«Առանձնապես տարբերություն չկա՝ ով է այս կամ այն նախարարը, եթե այդ կառավարության գլխին Նիկոլ Փաշինյանն է. բոլոր փոփոխությունները լինելու են կոսմետիկ». Տիգրան Աբրահամյան
Վերջին օրերին հանրության շրջանում կրկին բուռն քննարկման թեմա է դարձել բանակում տիրող իրավիճակը` ինքնասպանություն, սպանություն: Ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի պատճառների շարքում «գողական» բարքերն են, դիրքում քնելը, ինչն էլ իր պատճառներն ունի: Այս ֆոնին տարբեր շրջանակներից նորից հնչում է նախարարի հրաժարականի պահանջ։
168.am-ը ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ զրույցում փորձել է հասկանալ՝ որո՞նք են բանակում սպանության, ինքնասպանության դեպքերի, դիրքում քնի խնդրի խորքային պատճառները, բանակում արատավոր բարքերի դեմ պայքարի ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկվեն, որքանո՞վ է պատասխանատվություն կրում սպան, հրամանատարությունը, որքանո՞վ՝ զինվորը, և այլն:
– Զինված ուժերում արձանագրվող ցանկացած միջադեպին պետք է մոտենալ յուրովի՝ հասկանալու դեպքի բուն պատճառի, դրա վրա ազդող գործոնների, տվյալ զինծառայողի հոգեբանական վիճակի ողջ մանրամասները: Դեպքերը սկսում են անձնական, ընտանեկան խնդիրներից՝ մինչև կարգապահության բացակայություն, զորամասում ձևավորված արատավոր բարքեր, վերահսկողության խափանումներ և այլն:
Մինչև յուրաքանչյուր պատահար մանրամասն չուսումնասիրվի, չհետաքննվի՝ տրամաբանական չէ հապշտապ որոշումներ ընդունել: Կան դեպքեր, որոնց վրա ո՛չ համածառայակիցները, ո՛չ էլ հրամկազմը որևէ ազդեցություն չունեն, և կան դեպքեր, որոնց պարագայում միանգամից 3-4 գործոն է աշխատում:
Ինչ վերաբերում է հրաժարականների կամ պաշտոններից ազատման մասին հարցին, ապա դիտարկելի են և՛ զորամասային, և՛ զորամիավորման, և՛ ՊՆ կենտրոնական ապարատի պատասխանատուների հարցը: Սակայն կրկնում եմ՝ որոշումները կլինեն անօգուտ, եթե դրանք առանձին չուսումնասիրվեն և չվերլուծվեն, հակառակ դեպքում՝ ինչպե՞ս է որոշվելու կոնկրետ հրամանատարի պատասխանատվության չափը, կամ ինչպե՞ս է որոշվելու՝ ով կամ ովքեր են մեղավոր կոնկրետ դեպքի կամ ինչ-որ ժամանակահատվածում արձանագրված արատավոր միջադեպերի համար:
Քաղաքական պաշտոնանկությունների առումով, կարծում եմ, որ կառավարության պատասխանատվության հարցը ոչ միայն այս տարի, այլև նվազագույնը 4 տարի է՝ ակտուալ է, որովհետև այն նպատակները, որոնք դրված են կարգապահական խնդիրների ներքո՝ փաստացի տապալվել են: Ու ոչ միայն:
Վերջին տարիներին իշխանության համար սովորական պրոցեսի է վերածվել ամեն դեպքից անմիջապես հետո հանրային զայրույթի կամ ճնշման ներքո զորամասային օղակներում «սպայական ջարդի» իրականացումը, որը, ինչպես ժամանակն է ցույց տվել՝ խնդիր չի լուծում:
Առանց պատշաճ ծառայողական քննության կամ հարուցված քրեական վարույթի, այսինքն՝ առանց պատասխանատուների հարցը ճշտելու, աչքաչափով մեղավորներ են նշանակվում, ապա տույժեր տրվում, պաշտոններից ազատում, իսկ եթե կա հանրային պահանջ, այլ ոչ թե օբյեկտիվ հիմքեր, կալանքի տանում:
Ես չեմ ասում, որ տարբեր միջադեպերում հրամկազմի առանձին ներկայացուցիչների պատասխանատվության խնդիր չկա, ես ասում եմ, որ մինչև պատշաճ քննություն չլինի, որևէ մեկի նկատմամբ տույժ չպետք է կիրառվի, առավել ևս՝ հանվի պաշտոնից կամ ազատությունից զրկվի:
– Որքանո՞վ է բանակում առկա իրավիճակը, ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը, ոչ կանոնադրական հարաբերությունները կախված բարոյահոգեբանական ընդհանուր վիճակից: Թվում է՝ 44-օրյա պատերազմից հետո զինվորը զինվորի հանդեպ առավել ուշադիր պետք է լիներ, սպան՝ զինվորի, և՝ հակառակը: Արդյո՞ք կա խզում զինվոր-սպա հարաբերություններում: Իսկ գուցե սպաների դեպքում ա՞յլ խնդիրներ կան, որոնք չեն նկատվում, Դուք հաճախ եք լինում մարտական դիրքերում, զորամասերում, զրուցում սպաների հետ:
– Երկրում առկա ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը փոխանցվում է նաև բանակին, այդ թվում՝ մերժելի բարքերի միջոցով: Ճիշտ է՝ սա չի արդարացնում արձանագրվող միջադեպերը, սակայն բանակում ճիշտ աշխատանք տանելու համար բոլոր գործոնները պետք է հաշվի առնվեն, համապատասխան մարմիններն ու ստորաբաժանումները պիտի աշխատեն զորքի հետ, վեր հանեն ռիսկային բոլոր փաստերը և, որ ամենակարևորն է, ինչը հաճախ չի արվում՝ իրական կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեն:
Մյուս կողմից, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ հատկապես սպայական կազմի թերհամալրվածությունն անգամներով մեծացնում է հրամանատարական կազմի ծանրաբեռնվածությունը և շատ դեպքերում անհնարին դարձնում արդյունավետ վերահսկողության հնարավորությունը: Սպաների ծանրաբեռնվածությունը ոչ միայն ընդհանուր կարգապահության վրա է ազդում, այլ նաև խնդիրներ է առաջացնում զորքերի առօրյա ծառայության և հատկապես՝ մարտական պատրաստվածության վրա:
Կան շատ լավ պատրաստված զինծառայողներ՝ հոգեբանորեն, ֆիզիկական և ինտելեկտուալ առումով, կան նաև ծառայողներ, ովքեր զինված ուժեր են զորակոչվում այնպիսի մտածելակերպով, սկզբունքներով, պատկերացումներով, որը ժամանակին անհրաժեշտ աշխատանք չտանելու պարագայում ստորաբաժանումներում անառողջ հարաբերությունների է հանգեցնում, իսկ դա դեպքերի հետ ուղիղ առնչություն ունեցող գործոն է:
44-օրյա պատերազմը հսկայական ավեր է բերել հայկական զինուժին, և դրա հետևանքները բոլոր առումներով այսօր էլ պահպանվում են՝ բարոյահոգեբանականից մինչև մարտական պատրաստվածություն:
Խզվել են ոչ միայն զինծառայողների՝ կանոնագրքերով սահմանված հարաբերությունները, այլ նաև պարզ մարդկայինը: Ի դեպ, երբ խոսում ենք համալրման հետ կապված խնդիրների մասին, դա ոչ միայն ծանրաբեռվածություն է առաջացնում սպաների, այլ նաև շարքային, սերժանտական, ենթասպայական անձնակազմի համար՝ կլինեն պարտադիր ժամկետային, թե պայմանագրային անձնակազմ, առանձնապես տարբերություն չկա: Զորամասային կենցաղից մինչև մարտական հերթապահություն սա ամենախնդրահարույց գործոնն է, առանց որի կարգավորման՝ զինված ուժերում նկատելի որևէ լուրջ խնդիր չի կարող լուծում ստանալ:
– Վերադառնանք մեր սկզբնական հարցադրմանը՝ Պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջին: 2018 թվականի իշխանափոխությունից հետո մի քանի նախարար ենք ունեցել, մի քանի ԳՇ պետ է փոխվել, որոնք նոր մարդ չեն եղել զինված ուժերում: Բայց պաշտպանության նախարարներից մեկի ժամանակ պատերազմ ենք պարտվել, մյուսների ժամանակ ադրբեջանական ներխուժումներ են եղել ՀՀ ինքնիշխան տարածք, նոյեմբերյան մարտեր, սեպտեմբերյան մարտեր: Եթե հիմա նորից նախարարը փոխվի, ի՞նչ է դա տալու, ի՞նչ է փոխելու նոր նախարարը, եթե երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, իսկ իշխող կուսակցության կադրային ռեսուրսի որակն էլ հայտնի է:
– 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո, երբ իշխանության ղեկը ստանձնեց գործող կառավարությունը, զինված ուժերում կադրային քաղաքականությունն իրականացվում է ըստ քաղաքական նպատակահարմարության:
Խոշորացույցի տակ ուսումնասիրվում են բոլորը, և ովքեր թաքնված կամ նույնիսկ նեղ շրջապատում արտահայտվող դժգոհություն ունեն բանակում տեղ գտնող այս կամ այն անընդունելի իրադարձության կամ որոշման հետ, արագ պատժվում են և խաղից հանվում:
Հատկապես 2018-2020-ն ընկած ժամանակահատվածում, պատերազմից առաջ «գլխատեցին» այն հրամանատարներին, որոնք կա՛մ անձնական հարաբերություններ ունեին նախորդ իշխանությունների հետ, կա՛մ՝ չէին կիսում իշխող ուժի քաղաքական մոտեցումները:
Բանակում անառողջ, անտրամաբանական, ցնցումային կադրային փոխատեղումներ և փոփոխություններ եղան, որոնք բանակի բնական ցիկլը խախտեցին, ինչը ծանր հետևանքներ ունեցավ զինված ուժերի վրա՝ կարգապահությունից մինչև ձևավորված մթնոլորտ:
Ինչ վերաբերում է նախարարի փոփոխությանը, հրաժարականի պահանջին, ապա առանձնապես տարբերություն չկա՝ ով է այս կամ այն նախարարը, եթե այդ կառավարության գլխին Նիկոլ Փաշինյանն է:
Այսինքն, մինչև Նիկոլ Փաշինյանը չհեռացվի, մնացած բոլոր փոփոխությունները լինելու են կոսմետիկ՝ պլյուս-մինուսով, առանձնապես իրարից չտարբերվող: