Սահմանազատման ու սահմանագծման գործընթացում ամենաբարդը Գորիս-Կապան ճանապարհի հարցն է լինելու. Ռուբեն Գալիչյան

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում քննարկվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը։ Կանոնակարգը ներկայացրեց և հարցերի պատասխանեց սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Քննարկումից հետո կանոնակարգը հանձնաժողովի կողմից ստացավ դրական եզրակացություն։

Խոսելով սահմանազատման ու սահմանագծման հիմքում դրված քարտեզների մասին, Մհեր Գրիգորյանը պատգամավորներին ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում միայն մեկ քարտեզին հղում տալը ռիսկային կլինի:

«ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզների կազմման գործընթացը տևել է 1974-1978թթ., որը բաղկացած է մոտ 20 կտորից: Այդ բոլոր քարտեզներն անցել են հերթապահություն 1979 թվականին: Բայց նույնիսկ միայն Գլխավոր շտաբի քարտեզի վրա հղում տալը՝ կախված տեղանքից, մասշտաբից և բաց տեղերից, ռիսկային է: Այո, ես կարծում եմ, որ մեկ քարտեզի վրա հղում տալը շատ ռիսկային կլինի թե՛ այս փուլում, թե՛ որևէ այլ փուլում»,- ասաց Գրիգորյանը՝ հավելելով, որ սա է պատճառը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի մեջ որևէ քարտեզի հղում չեն տվել:

Կարդացեք նաև

«1976 թվականի քարտեզը վերաբերելի է միայն Տավուշի հատվածին: Սյունիքինը 78 թվականինն է»,- ասաց փոխվարչապետը՝ չներկայացնելով այլ մանրամասներ։

ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը մանրամասնելով Մհեր Գրիգորյանի մատնանշած քարտեզները, ասաց՝ այդ երկու քարտեզների միջև տարբերություն չկա, նույն սերիայի քարտեզներն են։

«Ամբողջ սահմանի քարտեզները հարյուրավոր քարտեզներ են, դրանք հերթականությամբ պետք է տպագրվեն, սկսած 1976-1984 թվականներից։ Այսինքն՝ այս ամբողջ քարտեզները մեկ օրում կամ մեկ տարում չեն տպագրվել։ Այնպես որ, որևէ տարբերություն չկա, քարտեզների նույն խումբն են ներկայացնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Գալիչյանը։

Ըստ մասնագետի, օրինակ, Վայոց ձորում կամ Գեղարքունիքում սահմանազատում ու սահմանագծում անելիս, պետք է նայեն այդ շարքի քարտեզները և տեսնեն՝ որ թվականին են վերագրվում, 1976 թվականի՞ն, թե՞ դրանից հետո։ Պաշտպանության նախարարությունն այդ բոլոր քարտեզներն ունի, պետք է ուսումնասիրի։

«Եթե Սյունիքում իսկապես 1987 թվականի քարտեզներով գնան սահմանագծման, ապա հայկական կողմը որևէ բան չի տալու Ադրբեջանին, հակառակը՝ Ադրբեջանը պետք է այդ տարածքներում ազատի հայկական տարածքները։ Հայկական կողմը միայն Տավուշում ուներ շատ փոքր ադրբեջանական հատված իր վերահսկողության տակ, այլ տարածքներում չունի, Ադրբեջանը պետք է ազատի մեր տարածքները։ Եթե հայկական կողմը կարողանա առաջ տանել այս գործընթացը, ապա մենք միայն շահող դուրս կգանք։ Ադրբեջանը Հայաստանից զավթել է 230-240 քկմ, պետք է վերադարձնի»,- շեշտեց Ռուբեն Գալիչյանը։

Նրա խոսքով՝ այս գործընթացում ամենաբարդը լինելու է Գորիս-Կապան ճանապարհի հարցը, քանի որ այդ թվականների քարտեզներով այդ ճանապարհի մի հատվածը մտնում է ադրբեջանական տարածք ու դուրս գալիս հայկական տարածք։

«Չեմ կարող ասել, թե այս հարցն ինչպես կկարգավորեն, քանի որ չի կարող հայկական մեքենայի մի անիվն այդ ճանապարհին մտնի Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածք, մի անիվը մնա հայկականում։ Գուցե տարածքներ փոխանակեն, որպեսզի այդ ճանապարհի հարցն էլ լուծվի։ Հանձնախումբը պետք է աշխատի, բանակցի, առաջարկներ ներկայացնի, բայց սա շատ բարդ խնդիր է լինելու։ Կարծում եմ՝ այս գործընթացում ամենաբարդն այս ճանապարհի հարցն է լինելու»,- եզրափակեց Ռուբեն Գալիչյանը։

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերից Գորիս-Կապան ճանապարհը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Տեսանյութեր

Լրահոս