«Եկել եմ փող խնդրելու, եթե չտան՝ մինչև տարվա վերջ կգնանք օպտիմալացման». Արմեն Քոլոյան
Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանն այսօր խորհրդարանում Բյուջե 2025-ի քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցում չբացառեց, որ ռադիոյում կարող են կրճատումներ լինել, եթե գործադիրը բավարար ֆինանսավորում չհատկացնի։
«Ես այսօր այստեղ եկել եմ փող խնդրելու, որովհետև ես ունեմ 320 աշխատող, որից 93-ը երաժիշտներ են, մնացածը լրագրողներ են, տեխնիկական ու վարչական աշխատողներ են, նրանք շատ ցածր աշխատավարձ են ստանում։ Բալանսը վերականգնելու համար, ես ասել եմ՝ մինչև տարեվերջ ոչինչ չի փոխվում, եթե գործադիրն ու օրենսդիրը բարի գտնվեն, ավելացնեն մեր բյուջեն, եթե ոչ, ապա մենք ստիպված կգնանք կրճատումների։
Մենք նույնիսկ տհաճություն ենք պատճառել մեր գործընկերներից շատերին, խնդրել ենք սենյակներում մի քանի հոգով տեղավորվել, ազատենք սենյակները, դրանք տանք վարձով, որովհետև մենք հիմա փողի կարիք ունենք, թիվ մեկ խնդիրը փողն է»,- նշեց Արմեն Քոլոյանը։
Նրա խոսքով՝ այս պահին ամեն ինչ անում են միջոցներ գեներացնելու համար, «ճարները կտրած»՝ ստիպված փորձում են «սպոնսորություն» գտնել, որպեսզի տարբեր հաղորդաշարեր ունենան «սպոնսորներ», որ լրագրողներին խրախուսեն, ունենան այլ հաղորդումներ։
«Նրանք շատ վատ են խրախուսված, շատ դժգոհ են»,- շեշտեց Ռադիոյի տնօրենը։
Լրագրողի հարցին, օրինակ, ինչպե՞ս է վերաբերվում Հանրային ռադիոյի շենքի դուռը կոտրելուն և ներս մտնելուն, ինչպես արեց Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին, Արմեն Քոլոյանը պատասխանեց.
«Ես ոչ մի ձևով չեմ վերաբերվում, 2018 թվականին ես Պրահայում աշխատում էի «Ազատություն» ռադիոկայանում։ Ես ոչ մի վերաբերմունք չունեմ, չունեմ, չեմ ասում՝ դա լավ է կամ վատ է»։
Լրագրողի ճշտող հարցին՝ եթե ընդդիմությունը նման բան անի, վերաբերմունք կունենա՞, Արմեն Քոլոյանը պատասխանեց.
«Կունենամ, թող անի»։
Նա նաև ընդգծեց, որ Հանրային ռադիոն պետք է լինի մաքսիմալ չեզոք, անաչառ, անկախ։
«Հանրային ռադիոն չպետք է գովաբանի իշխանությանը, չպետք է գովաբանի ընդդիմությանը, պետք է լինի չեզոք, ինչպես «Ազատությունն» էր»,- նշեց նա։
Հարցին՝ կաշկանդված չէ՞, օրինակ, Նիկոլ Փաշինյանի ջերմ վերաբերմունքով, Արմեն Քոլոյանը պատասխանեց.
«Ես Նիկոլ Փաշինյանին մեկ անգամ եմ տեսել:
Ես այս քաղաքում եմ ծնվել, որտեղ ում հետ կուզենամ՝ այս քաղաքում կհանդիպեմ»,- եզրափակեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում