Թումանյան փողոցը Ստեփանակերտի կորիզն է. Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական լանդշաֆտը. Լեռնիկ Հովհաննիսյան
Ադրբեջանը մեծ թափով վերսկսել է Ստեփանակերտի շենքերի քանդման, ձևափոխման, հայկականը ոչնչացնելու աշխատանքները։ Այս անգամ նա վանդալիզմի է ենթարկում Ստեփանակերտի Թումանյան փողոցի շենքերը, որոնք ունեն դարերի պատմություն և Արցախի՝ հայկական լինելու վկայություններից մեկն են։ Ադրբեջանը Թումանյան փողոցի այդ շենքերի մեծ մասն արդեն հիմնահատակ քանդել է։
Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի այս ամբողջ վանդալիզմն ունի մեկ նպատակ՝ Ստեփանակերտի հայկական կոլորիտն ու պատմությունը վերացնելու։
«Թումանյան փողոցի այդ շենքերը հին Ստեփանակերտն են, հին Ստեփանակերտի լուռ վկաներն են։ Այդ փողոցում տներ կային, որոնք թվագրվում էին 19-րդ դարի սկզբին, տուն կար, որ պահպանվել էր, և դրա կառուցման հստակ թիվը կար, օրինակ՝ 1905 թվական։ Այսինքն՝ Ստեփանակերտն ավանից քաղաք դարձնելու ճանապարհին կառուցված շենքեր է ոչնչացնում Ադրբեջանը։ Թումանյան փողոցը Ստեփանակերտի կորիզն է և նրա հայկականությունը հիմքով պահպանողը։ Բնականաբար, Ադրբեջանն արմատախիլ է անում ու ոչնչացնում այդ հիմքը։ Հայկական պատմական լանդշաֆտի ակնհայտ ոչնչացում է տեղի ունենում Ադրբեջանի կողմից»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը վերջին մեկ տարվա ընթացքում, ինչ օկուպացրել է Ստեփանակերտը, հիմնականում ոչնչացրել է այն հուշարձանները, որոնք խորհրդանշել են արցախահայերի ազգային-ազատագրական պայքարը և հայ կարևոր քաղաքական գործիչներին ու հերոսներին, այդ թվում՝ Ստեփան Շահումյանի արձանը, որի պատվին մեր քաղաքն անվանվել է Ստեփանակերտ, Բեկոր Աշոտի, Ադմիրալ Իսակովի, Ալեքսանդր Մյասնիկյանի և այլոց։
«Պետական խորհրդանիշ շենքերը ևս Ադրբեջանը ոչնչացնում է՝ ԱԺ, Ազատամարտիկների միության շենքը։ Այսինքն՝ Ադրբեջանը հստակ նպատակադրված քաղաքականություն է վարում՝ ուղղված հայկական ընդհանուր ինքնության և պատմականության դեմ»,- ընդգծեց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ Արցախի թեմի առաջնորդն Արցախի հուշարձանների ոչնչացման խնդրի վերաբերյալ մշտապես բարձրաձայնում է, դրա վերաբերյալ նաև նամակ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին։ Խնդրին անդրադառնում են նաև Արցախի այլ պաշտոնյաներ, անհատներ։
Իսկ թե ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը, Լեռնիկ Հովհաննիսյանը հակիրճ պատասխանեց.
«Այդ հարցին թող պատասխանեն ԿԳՄՍ նախարարությունից կամ ԱԳ նախարարությունից։
Արցախի այն կառույցները, որոնք գործում են, դիմումներ, նամակներ ուղարկում են միջազգային այս կամ այն կառույցներին»։