
Կոլումբիայում ձերբակալել են իտալական մաֆիայի պարագլուխներից մեկին

Կոլումբիայի ոստիկանությունը ձերբակալել է իտալական մաֆիայի պարագլուխներից մեկին՝ Գուստավո Նոչելային, որը համարվում է աշխարհում ամենափնտրվող թմրավաճառներից մեկը։ Այդ մասին X-ի իր էջում գրել է Կոլումբիայի ոստիկանության ղեկավար Ուիլյամ Ռենե Սալամանկան։
Նրա խոսքով՝ Կոլումբիայի ոստիկանությունը իտալացի գործընկերների, ԵՄ ոստիկանական ծառայության և Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ համագործակցությամբ պարզել է, որ Նոչելան գտնվում է Կոլումբիայում։
Ըստ Semana հանդեսի տվյալների՝ Նոչելան երեք ամիսը մեկ փոխել է բնակարանները, բայց յուրաքանչյուր բնակարան տեղափոխվելիս՝ հետը բիլիարդի սեղան է տարել, ինչի շնորհիվ էլ հնարավոր է եղել պարզել նրա գտնվելու ստույգ վայրը։
«Բիլիարդի սեղանը մատնեց իտալական մաֆիայի նոր «կնքահորը»: Մենք Մեդելինում բռնեցինք աշխարհում ամենափնտրվող թմրավաճառներից մեկին՝ իտալացի Գուստավո Նոչելային՝ Էրմես մականունով», – գրել է Սալամանկան: