Ի՞նչ է առաջարկում Բայդենը Փաշինյանին և Ալիևին

Երևան-Բաքու, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացն առաջ մղելու մի քանի անհաջող փորձերից հետո ԱՄՆ-ը նոր՝ բարձրաստիճան, կոնկրետ նախաձեռնությամբ է հանդես գալիս Ջո Բայդենի անունից, որը, թերևս, կդառնա վերջինն այս վարչակազմի պաշտոնավարման ժամանակաշրջանում։

Նախօրեին Երևանում Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն ընդունեցին ԱՄՆ նախագահի հատուկ օգնական, Ազգային անվտանգության խորհրդի՝ Եվրոպայի հարցով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին: Բաքվից Հայաստան ժամանող Քարփենթերը, ինչպես Բաքվում Ալիևին, այնպես էլ Երևանում Փաշինյանին է փոխանցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակը: Բացի այդ, նրանք քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին վերաբերող հարցեր, Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրն արդեն իսկ համաձայնեցված հոդվածների հիման վրա և շարունակելու հետագա քննարկումները:

«Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի փոխվստահությանը և դրական ազդակ կհաղորդի մյուս հարցերի քննարկման ու համաձայնության հասնելու գործին: Մայքլ Քարփենթերն ընդգծել է, որ ԱՄՆ ողջունում է Հայաստանի նպատակադրումն ու քայլերը՝ ի նպաստ խաղաղության ու կայունության հաստատման, կարևորել սահմանազատման գործընթացն ու կանոնակարգի ստորագրումը, շեշտել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը՝ հետագայում ևս նպաստելու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ: Մայքլ Քարփենթերն ընդգծել է ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,-ասված էր հաղորդագրությունում։

Կարդացեք նաև

Փաշինյանին ուղղված Բայդենի նամակում ասվում է, որ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ է ձեռնարկել համարձակ նախաձեռնություններ, որոնք կօգնեն հարթել ճանապարհը դեպի խաղաղություն: «Ես ուզում եմ Ձեզ վստահեցնել, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին, որը վերջնականապես վերջ կդնի դարավոր հակամարտությանը։ Խաղաղության համաձայնագիրը, որը երաշխավորում է Հայաստանի միասնությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, ապահովություն և կայունություն կապահովի ոչ միայն հայ ժողովրդի համար: Այն կվերափոխի ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանը։

Ինչպես գիտեք, խաղաղության համաձայնագրի մնացած հոդվածների վերջնականացումը կպահանջի համառություն, հնարամտություն և փոխզիջում: Բայց հայրենասիրությունը քաղաքականությունից վեր դասելով՝ Դուք խիզախորեն և հետևողականորեն ընտրել եք խաղաղության ուղին, և ես Ձեզ քաջալերում եմ այս տարի վերջնական տեսքի բերել պայմանագիրը»,- ասված է նամակում։

Փաշինյանին ուղղված նամակում նաև ասվում է, որ Բայդենը խնդրել է Եվրոպայի գծով գլխավոր տնօրեն Մայքլ Քարփենթերին տեղեկացնել որոշ քայլերի մասին, որոնք մենք կուզենայինք ձեռնարկել և ստանալ ՀՀ-ի կարծիքն Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ:

«Ինչպես անցյալ ամիս Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հիշատակվեց, այժմ եկել է պահը վերահաստատելու հանձնառությունը ՄԱԿ կանոնադրությանը և խաղաղության հիմնարար սկզբունքներին: Ավելի պայծառ ապագան հասանելի է, և ես անհամբեր սպասում եմ Ձեզ հետ աշխատանքին՝ այն բաց չթողնելու համար»,- ասված էր նամակում։

Իլհամ Ալիևին հղած նամակում, որը ևս Բաքվին փոխանցել էր Մայքլ Քարփենթերը, Ջո Բայդենը հիշատակել էր նաև Բաքվում հաջորդ ամիս անցկացվելիք COP29 համաժողովը՝ գրելով. «Այժմ, երբ աշխարհի ուշադրությունը ուղղվում է դեպի Բաքու՝ COP29-ի կապակցությամբ, Դուք բացառիկ հնարավորություն ունեք համաշխարհային հանրության առջև ցույց տալու Ձեր հանձնառությունը խաղաղությանը: Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված հոդվածների համաձայնեցումը կպահանջի ստեղծագործական մոտեցում ու փոխզիջում բոլոր կողմերից։ Սակայն ես վստահ եմ, որ Դուք կշարունակեք քայլերն այդ ուղղությամբ, և քաջալերում եմ Ձեզ ավարտին հասցնել պայմանագիրն այս տարվա ընթացքում»։

Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինը 168.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Բայդենի վարչակազմը վճռական է տրամադրված, հաշվի առնելով հանգամանքը, որ Բայդենը նման քաղաքական իրավիճակները կարգավորելու առաջարկով հաճախ չէ նամակներով հանդես գալիս։ Ըստ նրա, Բայդենի մակարդակով նախաձեռնությունը ցույց է տալիս հարցի կարևորությունը ԱՄՆ ներկայիս իշխանության համար։

