Արևմուտքն անվտանգային երաշխիքներ կտա՞ Հայաստանին, թե՞ միայն բանաձևերով և հայտարարություններով կսահմանափակվի

Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն Արցախի հարցում Միացյալ Նահանգների և Եվրամիության ակտիվացումը բացատրում է Ռուսաստանի ակտիվացմամբ:

«Բնականաբար, Ռուսաստանի ակտիվացմանը զուգահեռ՝ Արևմուտքն ինքն էլ պետք է փորձի ակտիվանալ, առավել ևս, որ ակտիվանում է նաև «3+3» ձևաչափը, որոշ գնահատականների համաձայն՝ հակամարտության կարգավորումը կարող է ինչ-որ փուլի հասնել այդ հարթակներում, և Արևմուտքը պետք է փորձի դուրս չմնալ դրանից: Եթե խնդիրը կարգավորում է «3+3» ձևաչափի շրջանակներում կամ հայ-ադրբեջանական ուղղակի բանակցություններով, բայց ռուս-թուրքական կուրացիայի ներքո, ապա Արևմուտքը դուրս է մնում տարածաշրջանից, և ՌԴ դիրքերն ուժեղանում են: Դա Արևմուտքի համար ամենակարևորն է, դրա համար փորձում է թույլ չտալ և ակտիվանում է, այսինքն՝ Հայաստանին ուղերձ է հղում, որ՝ պետք չէ թուլանալ, պետք չէ գնալ ցանկացած գնով խաղաղության, դեռ կարող եք մեզ վրա հույս դնել: Մի խոսքով՝ Արևմուտքին ավելի ձեռնտու կլինի այստեղ լարվածության պահպանումը, քան կայունության հաստատումը՝ ռուսական ներկայությամբ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջին օրերին ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենն էր դիմել պաշտոնական Երևանին և Բաքվին՝ խաղաղության պայմանագրի ամբողջացման ուղղությամբ աշխատանք տանելու առաջարկով:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսն էր խոսել Արցախից տեղահանված հայերի վերադարձի մասին՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը կարևոր է հայ ժողովրդի արժանապատվության վերականգնման և տարածաշրջանում կայունության համար: Այնուհետև հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն էր Արցախի վերաբերյալ գրառում կատարել՝ ընդգծելով՝ երբ ինքը լինի ԱՄՆ նախագահ՝ կաշխատի դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, խաղաղություն կհաստատի Հայաստանի և Ադրբեջանի միջև: ԱՄՆ-ի ակտիվացմանը զուգահեռ՝ Եվրախորհրդարանը մեծամասնությամբ ընդունեց Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև, որում Արցախում տեղի ունեցած իրադարձությունները որակվում են՝ որպես էթնիկ զտում:

Կարդացեք նաև

Արմեն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ Արևմուտքից Հայաստանի իշխանություններին ուղղված ուղե՞րձն էր պատճառը, որ ԲՐԻԿՍ-ի շրջանակում Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ էական ձեռքբերում չգրանցվեց, միայն պայմանավորվածություն եղավ, որ ԱԳ նախարարները շարունակեն հանդիպումները:

«Այո, փաստորեն, որևէ առաջընթաց չեղավ, այդպիսի առաջընթաց ակնկալելու լավատեսություն էլ առանձնապես չկար, որովհետև Ադրբեջանը փորձելու է մինչև խաղաղության համաձայնագիրը ստորագրելը Հայաստանից պոկել այն ամենը, ինչ կարող է պոկել առանց որևէ փաստաթղթի: Եթե այդ պրոցեսը դեռևս շարունակական է, այսինքն՝ եթե Ադրբեջանը դեռևս կարողանում է ինչ-որ բաներ պոկել՝ առանց փաստաթղթի, բնականաբար, փաստաթուղթ ստորագրելու որևէ կարիք չունի: Նրանք կստորագրեն միայն այն փաստաթղթերը, որոնցով շատ հստակ Հայաստանից ինչ-որ բան են պոկելու, և այդպիսի համաձայնությունների կգնան, ինչպես, օրինակ, եղավ հյուսիս-արևելքում սահմանազատման հարցում: Նրանք գնացին այդ քայլին, որովհետև կոնկրետ բան ունեին պոկելու, և պոկեցին: Եթե որևէ համաձայնությամբ նրանք որևէ բան չունենան պոկելու, ինչո՞ւ պետք է նրանք ձեռք բերեն այդ համաձայնությունը»,- ի պատասխան՝ ասաց նա:

Հարցին՝ Արևմուտքն անվտանգային երաշխիքներ կտա՞ Հայաստանին, թե՞ միայն բանաձևերի և հայտարարությունների մակարդակով ամեն ինչ կսահմանափակվի, նա պատասխանեց.

«Արևմուտքը, բնականաբար, անվտանգային որևէ երաշխիք չի տա, ընդ որում՝ իրենք պարզ ասում են դա, ասում են, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենք պետք է կարգավորեն իրենց հարաբերությունները, ուղղակի Արևմուտքը պետք է փորձի անընդհատ ակտիվանալ, որպեսզի թույլ չտա, որ այդ հարաբերությունների կարգավորումը լինի ռուսական կուրացիայի ներքո: Սա է խնդիրը:

Նախ և առաջ, իրենք այստեղ անվտանգային երաշխիքներ տալու, ապահովելու որևէ մեխանիզմ չունեն, բացի այդ էլ, պետք է, որ այդպիսի ցանկություն չունենան, որովհետև նրանց հիմնական խնդիրը միջին միջանցքի բացումն է, նկատի ունեմ՝ Թուրքիա-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա միջանցքը, և անպայման առանց ռուսական որևէ վերահսկողության:

Եթե դա հնարավոր չլինի անել, այդ դեպքում Արևմուտքին ավելի ձեռնտու կլինի, եթե միջանցքի՝ Հայաստանով անցնող հատվածն ընդհանրապես չգործի կամ լինեն ռազմական գործողություններ և այդ, այսպես կոչված, միջանցքն անցնի թուրք-ադրբեջանական վերահսկողության ներքո: Օբյեկտիվորեն, Արևմուտքի շահերից դա է բխում, որ կա՛մ դա լինի թուրք-ադրբեջանական վերահսկողության ներքո, կա՛մ լինի հայկական վերահսկողության ներքո, բայց պայմանով, որ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից և չլինի ռուսական ազդեցության տակ, կամ էլ, եթե որևէ մեկը չի ստացվում, ընդհանրապես այդ ճանապարհը չգործի»:

Տեսանյութեր

Լրահոս