Անկարան ցանկանում է «անհանգստություն պատճառել» Թեհրանին․ Ինչի՞ մասին է TRT-ի ղեկավարի հայտարարությունը

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության ընկերության (TRT) գլխավոր տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Զահիդ Սոբաջըն Բուրսայի Ուլուդաղի համալսարանի 2024-2025 ուսումնական տարվա մեկնարկի արարողությանն օրերս ունեցած ելույթում ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ թիրախավորելով Իրանին։

Թուրքական պետական մեդիահոլդինգի տնօրենը, հայտարարելով, որ մինչև տարեվերջ նախատեսում են բացել TRT-ի պարսկերեն ալիքը, մասնավորապես ասել է․ «Մինչև այս տարվա վերջ TRT Farsça-ն (TRT պարսկերեն) է գալու, պետք է անհանգստացնենք Իրանին, ստիպված ենք անհանգստացնել Իրանին»։

Թուրքիայի պետական մարմնի ներկայացուցչի նման հռետորաբանությունը խնդրահարույց է որակվել սոցցանցերի թուրքական տիրույթում՝ ընդդիմադիրների շրջանում, մի շարք տարբեր ԶԼՄ-ներում, վերլուծական-փորձագիտական շրջանակներում։ Օգտատերերի գրառումներում, ինչպես նաև վերլուծաբանների հոդածներում ընդգծվել է, որ պետական ծառայողը չի կարող նման հայտարարություն անել առանց երկրի քաղաքական իշխանությունների գիտության։

Թուրք ազգայնականների լրատվամիջոցը հանդիսացող Yeniçağ-ի սյունակագիրներից, լրագրող Արսլան Բուլութը, հիշեցնելով, որ 2017թ․-ից հետո TRT-ն փաստացի վերածվել է երկրի նախագահի խոսափողին, նշել է․ «TRT-ի գլխավոր տնօրենը չի կարող սահմանել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը։ Եթե «Իրանին անհանգստացնելու» համար հանձնարարական ստացած չլինի, չի կարող այդպես խոսել»։

Ընդդիմադիր, քեմալական Cumhuriyet թերթում հրապարակվել է Մեհմեդ Ալի Գյուլերի հոդվածը՝ «TRT-ն գոհացնելու է Իսրայելին» վերնագրով։ Դրանում Գյուլերը շեշտել է, որ Սոբաջըի խոսքերն իշխանական բյուրոկրատիայի, մասնավորապես իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից առժամանակ տարվող հակաիրանական գծի վերջին օղակն են։

«Իշխանության արտաքին քաղաքականության հիմքում ոչ թե Թուրքիայի շահերն են, այլ կրոնական մազհաբի հիման վրա տարածաշրջանային առաջնորդության փնտրտուքը։ Քանի որ Մերձավոր Արևելքում Էրդողանի առաջնորդությունը դիտում են որպես Թուրքիայում նրա իշխանության շարունակականության հիմք:

ԱԶԿ-ական իշխանությունն ինչու՞ է ցանկանում անհանգստացնել Իրանին։ Քանի որ գոհ չեն, որ Իրանը, Իսրայելին հարվածելով, Պաղեստինի հարցի հիմնական տերն է դառնում։ Քանի որ գոհ չեն շիայական Իրանի հետ սուննիական ՀԱՄԱՍ-ի համագործակցությունից։ Քանի որ ցանկանում են ՀԱՄԱՍ-ի վրա հենց իրենք ազդեցություն ունենան։ Քանի որ դժգոհ են Սաուդյան Արաբիայի և Ծոցի երկրների հետ Իրանի կարգավորումից։ Քանի որ, չնայած Աստանայի հարթակի համագործակցությանը, իրականում դժգոհ են Սիրիայի հետ Իրանի գործընկերությունից։ Ցավոք, այս պատկերը խոչընդոտում է հաղթահարել նաև Հրվ․ Կովկասում միջանցքի խնդիրները»,- ընդգծել է սյունակագիրը՝ շեշտելով, որ ԱԶԿ-ին մոտ կանգնած ԶԼՄ-ները, այսպես թե այնպես, մշտապես հակաիրանական հոդվածներով, հեռարձակումներով են հանդես գալիս։

«Քանի որ Թուրքիայում պարսկերեն հեռուստացույց դիտող զանգված չկա, պարսկերեն հեռարձակման թիրախն անշուշտ Իրանի ժողովուրդն է։ Այդ դեպքում այդ հաղորդումներով ինչպե՞ս է Իրանն անհանգստացվելու։ Իրանի ժողովուրդը, էթնիկ խմբերն Իրան պետության և կառավարության դե՞մ են հրահրվելու»,-հռետորական հարցերով է հանդես եկել Գյուլերը։

Սոբաջըի հայտարարությունը քննադատել է անգամ Թուրքիայում գործող ձախակողմյա ազգայնական «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքը, որը նշել է, որ Սոբաջըն «ստիպված ենք անհանգստացնել Իրանին» արտահայտությամբ հայտարարել է իր առջև դրված խնդիրը։ Նա ընդգծել է, թե նման հայտարարություն կարող են միայն «ԱՄՆ-ի և Իսրայելի կողմնակիցներն» անել։

Մեկ այլ ազգայնական ուղղվածության կուսակցության՝ «Հաղթանակ»-ի ղեկավար Ումիթ Օզդաղը X-ում գրել է, թե երևում է, որ ԱԶԿ-ն ԱՄՆ-ի և Իսրայլեի հետ միասին որոշում է կայացրել Իրանին դեմ դիրքորոշում որդեգրել և սխալ է որակել TRT-ով հակաիրանական քարոզ անելու որոշումն ու առավել ևս դրա մասին բարձրաձայնումը։

Իրանական կողմում ևս թուրքական պետական մեդիահոլդինգի տնօրենի խոսքերը բնական մտահոգություն են առաջացրել։ Իրանի ռադիոյի և հեռուստատեսության ընկերության միջազգային ծառայության ղեկավար Ահմեդ Նոուռուզին X-ում գրել է, որ չնայած իրենք կենտրոնացած են «սիոնիստական ռեժիմի կողմից Պաղեսինում և Լիբանանում կոտորածների մասին գրելու վրա»՝ իրենց իրավունք են վարապահում համապատասխան միջոցներ ձեռք առնել և միաժամանակ հույս ունեն, որ թուրք պաշտոնյաները կդատապարտեն այդ հայտարարությունը։

Նման կոշտ արձագանքներից հետո TRT-ի տնօրենը հանդես է եկել հայտարարությամբ, թե իր խոսքերը կտրվել են հիմնական բովանդակությունից, իսկ ինքը նկատի է ունեցել մեդիա ոլորտում մրցակցությունը միայն։ Այդուհանդերձ այդ հայտարարությունն արդեն իսկ հիմք է հանդիսացել, որպեսզի Թուրքիայում խորանան մտահոգությունները, թե արդյոք պետական քաղաքականությունն ԱՄՆ-ի, Իսրայելի, Իրանի հետ կապված չի գնում արմատական փոփոխության, ինչը կարող է լուրջ խնդիրներ առաջ բերել տարածաշրջանում։

Այսպիսով՝ թուրքական պետական մեդիահոլդինգի ղեկավարի նման հայտարարությունն առավել ակներև է դարձրել թուրք-իրանական հարաբերությունների խորքային առումով մրցակցային և պասիվ հակամարտային բնույթը միայն։ Թեև այդ հարաբերությունների որակը հայտնի է բոլորին՝ թուրքական պետական մեդիաընկերության առջև տարածաշրջանում առկա լարվածության պայմաններում նման խնդրի, հանձնարարության սահմանումն արդեն իսկ ուշագրավ է։ Եթե բացառենք այդ արտահայտության անզգուշությամբ կիրառված լինելու հավանականությունը՝ հարցեր են առաջացնում նաև դրա միտումնավոր բարձրաձայնման պատճառները։ Արդյո՞ք դա իսկապես, ինչպես մտահոգվում են թուրք վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները, Անկարայի կողմից Իրանի հարցում պետական քաղաքականության արմատական փոփոխությունների «նախերգանքը» չէ։

Region Monitor

Տեսանյութեր

Լրահոս