Որդեկորույս ծնողների չհասկացվող դասը

«Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ռադիկ Հովակիմյանի եղբայրը», «Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Հարութ Հովհաննիսյանի քույր Նարեն», «Ծնվել է 44-օրյա պատերազմի նահատակ-հերոս Գաբրիել Ավետիսյանի քույրը», «Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Նարեկ Ասատուրյանի եղբայրը՝ Լեոն», «Ծնվել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Արշամ Մանուկյանի քույրը», «Ծնվել են 44-օրյա պատերազմի հերոս Լևոն Մարտիրոսյանի զույգ քույրերը»․․․

 Հատկապես վերջին մեկ-երկու տարիներին նման վերնագրերով հանդիպող լուրերը խտացված կերպով արտահայտում են հայկական իրականության ցավի, տառապանքի ու ուրախության հակասական համադրությունը։ Նշված և էլի բազմաթիվ նահատակների ծնողները երեխա լույս աշխարհ բերելու միջոցով փորձել են հաղթահարել ողբերգությունը, որի ողջ խորությունը կարող է հայտնի լինել միայն իրենց և որիշ ոչ մեկին։ Եվ ուրիշ ոչ մեկը չի կարող անգամ ենթադրել՝ հնարավո՞ր է արդյոք այդ միջոցով սփոփել երեխայի կորուստը, որի անձնականությունը մեղմվել է լավագույն դեպքում սգո արարողակարգի մի քանի օրերին։

Պետք է խոստովանել՝ 44-օրյա պատերազմի 5000-ից ավելի զոհերը, նրանց կորուստի ցավը այդպես էլ մնաց այդ ընտանիքներում, գուցե նրանց հարազատների շրջանակում։ Ցավոք, մեծ հաշվով, այդ զոհերը չդարձան հանրության զոհերը, հայ ժողովրդի զոհերը։ Հանուն պետության նահատակված այդ տղաները չդարձան պետության զոհերը, պետության կորուստը՝ երևույթի հավաքական իմաստով։ Եվ խնդիրը միայն ապրումակցման ու ցավը կիսելու պարտավորության բացակայությունը չէ, որն անհրաժեշտ էր ու է՛ որդիներ կորցրած ընտանիքներին։

Պատերազմի զոհերի՝ որպես  հավաքական, համազգային կորստի ընկալումն առաջին հերթին ու առավելապես պետք էր ու պետք է ոչ այնքան՝ նրանց ծնողներին, որքան՝ հենց հասարակությանն ու պետությանը։ Որովհետև առանց այդ ընկալման ու դրանից բխող ցավի զգացումի հասարակությունն այդպես էլ չի գիտակցելու 44-օրյա պատերազմի, դրան հաջորդած աղետների ողջ խորությունը։ Չի գիտակցելու այնպես, ինչպես գիտակցել ու զգացել են որդիներ կորցրած ծնողներն ու ընտանիքները։ Բայց այդ գիտակցումը կենսականորեն կարևոր է, ինչի վկայությունն են հենց զավակներ ունեցող որդեկորույս ծնողները։

Կարդացեք նաև

Առանց ցավի, իսկ հանրային, համազգային առումով՝ ճգնաժամի գիտակցման, հնարավոր չէ անգամ մտածել այն հաղթահարելու ուղիների շուրջ, ինչպես հիվանդությունից անտեղյակ հիվանդը չի մտածում բուժման մասին։

44-օրյա պատերազմը՝ դրա նախընթաց ու հետընթաց ժամանակաշրջանները, ստեղծել են Հայաստանի, ավելի լայն առումով՝ հայկականության ամենախորը ճգնաժամը, որը, սակայն, հանրայնորեն ու պետականորեն գիտակցված չէ, որովհետև գիտակցումի համար անհրաժեշտ կորստի զգացումը մնացել է օջախներում ու չի հանրայնացվել։ Պատճառներն անսահմանորեն շատ են՝ սկսած «կյանքը շարունակվում է» խորագրով իշխանությունների հետևողական քարոզչությունից՝ մինչև կյանքի շարունակության օբյեկտիվ, անխուսափելի իրողություն և նեգատիվից դուրս ապրելու մարդկային ցանկություն։

Մյուս կողմից՝ հենց նույն կյանքի իրական, ոչ թե թվացյալ շարունակության համար այդ ցավի ընդհանրացումն ու համազգայնացումն անխուսափելիորեն անհրաժեշտ է։ Պատերազմի հարուցած ճգնաժամն ավելի շատ մոռացվել կամ անտեսվել է, բայց այն չի ավարտվել, որովհետև ավարտվելու համար պետք է գիտակցել, ցավ ապրել և գտնել հաղթահարման ճանապարհները։ Այնպես, ինչպես գտել են որդեկորույս ծնողները։

Հայաստանում առկա բարոյահոգեբանական, սոցիալական, քաղաքական և մյուս բոլոր ճգնաժամերի հաղթահարման համար երկրին ու հասարակությանը փոխաբերական իմաստով պետք է որդեծնություն։ Բայց դրանից առաջ անհրաժեշտ է գիտակցում, որ 4 տարի առաջ զոհվել են ոչ թե առանձին ծնողների, այլ հասարակության, պետության որդիները։

Հարություն Ավետիսյան

Լուսանկարում՝ հանճարեղ քանդակագործ Արա Սարգսյանի ստեղծագործությունն է՝ նվիրված 1941-45 թվականների Հայրենական Մեծ պատերազմի նահատակներին

 

Տեսանյութեր

Լրահոս