Բլինքենը տապալվեց Երևան-Բաքու բանակցություններում և չկարողացավ Հայաստանի համար մի համաձայնություն կորզել կողմերից․ Տարասով

Երևան-Բաքու բանակցային գործընթացում ստեղծված փակուղային փուլն ըստ էության միջնորդության ռուսական առաջարկի Երևանի մերժմանը զուգահեռ՝ ուղեկցվում է Բաքվի կողմից Երևանի առջև դրվող պահանջների նոր ալիքով։ Վերջին օրերին Իլհամ Ալիևն ու նրա օգնական Հիքմեթ Հաջիևը միմյանց հերթ չտալով՝ ՀՀ իշխանություններին ուղիղ ներքին բնույթի պահանջներ են թելադրում։ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն իր X-ի էջում գրել է, թե Հայաստանը պետք է հետաքննի և պատժի բոլոր, այսպես կոչված, ռազմական հանցագործներին։

«Հայաստանը մինչ օրս չի պատժել այս հանցագործությունների համար պատասխանատու գեթ մեկ անձի, փոխարենը՝ նրանք պարգևատրվել են»,- գրել է Հաջիևը՝ նշելով, թե Հայաստանը թաքցնում է զանգվածային գերեզմանների գտնվելու վայրի մասին տեղեկությունները։

«Հայաստանը պետք է ցույց տա իր իսկական հավատարմությունն արդարությանն ու խաղաղությանը՝ ընդունելով այս բոլոր հանցագործությունների համար պետության պատասխանատվությունը և համապատասխանաբար հետաքննելով և պատասխանատվության ենթարկելով ռազմական հանցագործներին»,- գրել է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Օրերս Բաքվում կազմակերպված միջազգային համաժողովների մասնակիցներին հղած իր ուղերձում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր նաև պնդել, թե Երևանը պետք է Բաքվին «տրամադրի ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների քարտեզներն ու պատժի մեղավորներին»։ Նա մեղադրել էր Հայաստանին ապակառուցողական լինելու մեջ։ Իսկ Դատախազների միջազգային ասոցիացիայի համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում Ալիևն ասել էր, թե Հայաստանը «հրաժարվում է տեղեկություններ տրամադրել անհետ կորածների ճակատագրի» մասին՝ պնդելով, թե այս ընթացքում անհետ կորել է մոտ 4000 ադրբեջանցի։

Կարդացեք նաև

Այսօր էլ Ալիևն առիթը բաց չի թողել կրկին մեղադրելու Հայաստանին ինտենսիվ զինվելու մեջ և սպառնալիքներ հնչեցնելու ՀՀ հասցեին:

«Զգուշացնում եմ Հայաստանին՝ դադարեցրեք այս վտանգավոր խաղերը։ Մի կողմից՝ խոսում են խաղաղության մասին, ստում, մյուս կողմից՝ մասշտաբային սպառազինություն են գնում։ Ո՞վ է նրանց զենք տալիս, Ֆրանսիան և հակաադրբեջանական այլ երկրներ։ Ինչո՞ւ են այդ զենքերը նրանց անվճար տալիս։ Որքան էլ փորձեն, ոչինչ չի ստացվի։ Հայաստանը չպետք է մոռանա Ղարաբաղյան 2-րդ պատերազմը, երբ դիմում էին ՌԴ-ին պատերազմը կանգնեցնելու համար»,- ասել է նա:

Եվ սա այն դեպքում, երբ ըստ իրենց՝ Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների, Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, խաղաղության համաձայնագիրը գրեթե ամբողջությամբ՝ 80%-ով, համաձայնեցված է։ Սակայն ադրբեջանական կողմն անընդհատ, ըստ էության, առանց դադարի հայկական կողմի առջև նորանոր պահանջներ է դնում։

Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ամենն ուղիղ փոխկապակցված է բանակցային ճգնաժամի հետ, որը ստեղծվել է ռեգիոնում։

Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն չի ցանկանում ՌԴ միջնորդություն, Ադրբեջանը՝ Ֆրանսիայի միջնորդություն, իսկ ԱՄՆ-ը, թեև անընդհատ փորձում է նպաստել կարգավորմանը, չի հաջողում գործընթացում և չի կարողանում հասնել գոնե մեկ էական պայմանավորվածության կողմերի միջև։

«Կարծում եմ՝ հասունացել էր այն փուլը, որպեսզի արևմտյան հարթակում գոնե մեկ պայմանավորվածություն տեղի ունենար ի օգուտ Հայաստանի, սակայն Արևմուտքը և մասնավորապես ԱՄՆ-ը չկարողացան Հայաստանի համար մեկ խնդիր լուծել և ՀՀ-ի առաջարկը՝ ստորագրել համաձայնեցված փաստաթուղթը, հնարավոր դարձնել։ Երևանը չստացավ Արևմուտքից այս ուղղությամբ այն, ինչ ակնկալում էր, թեև Արևմուտքի միջնորդությամբ Երևանը պատրաստ էր առաջ ընթանալ այնպիսի հարցերում, որոնք հայտարարում էր իբրև կարմիր գիծ բանակցություններում։

Երևանը, մի կողմից՝ մերժելով Ռուսաստանին, մյուս կողմից էլ՝ հայտնվել է անորոշության մեջ, քանի որ չկա արդյունավետ արևմտյան միջնորդ, ուստի առաջարկում է խաղի մեջ մտնել նույնիսկ Թուրքիային՝ ցույց տալով, որ ՌԴ-ն թուլացել է այդ ռեգիոնում, իսկ Թուրքիան՝ ուժեղացել։ Այս ժեստով հայկական կողմն այս փուլում էլ որոշակի ակնկալիք է ձևավորում Թուրքիայից, սակայն Թուրքիան կարծես որոշակի «հեռավորություն» է պահպանում և առանձնապես մեծ ոգևորություն չի ցուցադրում։

Սա, իհարկե, Ադրբեջանին, ինչպես պատերազմից հետո ողջ ընթացքում, տալիս է ավելի ազատ գործելու, երբեմն նաև՝ խիստ պահանջներ շրջանառելու հնարավորություն։ Մի կողմից՝ հասկանալի է, որ այս պահանջներն էլ ավելի են բարդացնում համաձայնագիրը ստորագրելու հեռանկարը, ու հասկանալի չէ, թե ինչու է պետք գնալ այս ճանապարհով, մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն օգտվում է թե աշխարհում ստեղծված իրավիճակից, թե Երևանի քաղաքականությունից»,- ասաց վերլուծաբանը։

Ըստ Տարասովի, մերձավորարևելյան իրադարձությունները ևս խոստանում են առաջիկայում բավականին մեծ ակտիվություն, ուստի անդրկովկասյան զարգացումները նաև որոշակիորեն սպասման մեջ են, քանի որ կա մեծ փոխկապակցվածություն։

«Գուցե առաջիկայում հետաքրքիր նոր նրբերանգներ տեսնենք Թուրքիա-Իրան-Ադրբեջան հարաբերություններում, դրանք ևս կարևոր կդառնան այս ռեգիոնում զարգացումների տեսանկյունից։ Եթե Իրանն ավելի ադրբեջանամետ դիրքավորում սկսի ունենալ, ապա սա արդեն այլ իրավիճակ կնշանակի Երևանի համար։ Սակայն ներկայիս փուլում դեռ շարունակելու ենք ականատեսը լինել ռեգիոնալ «կասկադների» Երևանի և Բաքվի միջև, սակայն համաձայնագրի ստորագրման հարցում առանց էական առաջընթացի, քանի որ Բաքուն այդ ուղղությամբ բացարձակ չի շտապում, և տպավորություն է, որ փորձում է այլ սցենար խաղարկել»,- նկատեց նա։

Հիշեցնենք, որ նախօրեին Ելիսեյան պալատում կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը։ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին` նշելով, որ նախագծի կետերի 80 տոկոսը համաձայնեցված է, և Հայաստանը պատրաստ է դրա հիման վրա ստորագրել պայմանագիրն ու շարունակել հետագա քննարկումները: «Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման ուղղությամբ քայլերը` համոզմունք հայտնելով, որ պայմանագրի ստորագրումը կնպաստի այդ խնդրի լուծմանը:

Քննարկվել են նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա գնալ տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման: Էմանուել Մակրոնն իր երկրի սատարումն ու աջակցությունն է հայտնել Հայաստանի Կառավարության քայլերին` ուղղված խաղաղությանն ու կայունությանը, միաժամանակ ողջունել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»,- ասված էր հաղորդագրությունում։ Հետաքրքիր է՝ արդյո՞ք Փաշինյանը ֆրանսիական կողմին խնդրել է միջնորդական ջանքեր ծավալել այնպես, ինչպես օրերս, ըստ թուրքական կողմի, Փաշինյանը Նյու Յորքի «Թուրքական տանը» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ հանդիպմանն էր առաջարկել Էրդողանին։

Տեսանյութեր

Լրահոս