Փաշինյանը ոչ թե կանխում է պատերազմը, այլ թշնամու համար շատ ավելի հեշտ է դարձնում մեր դեմ նոր պատերազմ սկսելը․ Վազգեն Մանուկյան

Այն տարածքները, որոնք Ադրբեջանն իրենն է համարում, այսպես կոչված՝ «գրավյալ», կամ ինչպես մենք էինք ասում՝ ազատագրված, դրանք կամ Արցախը վերցնելն Ալիևի համար էական էր իր իշխանությունը պահելու նպատակով։ Նա իր ժողովրդին պիտի ցույց տար, որ գրավում է Արցախը։ Բայց ռազմավարական տեսակետից Ադրբեջանի և Թուրքիայի համար մշտապես կարևոր է եղել Սյունիքը։ Դրա համար Սյունիքն իրենց համար ռազմավարական կարևորագույն խնդիր է, իսկ Արցախը՝ հեղինակության և իշխանություն պահելու հարց։ Բայց երբ Ալիևը պատերազմ սկսեց, նրա մտքով չէր անցնում, որ այսպիսի հաջողություններ կունենա։ Նրան պետք էր գոնե երկու-երեք շրջան վերցնել, իր ժողովրդին ապացուցել, որ ինքը տղամարդ է, կարող է «իր հողերը» վերադարձնել, և այդպիսով կարողանար իշխանությունը պահել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:

«Ո՞վ կմտածեր, թե պատերազմն այս ձևով կվերջանա, որ մեր պետության ղեկավարն այնպիսի մարդ կլինի, որին հեշտությամբ կհաջողվի անել այն, ինչը նույնիսկ թշնամու երազանքների մեջ չկար։ Զգացվում է, որ Ալիևը կարծես հարբած լինի այս հաջողությունից, սա նրա համար անսպասելի հաջողություն էր, նվեր։ Նա այլոց օրոք, իհարկե, չէր կարող այսկերպ հաղթել։ Մեր բանակն իր զինվածությամբ բավականին զիջում էր Ադրբեջանին, քանի որ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ Ադրբեջանը և Հայաստանը ստացան այն խորհրդային զենքերը, որոնք համապատասխանաբար իրենց և մեր տարածքում էին, Ադրբեջանին տասնյակ անգամ ավելի շատ զենք-զինամթերք մնաց։ Մեր կազմակերպումն ու զինվորի խիզախությունը բերին նրան, որ մենք կարողացանք հաղթել։ Նաև նշանակություն ուներ այն, որ, երբ այն ժամանակ ադրբեջանցիների հետ խոսում էիր, իրենք համարում էին, որ միևնույն է՝ Արցախն իրենց հողը չէ, և Արցախը պահելու համար շատ մեծ զոհաբերություններ չէին ուզում անել, քանի որ համարում էին, որ դա հայկական հող է»,- ասաց քաղաքական գործիչը:

«Այս պատերազմի ժամանակ ադրբեջանցիները, իհարկե, շատ ավելի պատրաստված էին, քան մենք, բայց Արցախն անխոցելի բերդ էր։ Փաստորեն, 44-օրյա պատերազմում Արցախից ընդամենը մի փոքր հատված էին գրավել, այդ բերդը կարողացել էին մի տեղում ճեղքել։ 44 օրը շատ մեծ թիվ է։ Հիշենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիան ամբողջ Ֆրանսիան գրավեց 42 օրվա ընթացքում։ Այդ զինված ու հզոր Ֆրանսիան՝ կանգնած իր մարշալներով, գեներալներով, տանկերով, հանձնվեց։ Այսինքն, թշնամու թափած այդ հսկայական ջանքերը շատ քիչ հաջողություն ունեցան։ Նրանց հետագա հաջողությունները պայմանավորված էին մեր նահանջով արդեն կապիտուլյացիան ստորագրելուց հետո»,- նշեց նախկին վարչապետը:

Մանուկյանի կարծիքով՝ ո՛չ ՀԱՊԿ-ը, ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ որևէ այլ մեկը չի կարող և չի մասնակցի ռազմական գործողությունների, որ պաշտպանի Հայաստանը, նման բան չի լինելու. «Օրինակ, ռուսական քաղաքական դաշտի բարձրաստիճան այրերը հասկացնում են, որ Սյունիքի վրա հարձակման դեպքում իրենք դժվար թե կարողանան մեզ պաշտպանել, ասում են՝ մինչև ուշքի գանք, և մինչև այդ որոշումն ընդունվի, արդեն ուշ կլինի։ Դու ինքդ պետք է ուժեղ լինես։ Պետությունների խոսքերն արդեն երաշխիք են, և պարտադիր չէ, որ դա բանակով լինի։ Երբ Ռուսաստանը կամ ԱՄՆ-ը Ադրբեջանին ասում են՝ մի՛ արա, Ադրբեջանի համար դա նշանակություն ունի։ Նրանք պատերազմը սկսեցին այն պահին, երբ և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ մեր հարաբերություններն Արցախի հարցում խճճվել էին և անիմաստ դարձել, և փաստորեն՝ իրենք աչքերը փակեցին դրա վրա»:

«Վերջին տասնամյակում աշխարհն արագորեն փոխվում է։ Կարելի էր կանխագուշակել շատ բան, օրինակ՝ ռուս-ուկրաինական պատերազմը։ Երևում էր, որ ընկնում ենք մի վիճակի մեջ, երբ շատ նուրբ քաղաքականություն պետք է վարել։ Բայց դրա փոխարեն եկավ մի մարդ, որը միայն և միայն իր իշխանությունը պահելու համար է քաղաքականություն վարում։ Այսօր էլ այն ամենը, ինչը նա անում է, ոչ թե կանխում է պատերազմը, այլ ավելի հեշտ է դարձնում դիմացինին իր ուզած պատերազմն սկսելը»,- ամփոփեց ընդդիմադիր գործիչը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս