ՍԴ որոշումը փարատեց ՀՀ կողմից տարածքային պահանջների վերաբերյալ բոլոր մտահոգությունները․Փաշինյանը՝ BRICS գագաթնաժողովին
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը ուժի մեջ մտնելուց հետո կակտիվացնի երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը. Կազանում ընթացող BRICS գագաթնաժողովի ընթացքում այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԱԺ-ն հոկտեմբերի 23-ին վավերացրել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը»։
«Երկու երկրներում նշված փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո մենք կկարողանանք ակտիվացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիմնարար սկզբունքների հիման վրա։
Կցանկանայի հատկապես ընդգծել (ի դեպ), որ այս իրավական փաստաթղթի վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը վերջնականապես փարատեց բոլոր մտահոգությունները և վերացրեց բոլոր փաստարկները՝ իբր Հայաստանի Սահմանադրության մեջ հարևան երկրների հանդեպ ենթադրյալ տարածքային պահանջների առկայության վերաբերյալ, արձանագրելով, որ նման մեկնաբանություններն անհիմն են և ոչ օրինական»,- եզրափակել է Փաշինյանը։