակենդանացնել դիակիզուած մարմինները, այդուհանդերձ քրիստոնեաները չունեն Աստծու արտօնութիւնը՝ շարունակելու իրենց մարմինների դիակիզումը:
Չանդրադառնանք, թէ ի՛նչ կարող է Աստուած անել, այլ թէ ի՛նչ պէտք է մենք անենք: Եթէ քրիստոնեան ինքն իրեն մեղաւոր է զգում ու զղջում մասնակից դառնալու համար իր հարազատի դիակիզմանը, ապա թող վստահ լինի, թէ Աստուած Իր Որդու՝ Յիսուս Քրիստոսի միջոցով կարող է ներել ամէն մեղք, եթէ ապաշխարենք` հաւատալով մեղքերի թողութեան խորհրդին:
Գևորգ սրկ. Գևորգյան
«Քրիստոնէական քննական տեսութիւն դիակիզման մերժման մասին» գրքից