«Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Ռադիկ Հովակիմյանի եղբայրը», «Ծնվել է 44-օրյա պատերազմի հերոս Հարութ Հովհաննիսյանի քույր Նարեն», «Ծնվել է 44-օրյա պատերազմի նահատակ-հերոս Գաբրիել Ավետիսյանի քույրը», «Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Նարեկ Ասատուրյանի եղբայրը՝ Լեոն», «Ծնվել է 44-օրյա պատերազմի անմահ հերոս Արշամ Մանուկյանի քույրը», «Ծնվել են 44-օրյա պատերազմի հերոս Լևոն Մարտիրոսյանի զույգ քույրերը»․․․
Հայրենասիրության հակառակը անհայրենիքությունը չէ, ինչպես ներկայացվում է սովորաբար։ Հայրենասիրությունը՝ երևույթի ոչ թե պաթոսիկ ու կենացային, այլ բովանդակային իմաստով, ենթադրում է գործողություն, նվիրում, ջանք, ներդրում, անհրաժեշտության դեպքում՝ զոհողություն։ Այսինքն՝ հայրենասիրությունը անհատի կամ անհատների խմբի/խմբերի կողմից պարտադիր ակտիվություն ենթադրող ապրում է, եթե խոսքը, կրկին, իրական և ոչ թե՝ ցուցադրական հայրենասիրության մասին է։ Մինչդեռ անհայրենիքությունը, որն ընդհանուր առմամբ ոչ այնքան դրական հատկանիշ է, այնուամենայնիվ, ավելի շատ պասիվ, ապատիկ հոգեվիճակ է, որևէ տարածության ու հանրույթի հետ չնույնականացվելու զգացում կամ հրաժարում սեփական պատկանելությունից։