Արարատ Միրզոյանը չէր կարող չգնալ Ստամբուլ. գնաց, Հայաստանն ունեցավ զրոյական օգուտ. Ռուբեն Մելքոնյան
Հայաստանի այս իշխանությունը վաղուց զրկված է Հայաստանի վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունից այն հարթակներում, որոնցում ներգրավված են Թուրքիան և Ադրբեջանը, հետևապես՝ որևէ ակնկալիք՝ հօգուտ հայկական շահի, օրեր առաջ ավարտված 3+3 ձևաչափով հարթակի հերթական հանդիպումից ես չունեմ։
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Ստամբուլում կայացած 3+3 ձևաչափով հանդիպման ու դրա արդյունքների մասին, նման տեսակետ հայտնեց պատմական գիտությունների դոկտոր, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ ընդգծելով՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ այս հարթակը մշտական դարձնելու մասին առաջարկը փաստում է հետևյալը՝ ուզում են բանակցեն Թուրքիայում կամ Մոզամբիկում, միևնույն է՝ Հայաստանն ադրբեջանական պարտադրանքները լսողի դերում է՝ առանց հակադարձման հնարավորության։
«Անկախ տեղից, միևնույն է՝ թուրք-ադրբեջանական օրակարգը շեղումներ չունի՝ նրանք շարունակում են պահանջել Սյունիքով միջանցք, Հայաստանում սիմվոլների փոփոխություն, Հայաստանի կողմից միակողմանի և այլ բազմաթիվ զիջումներ, հետևաբար՝ Արարատ Միրզոյանը չէր կարող չգնալ Ստամբուլ, իսկ գնալուց էլ Հայաստանն ունեցավ զրոյական օգուտ։ Հայաստանը շարունակում է մնալ զիջողի և ոչինչ չստացողի դերում»,- ասաց Մելքոնյանը։
Ստամբուլում կայացած այս հանդիպումը հայ-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ համարողներին Ռուբեն Մելքոնյանը կոչ արեց ցույց տալ ոչ միայն այս, այլ նաև նախորդիվ կայացած հանդիպումներից գեթ մեկ դրական արդյունք և թուրքական կողմից արված մեկ դրական քայլ։
«Հայտարարությունն էլ ընդունվեց այս անգամ, որն ուղղակի ոչինչ է, ոչինչ են նաև նախորդիվ ձեռքբերված պայմանավորվածությունները Հայաստանի համար։ Թուրքիան շարունակում է պնդել, որ հայ-թուրքական հարաբերություններում քայլ կարձանագրվի, եթե կնքվի «Խաղաղության պայմանագիր» Ադրբեջանի հետ, իսկ այդ պայմանագիրը չի ստորագրվում, քանի դեռ Ադրբեջանի պահանջով Հայաստանում հանրաքվե չի եղել։ Հետևաբար՝ նմանատիպ հանդիպումները կարող են լինել անգամ շատ ինտենսիվ, միևնույն է՝ խնդրի էությունը դրանք չեն փոխում»,- ասաց Մելքոնյանը՝միևնույն ժամանակ շեշտելով՝ թուրքական կողմի հետ բանակցությունները, այո՛, կարևոր են, բայց դա չի կարող անել պարտված ղեկավարը պարտության բարդույթներով։
«Կամ, լավ, մենք անոմալիա ենք, որ մեզ աշխարհին ներկայացնում է պարտված ուժը, բայց մյուս կողմից՝ արդյո՞ք դա պարտադրում է հատել Հայաստանի կարմիր գծերն ու կոտրել բոլոր տաբուները՝ ազգային արժանապատվության վերաբերյալ։ Իհա՛րկե ոչ»,- ասաց թուրքագետը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։