«Նախկին նախաձեռնությունները Պետքարտուղարության մակարդակով էին տեղի ունենում, պետքարտուղար Բլինքենը զանգահարում էր Փաշինյանին, Ալիևին, կազմակերպում էր հանդիպում նախարարների մակարդակով, սակայն փորձը ցույց տվեց, որ խնդիրներն այնքան խորն են, հարցի գինն այնքան բարձր է, որ պետքարտուղարի մակարդակով գործընթացին խթանելու նախաձեռնությունները որևէ օգուտ չեն տալիս։ ԱՄՆ-ում հասկացան, որ դա բավարար չէ, ուստի առաջին պլան է գալիս անձամբ ԱՄՆ նախագահը, որի դիրքերը, սակայն, ընտրություններին ընդառաջ թուլանում են։ Սա այնուամենայնիվ կարևոր նախաձեռնություն է լինելու Փաշինյանի ու Ալիևի համար հենց միայն այն պատճառով, որ կազմակերպվում է ԱՄՆ նախագահի կողմից։ Մյուս կարևոր կետն այն է, որ խոսքը պարզապես նախաձեռնության մասին չէ, այլ առաջարկի։

Առաջարկի մի մասը, կարելի է ենթադրել՝ ԱՄՆ-ը առաջարկում է ոչ թե ստորագրել այն, ինչ համաձայնեցվել է, այլ ավարտին հասցնել փաստաթղթի համաձայնեցումը, ինչը նշանակում է, որ մի քանի չհամաձայնեցված և ամենաբարդ հոդվածները պետք է համաձայնեցվեն»,- ասաց վերլուծաբանը՝ ուշադրություն հրավիրելով հանգամանքի վրա, որ ԱՄՆ-ը ավելի վաղ հորդորում էր պարզապես ստորագրել համաձայնագիրը, իսկ ներկայումս առաջարկվում է մինչև տարեվերջ համաձայնեցնել և ստորագրել։

Խրամչիխինի կարծիքով, ամենայն հավանականությամբ առաջարկվում է մի այնպիսի մոդել, որն ընդունելի կլինի Ադրբեջանի համար, քանի որ Ադրբեջանն է պահանջում համաձայնեցնել բոլոր հարցերը։ «Բացի այդ, կարծում եմ, սա արվում է ԲՐԻԿՍ-ից առաջ, որպեսզի կողմերը, եթե նույնիսկ նախաձեռնության դեպքում, օրինակ, ընդունեն ՌԴ նախագահի առաջարկը և հանդիպեն քննարկելու համաձայնագրի ստորագրման հարցը, այնուամենայնիվ իմանան, որ կա նման ամերիկյան առաջարկ։

Վերլուծաբանի խոսքով, ԱՄՆ-ը նման նախաձեռնությամբ է հանդես գալիս, որպեսզի Բայդենի պաշտոնավարման ավարտին արտաքին քաղաքական հաջողություն արձանագրվի։

«Կարծում եմ՝ նպատակները մի քանիսն են, այդ թվում՝ այս գործընթացում ՌԴ-ի ազդեցությանը խոչընդոտելը»,- հավելեց նա։

Իր հերթին՝ եվրոպացի վերլուծաբան Սյուզան Ստյուարտը նշեց, որ Բայդենի վարչակազմը Հարավաին Կովկասում էական աշխատանք է կատարել մի քանի ուղղությամբ։ Ըստ նրա, փոխվել են հայ-ամերիկյան հարաբերությունները, ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, փորձել նպաստել հայ-ադրբեջանական բանակցություններին՝ հանդիպումներ կազմակերպելով։

«Այս վարչակարգի օրոք եղան հաճախակի զանգեր տարածաշրջան, բարձրաստիճան մի շարք նախաձեռնություններ, բազմաթիվ բարձրաստիճան այցեր, որոնց նպատակը Երևան-Բաքու խաղաղության կնքումն էր՝ ի թիվս այլ հարցերի։ Այդ ամենը նպաստեց նաև ԵՄ ամրապնդմանը ռեգիոնում։ Ավարտելով պաշտոնավարումը՝ տրամաբանական է, որ Բայդենը կցանկանար ավարտին հասցնել նաև իր վարչակազմի վերջին տարիների առաքելությունը։ Կհաջողվի՞ արդյոք, թե՞ ոչ, բարդ է ասել, քանի որ ռեգիոնը բարդ աշխարհաքաղաքական վերափոխումների փուլում է գտնվում։ Բացի դա, կան հակամարտության խնդիրները, որոնք յուրաքանչյուր կողմ իր օգտին է փորձում լուծել՝ գործի դնելով դիվանագիտական տարատեսակ հնարքներ, որոնք էլ ձգձգում են գործընթացը, հնարավորություն տալով նաև արտաքին դերակատարներին նախաձեռնությունը միմյանց «ձեռքից» վերցնել, փորձելով հաստատել սեփական ազդեցությունը»,- նշեց վերլուծաբանը։

Նրա կարծիքով, Բայդենի անունից առաջարկն ամենայն հավանականությամբ լավ մշակված է, հաշվի առնելով ռեգիոնալ բոլոր նրբությունները ու կողմերի «կարմիր գծերը»։

«Սակայն ամեն բան միանշանակ չէ։ Երևանն ամենայն հավանականությամբ հակված կլինի ընդունել ԱՄՆ առաջարկը, հաշվի առնելով վերջին շրջանում սերտ համագործակցությունն Արևմուտքի հետ։ Ադրբեջանի դեպքում հարցը բարդ է, Ադրբեջանի դիրքորոշումները կարծր են, ուստի, դա հասկանալով, ԱՄՆ-ը պետք է անի առաջարկ, որն ընդունելի է Ադրբեջանի համար, իսկ արդյո՞ք այդ առաջարկն ընդունելի կլինի Երևանի համար։ Սա հարց է»,- նկատեց նա։

Տեսանյութեր

Լրահոս