Վավե(ու)րացում 

Երեկ Ազգային ժողովի ՔՊ-ական մեծամասնությունը 67 կողմ ձայնով հաստատեց «Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Տևական ժամանակ իշխանությունն այդ կանոնակարգը ներկայացնում էր և է՝ որպես ՀՀ անվտանգության ապահովման, Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական էսկալացիան կանխելու թիվ մեկ երաշխիք։ Զուգահեռաբար, սակայն, Ադրբեջանի կողմից նոր պահանջներ են ներկայացվում՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունից՝ մինչև Արցախյան պատերազմների մասնակիցների դատապարտում։

Այսինքն՝ մինչ Հայաստանի իշխանությունը հորթային հրճվանքով ցնծում է իրականում իրենից ոչինչ չներկայացնող այդ կանոնակարգի հաստատման կապակցությամբ, Ադրբեջանն ամենաուղիղ կերպով հասկացնում է, որ այդ փաստաթուղթը որևէ կերպ իրեն հետ չի պահելու հարմար պահի պատերազմ սանձազերծելու քայլից։

ԱԺ-ում վավերացված կանոնակարգն իրականում ոչ թե հայ-ադրբեջանական սահմանի, այլ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ևս մեկ դրսևորմամբ ճանաչելու մասին է։ Ընդ որում, այդ կանոնակարգը որևէ կերպ չի երաշխավորում, որ Ադրբեջանն իր զորքերը դուրս է բերելու շուրջ 200 քկմ ՀՀ ինքնիշխան տարածքներից, որոնք բռնազավթել է արդեն մի քանի տարի։ Բայց ավելի մեծ խայտառակությունն այն է, որ դա իրականում չի մտահոգում նաև Հայաստանի իշխանությանը։

Կարդացեք նաև

Նախօրեին՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հայ-ադրբեջանական բանակցություններում  հավաստիացումներ եղե՞լ են, որ ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈւ-երը դուրս են գալու, Ալեն Սիմոնյանն  ասել է. «Մենք չենք քննարկել այդ մանրուքը, մենք քննարկել ենք, որ սկզբունքներ ենք սահմանում, որի հետևանքով իրենք էլ պետք է դուրս գան, մենք էլ պետք է դուրս գանք այն վայրերից, որտեղ մենք ենք առաջ»:

Խորհրդարանի ղեկավարի կողմից «մանրուք» որակվող ՀՀ ինքնիշխան տարածքների վերադարձը չի մտահոգում նաև նրա ղեկավարին՝ Նիկոլ Փաշինյանին, որն օրեր առաջ ասել է․ «Հայաստանն արձանագրել է, որ իր իսկ սեփական օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացում Ադրբեջանի հետ մեր ստորագրած փաստաթուղթը տալիս է բոլոր հնարավորությունները, որ սահմանազատման գործընթացը տեղի ունենա իրավական և օրինական հենքերի վրա»։

Փաշինյանի այս հայտարարությունն իրականում ՀՀ սահմանադրական կարգը ոտնահարելու անհաշվելի ապացույցներից մեկն է։ ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությունը կամայական ցանկություն չէ, որ որևէ մեկը դրան վերաբերվի՝ ըստ քաղաքական նպատակահարմարության։ Դա Սահմանադրության պահանջ է, որը ներկայացված է Սահմանադրության առաջին գլխում՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» բաժնում։ Դրա Հոդված 8.2-ը սահմանում է․ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը»։

Ուշադրություն՝ այստեղ տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովման պարտավորությունը վերաբերում է զինված ուժերին, և որևէ բառ չկա այն մասին, որ դա կարող է իրականացվել որևէ «կանոնակարգով», որը ՀՀ Սահմանադրական դատարանը համապատասխանող է ճանաչել ՀՀ իշխանությունների կողմից կոպտագույն կերպով ոտնահարվող ՀՀ Սահմանադրությանը։ Բայց սրանք ևս «մանրուքներ» են, որոնց հեղինակների համար մանրուք է նաև այն, որ այս կանոնակարգը Հայաստանի ԱԺ-ում ցնծությամբ վավերացնելու նախորդ օրն Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվեց «Արևմտյան Ադրբեջան վերադառնալու» նախաձեռնող խումբ։ Հաշվի առնելով ՀՀ իշխանությունների «խաղաղասիրությունը», հեռու չէ ժամանակը, երբ համանման խումբ էլ կստեղծվի ՀՀ Ազգային ժողովում՝ ադրբեջանցիների «վերադարձը» բարձր մակարդակով ապահովելու համար։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս