
Եվրոպայում արգելվել է Աթաթուրքի մասին անիմացիոն ֆիլմի ցուցադրությունը

Եվրոպայում արգելափակվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մանկության մասին պատմող առաջին անիմացիոն «Mustafa» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը նախատեսվում էր ցուցադրել հոկտեմբերի 25-ին՝ ուրբաթ օրը, սակայն ցուցադրությունից ժամեր առաջ այն հանվել է ցուցակից: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆիլմի պրոդյուսերներից մեկի՝ Քամուրան Այնայի խոսքով՝ ցուցադրման արգելքն իբրև թե կապված է «հայկական լոբբիի» հետ:
Նա նշել է, որ Եվրոպայում ապրող միլիոնավոր թուրք քաղաքացիներ ունեն իրենց երկրի հիմնադրի՝ Աթաթուրքի մասին տեղեկանալու իրավունք, և սկզբում ստացված աջակցությունը հետագայում փոխվել է հակառակ ուղղությամբ, երբ ցուցադրման ժամկետը մոտեցել է:
Այնան հավելել է, որ Եվրոպայում նախնական պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո ցուցադրման խոչընդոտների մասին տեղեկություն ստացվել է մի շարք երկրներից, և այժմ ֆիլմի ցուցադրությունը Եվրոպայում դադարեցված է: