ԱՄՆ Պետքարտուղարությունն ընդունե՞ց տապալումը․ կվերացնի՞ արդյոք Մոսկվան բանակցային փակուղին

Երևան-Բաքու խորացող տարաձայնությունների ու ռեգիոնալ լարվածության ֆոնին Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը կարճ, սակայն բովանդակային անդրադարձ է կատարել Երևան-Բաքու գործընթացին՝ ըստ էության ընդունելով ԱՄՆ «անկարողությունը», որպես միջնորդ, բանակցային գործընթացում։

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն իր վերջին ճեպազրույցում հայտարարել է, որ Վաշինգտոնը խաղաղության համաձայնագիրը երբեք չի կապել Բաքվում կայանալիք COP29-ի հետ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ամիսներ առաջ էր դեռ ցանկանում տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը և կողմերին մղում էր այդ համաձայնագրի ստորագրմանը։

«168 Ժամ»-ը դեռևս ամիսներ առաջ էր գրել, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ ստորագրել Երևան-Բաքու խաղաղության պայմանագրի նախագծի արդեն իսկ համաձայնեցված կետերը, համաձայնեցված էր ԱՄՆ-ի հետ։ Այդ նպատակով ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը վերջին ամիսներին նախարարների մակարդակով երկու հանդիպում կազմակերպեց, որոնք երկուսն էլ տապալվեցին Ադրբեջանի կոշտ դիրքորոշումների պատճառով։

Սրան հաջորդեց արդեն բանակցային փակուղին, որը ձևավորվեց վերջին ամիսների զարգացումներից հետո։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը տեղեկացրել է, որ օգոստոսի վերջին հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել նախագծի 10-րդ խմբագրությունը, իսկ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ պատասխան առաջարկ դեռ չի ներկայացրել։ Օգոստոսի 31-ին կայացած ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Ադրբեջանին առաջարկվել է ստորագրել խաղաղության պայմանագրի համաձայնեցված կետերը և հետագայում աշխատել մնացածի վրա: Նա նշել էր, որ համաձայնեցվել է 16 հոդվածից 13-ը։

Կարդացեք նաև

Իլհամ Ալիևը սեպտեմբերի 23-ին հայտարարեց, որ հայկական կողմը, ուղարկելով Բաքվի վերջին առաջարկների պատասխանը, բոլոր չհամաձայնեցված դրույթները հանել է խաղաղության պայմանագրի նախագծից: «Մինչև օրս Ադրբեջանն ու Հայաստանը 10 անգամ փոխանակվել են խաղաղության պայմանագրի նախագծի մեկնաբանություններով: Երբ մի քանի ամիս անցավ, մենք, բնականաբար, սպասում էինք, որ Հայաստանն ավելի արագ և օպերատիվ կներկայացնի մեզ իր մեկնաբանությունները։ Բայց տեսնում ենք, որ տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Մենք ստիպված էինք սպասել 70 օր, մինչև նրանցից ստացանք վերջին տարբերակը։ Բոլոր չհամաձայնեցված դրույթները հանվել էին պայմանագրի իրենց տարբերակից։ Այսինքն, նման պարզունակ ու ոչ ադեկվատ քայլը, անկեղծ ասած, անսպասելի էր»,- հայտարարել էր նա։
Չնայած Ադրբեջանից ամեն օր լսվող սպառնալիքներին, պնդումներին, որ չեն ստորագրելու պայմանագիրը, քանի դեռ բոլոր հարցերը համաձայնեցված չեն, հայկական կողմը շարունակում է կրկնել առաջարկը, հայտարարել, որ պատրաստ է ապաշրջափակման գործընթացին «Խաղաղության խաչմերուկ» փաշինյանական պրոյեկտի շրջանակում։

Այս ամենի, մասնավորապես, ամերիկյան ջանքերի տապալման ֆոնին ՌԴ-ն է հիշեցնում իր մասին՝ որպես միջնորդ։ Օգոստոսի 18-19-ը կայացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան, որի ընթացքում, ի թիվս այլ խնդիրների, ՌԴ-ն բարձրացրեց նաև Երևան-Բաքու գործընթացում իր միջնորդությունը վերականգնելու հարցը։ Այցից հետո այս մասին Պուտինը հեռախոսազրույց ունեցավ նաև Փաշինյանի հետ։ Ըստ որոշ տեղեկությունների, այդ հեռախոսազրույցում չէր հաջողվել որևէ համաձայնության հանգել, ավելին՝ օգոստոսի 31-ի իր ասուլիսում Փաշինյանն ըստ էության անհնարին համարեց ռուսական միջնորդությունը։ Օգոստոսին հայտարարելով ռուսական միջնորդության անհնարինության մասին՝ Փաշինյանը սեպտեմբերին ՄԱԿ ԳԱ նստաշրջանի շրջանակում հանդիպման ժամանակ, ըստ թուրքական կողմի՝ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիբ Էրդողանին խնդրել էր միջնորդել Ադրբեջանի հետ իբրև թե խաղաղություն հաստատելու հարցում։

Հոկտեմբերի 7-8-ը Մոսկվայում ԱՊՀ ղեկավարների մակարդակով նիստին, ըստ ռուսական կողմի, կողմերից մեկի ցանկության բացակայության պատճառով Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում չկայացավ։ Չնայած ՀՀ իշխանությունները չեն ցանկանում հանդիպել Ադրբեջանի իշխանությունների հետ Մոսկվայում, չի բացառվում, որ առաջիկա հանդիպումը կայանա հենց ՌԴ միջնորդությամբ։ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ մեկնաբանելով Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, ասել էր, թե ԱՄՆ-ը և մի շարք արևմտյան երկրներ փորձում են ներքաշվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վրա աշխատանքի գործընթացին։ «Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը և մի շարք այլ արևմտյան երկրներ փորձում են ներթափանցել խաղաղության պայմանագրի վրա տարվող գործընթացի մեջ։ Մենք համարում ենք, որ ամբողջ սևագիր աշխատանքը կատարվել է Մոսկվայում»,- ասել էր նա։
ՌԴ նախագահի օգնականը նշել էր, որ այդ գործողություններով Արևմուտքը ցանկանում է մտնել բանակցությունների գործընթացի, ապա նաև՝ տարածաշրջանային գործերի մեջ:

Ուշագրավը, սակայն, այն է, որ Իլհամ Ալիևն ամեն օր քննադատում է ՀՀ իշխանություններին, սպառնում՝ ինչպես Երևանին, այնպես էլ՝ Արևմուտքին, նշում, որ համաձայնագիրը չի կարող ստորագրվել ներկայիս տեսքով, ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության հաստատման հարցով համաձայնության հասնելու շեմին են։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի ընդհանուր քննարկումների ժամանակ իր ելույթում հայտարարել է, թե եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը. խաղաղության ժամանակը հիմա է: «Մենք հրավիրում ենք Ադրբեջանին դրսևորել քաղաքական կամք, օգտվել պահից և միանալ մեզ՝ հնարավորն իրականություն դարձնելու համար: ՀՀ-ն պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել թեկուզ այսօր»,- հայտարարել է նա։

«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Անդրեյ Արեշևն ասաց, որ ԱՄՆ Պետքարտուղարությունն իր վերջին հայտարարությամբ կարծես ամփոփում է իր ջանքերի այս փուլը՝ ընդունելով, որ չի հաջողվել հասնել համաձայնության։

Ըստ նրա, որոշակի փուլում լինելով հիմնական միջնորդ, հայկական կողմի հետ համաձայնեցնելով որոշ հարցեր, ԱՄՆ-ը չի կարողացել կամ չի ցանկացել որևէ հարց համաձայնեցնել ադրբեջանական կողմի հետ, քանի որ ռեգիոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի դիրքավորումը ենթադրում է որոշակի ճնշումներ, որն ԱՄՆ-ը չի ցանկանում անել։

Վերլուծաբանի կարծիքով, ԱՄՆ-ը երբեք էլ չի ցանկացել լինել ակտիվ միջնորդ, որպեսզի կայացված որոշումների ողջ պատասխանատվությունը չընկնի ԱՄՆ-ի վրա, քանի որ հակամարտությունը բարդ է, կայացվող որոշումները ևս այդպիսին են։

«Ուստի ԱՄՆ-ը ներկայումս պատասխանատվությունը դնում է կողմերի վրա այն դեպքում, երբ Արևմուտքն ամեն բան արեց, որպեսզի միջնորդությամբ չզբաղվի Ռուսաստանը։ Ներկայումս էլ վստահաբար Երևանին հորդորում են Մոսկվայի հովանու ներքո չմասնակցել բանակցությունների։ Գուցե դա ուղիղ չի արվում, բայց գործընթացը հասկանալի է բոլորիս համար։ Եվ այստեղ հենց ՀՀ-ն է հայտնվել բարդ իրադրության մեջ, քանի որ Արևմուտքում բանակցությունները հաջողելու համար ՀՀ-ն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղը։ Վստահաբար դա արվեց այդ հարթակում, որպեսզի հետագայում հենց այդ հարթակում էլ Ադրբեջանը համաձայնի ստորագրել համաձայնագիրը։

Սակայն, ինչպես ներկայումս ենք տեսնում, գործընթացն այլ ուղով է ընթանում՝ ԱՄՆ դիրքերը գնալով թուլանում են, ԱՄՆ-Ադրբեջան լարված հռետորաբանություն է նկատվում, Ադրբեջանից քննադատություններ կան՝ ուղղված ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ԱՄՆ դիրքերի և ակտիվության նվազմանը նպաստում են նաև ընտրությունները, տապալված փորձը բանակցություններում, վրացական ընտրությունների սպասումը։ Ըստ իս, որոշակի ժամանակ է անհրաժեշտ լինելու, որպեսզի ԱՄՆ-ը կարողանա կրկին ներքաշվել գործընթաց, եթե այլ ֆորսմաժորային փոփոխություններ չլինեն, որոնք շատ հավանական են»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։ Արեշևի կարծիքով, ստեղծված իրավիճակում ՀՀ-ն չի կարողանալու երկար մերժել ՌԴ առաջարկը, քանի որ դա կարող է իր հետ բերել իրավիճակի է՛լ ավելի սրում։

Իր հերթին՝ վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին գտնում է, որ ԱՄՆ-ը պարզապես արձանագրում է այն, ինչ տեղի է ունեցել։ Նա հակված չէ կարծել, որ տևական ջանքերից հետո ԱՄՆ-ը հեռանալու է գործընթացից։

«Պետդեպարտամենտը պարզապես հայտարարում է այն, թե ինչ է տեղի ունեցել։ Ակնհայտ է, որ հարկավոր են ավելի լուրջ ջանքեր Արևմուտքի կողմից։ Այստեղ է, որ որևէ միջնորդ չի կարող ստիպել հակամարտող կողմերին ընդառաջ գնալ, զիջում անել, եթե չկա դրա քաղաքական կամքը, ցանկությունը։ Ճնշումներից բոլորն են խուսափում, հատկապես ԱՄՆ-ն, որը հայտարարում է Հայաստանին աջակցելու մասին, սակայն Ադրբեջանին ևս կարևորում է՝ որպես գործընկեր Հարավային Կովկասում։ Գտնում եմ, որ ստեղծված իրավիճակում ոչ պակաս կարևոր դերակատարություն է ունեցել նաև Մոսկվան, որը ցանկանում է բանակցությունները Վաշինգտոնից տեղափոխել Մոսկվա։ Այս հարցում էական էր Պուտինի այցը Բաքու, բնականաբար, Մոսկվան փորձել է համոզել Ադրբեջանին։ Դա փորձում է անել նաև Երևանի դեպքում։ Այստեղ, իհարկե, Երևանին Արևմուտքից է՛լ ավելի մեծ աջակցություն է հարկավոր»,- ասաց վրացի քաղաքագետը։

Նրա կարծիքով, պետք էր կանխատեսել, որ նման հակամարտության կարգավորմանը հնարավոր չէ աջակցել փուլային միջամտություններով։ «Միջնորդությունը պետք է լինի անընդհատ, կայուն և բարձր մակարդակով։ Եթե Արևմուտքը կրճատի ակտիվությունը, բնականաբար, Երևանին այլ ելք չի մնա, քան պայմանավորվել մեկ այլ մայրաքաղաքում»,-նկատեց Գոգոլաշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս