Թրամփի՝ Արցախի մասին գրառումը, Բայդենի նամակներն ու Հարիսի ուղերձը. Ի՞նչ կարևորություն են տալիս ամերիկացի գործիչներն Արցախի ու հայ-ադրբեջանական հարցերին

ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ հարավկովկասյան թեմատիկան նախընտրական մրցակցության առարկա է դարձել։

Նախ նախագահությունն ավարտող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրերս իր օգնական Մայք Քարփենթերի միջոցով նամակներ փոխանցեց Երևանին և Բաքվին, առաջարկելով աշխատանք Խաղաղության համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ մինչև տարեվերջ։

Ըստ էության, Բայդենի նախաձեռնությանը հաջորդեց ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի գրառումն Արցախի վերաբերյալ։ Նա առաջին անգամ անդրադարձավ Արցախի և արցախահայության հարցին՝ կիրառելով Արցախ անվանումը։

X-ի իր էջում նա մասնավորապես նշել է. «Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120.000 հայ քրիստոնյաներ սարսափելի կերպով հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաներն ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը լինի Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը: Երբ ես լինեմ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկական զտումը, և մենք խաղաղություն կհաստատենք Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ Հայաստանի և Արցախի հայերի թեմայով շաբաթներ առաջ հաղորդագրություն էր տարածել նաև Դեմոկրատական կուսակցության թեկնածու Քամալա Հարիսը։ Նրա շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի առիթով էր։ Ամերիկահայ համայնքին հասցեագրված ուղերձում Հարիսը նշել էր. «Այս կարևոր օրը նշելուն զուգահեռ՝ հարկավոր է միշտ հիշել նաև Հայոց ցեղասպանությունը, երբ մոտ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին և ուղարկվեցին մահվան: Դա մի ողբերգություն է, որը շարունակում է ձևավորել հայ ժողովրդի ինքնությունը։ Ամերիկահայ համայնքի տոկունությունը ոգեշնչման աղբյուր է մեր ընդհանուր ամերիկյան պատմության համար»:

Նա ընդգծել էր, որ շարունակում է հանձնառու լինել Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմանը, որը հարգում է ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը:

«Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից: Ես կշարունակեմ աջակցել Հայաստանի՝ ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին: Հայաստանն ու նրա ժողովուրդն ունեն հարուստ պատմություն, որը ոգեշնչում է բոլորիս պայքարել հանուն ազատության և արդարության: Հավատարիմ եմ մնում մեր երկրների միջև կապերի խորացմանը և գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը, որոնք ի ցույց են դնում մեր ընդհանուր արժեքներն ու ձգտումները: Միասին կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ»,- ասված էր թեկնածու Հարիսի ուղերձում։

168.am-ի հետ զրույցում վրացի եվրոպագետ Կախա Գոգոլաշվիլին ասաց, որ Թրամփ-Հարիս նախընտրական քարոզարշավի առանցքը դարձան աշխարհաքաղաքական զարգացումները՝ հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը։

Նրա խոսքով, կողմերը և հատկապես Թրամփը բազմաթիվ աղմկահարույց, ինչպես նաև պոպուլիստական հայտարարություններ է արել Իսրայելի, Ռուսաստանի ու Պուտինի, Չինաստանի առնչությամբ, փորձելով հանրային կարծիքն ուղղորդել իր կողմ՝ հիմնականում խաղալով մարդկանց զգացմունքների հետ։ Նույնը, ըստ նրա, տեղի է ունենում Երևան-Բաքու գործընթացի առնչությամբ։

«Հակված եմ կարծել, որ Բայդենի հայ-ադրբեջանական նախաձեռնությունն անկեղծ բնույթ է կրում, Բայդենի վարչակազմն իսկապես կցանկանար, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեն Խաղաղության համաձայնագիր, դա այս վարչակարգի համար նոր ցանկություն չէ, ԱՄՆ Պետքարտուղարությունն աննախադեպ ջանքեր է ներդրել վերջին երկու տարվա ընթացքում։ Պարզապես այս նախաձեռնությունը համընկել է նախընտրական շրջանի հետ, հաջողության դեպքում դեմոկրատ իշխանությունը դեմ չի լինի այն օգտագործել Հարիսի օգտին»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Ինչ վերաբերում է Թրամփին, ապա, նրա կարծիքով, Թրամփի թիմի դեպքում սա պարզապես նախընտրական թեմա է, որն ընտրվելու դեպքում շարունակություն չի ունենալու, հաշվի առնելով ԱՄՆ-ի ու անձամբ Թրամփի ռեգիոնալ շահերը։

«Երբեմն նման տեքստեր, ինչպիսին Թրամփի գրառումն է, գրվում են նույնիսկ առանց թեկնածուի իմացության, այլ պարզապես նախընտրական տրամաբանության շրջանակում։ Ի վերջո, շատերն են հիշում Թրամփի նախագահության շրջանի արտաքին քաղաքականությունը և ԱՄՆ պասիվությունը Հարավային Կովկասում։ Չեմ կարծում, թե ընտրվելու դեպքում Թրամփը հանդես կգա նախաձեռնություններով, որոնց մասին հայտարարում է։ Ռեգիոնալ ազդեցություններն էականորեն աճելու են նրա ընտրվելու դեպքում, առաջանալու են ԱՄՆ-ԵՄ տարաձայնություններ, թուլանալու է արևմտյան բևեռը, թեև անձամբ Թրամփն այլ բան է խոստանում։ Պետք է ընդունել, որ Բայդենի կառավարման շրջանում արևմտյան բևեռն ամրապնդվեց, դա նպաստեց նաև ԵՄ քաղաքական ազդեցության ամրապնդմանն ու ընդլայնմանը, այդ թվում՝ Հարավային Կովկասում»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին։

Իսկ ինչ վերաբերում է Հարիսին, ապա վերլուծաբանն ասաց, որ Հարիսից սպասումները ևս զուսպ են հարավկովկասյան ուղղությամբ։

«Հարիսի թիմը կփորձի պահպանել ընդհանուր միտումը, սակայն այս դեպքում ևս փոփոխություններ լինելու են, քանի որ թիմ է փոխվելու»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս