Օտարերկրյա գործակալների մասին օրենքը հեղափոխության թափանցիկության մասին օրենք է. Կոբախիձե
Վրաստանում ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքն, ըստ էության, օրենք է հեղափոխության թափանցիկության մասին, որ երկրում ցանկանում էին կազմակերպել հասարակական կազմակերպությունները: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Առանց որևէ հիմնավորման, երբ Վրաստանը բացահայտ առաջատարն էր այդ չորս երկրների թվում (խմբ.՝ նկատի ունի հենց Վրաստանը, Բոսնիա և Հերցեգովինան, Մոլդովան, Ուկրաինան), մեզ մերժեցին (խմբ.՝ 2022 թվականին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը):
Դա օգտագործեց խոշոր հասարակական կազմակերպությունների մի կոնկրետ խումբ՝ հեղափոխություն կազմակերպելու փորձի համար. չէ՞ որ դա հեշտ է վերլուծել: Դրան հաջորդեցին քայլեր մեր կողմից, այդ թվում՝ թափանցիկության մասին օրենքի ընդունումը: Այդ օրենքը, ես կասեի, նույնիսկ հեղափոխության դեմ չէ։ Այդ օրենքը հեղափոխության թափանցիկության մասին է», – հայտարարել է Կոբախիձեն Աջարիայի հեռուստատեսությանը տված հարցազրույցում։
«Եթե ինչ-որ մեկը ցանկանում է փորձել հեղափոխություն կազմակերպել Վրաստանում, թող փորձի, բայց այդ փորձը պետք է թափանցիկ լինի»,- նշել է նա։
Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ինչը խիստ քննադատության արժանացավ Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից։ Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո դրեց օրենքի վրա, բայց խորհրդարանը մայիսի 28-ին հաղթահարեց այն:
Օրենքի գործողությունը տարածվում է այն հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների վրա, որոնց ֆինանսավորման ավելի քան 20 %-ը ստացվում է արտերկրից։ Նման ՀԿ-ները պարտավոր են յուրաքանչյուր տարվա հունվարին Արդարադատության նախարարություն ներկայացնել հայտարարագիր եկամուտների և ծախսերի մասին:
Հակառակ դեպքում նրանց սպառնում է տուգանք 25 000 լարիի (ավելի քան 9200 դոլարի) չափով։ Եթե հայտարարագիրը չներկայացվի առաջին տուգանքից հետո, ապա ուշացման յուրաքանչյուր ամսվա համար կգանձվի 20 000-ական լարի (ավելի քան 7300 դոլար): Կազմակերպությունների գրանցումը գրանցամատյանում սկսվել է օգոստոսի 1-ից:
ՀԿ-ները բազմիցս հայտարարել են, որ օրենքի ընդունման դեպքում չեն գրանցվի գրանցամատյանում, քանի որ արդար չեն համարում կոչվել կազմակերպություններ, որոնք առաջ են տանում օտարերկրյա ուժի շահերը։ Վրաստանի իշխանությունները պնդում են, որ օրենքն անհրաժեշտ է միայն ֆինանսական թափանցիկության համար, իսկ արտերկրից ֆինանսավորումը հենց նշանակում է արտաքին շահերի իրականացում։