
Օրհնված ջուրը

Մի տատիկ գնում է քահանայի մոտ ու հարցնում.
– Մեր պապի հետ ինչպե՞ս վարվեմ: Բոլորովին անտանելի է դարձել: Վիճում է, հայհոյում, իր սխալները չի ընդունում:
Քահանան նրան մի շիշ ջուր է տալիս ու ասում.
– Սա օրհնված ջուր է, հենց պապն աշխատանքից հետո տուն վերադառնա կամ հենց ձայնը բարձրացնի, միանգամից այս ջրից բերանդ լցրու և որքան կարող ես պահիր: Որքան երկար պահես, այնքան օրհնված ջուրը շատ կօգնի:
Մի շաբաթից տատիկը վազում է կրկին օրհնված ջուր խնդրելու:
– Շնորհակալությո՜ւն, Տե՛ր հայր, օրհնված ջուրն օգնեց: Պապն այժմ հեզ ու հանդարտ է: Այնպես հաշտ ենք ապրում, որ հարևանները նախանձում են: Մի շիշ էլ օրհնված ջուր տուր, Տե՛ր հայր:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը