Թուրք-ադրբեջանական տանդեմը պատրաստ վիճակում է՝ հարմար պահի հարվածելու ու «միջանցք» բացելու համար. մինչև այս պահը զսպում է Իրանի հատուկ միջամտությունը. Դավիթ Ջամալյան

Ադրբեջանը հերթական մարտավարական զորավարժությունն է անցկացրել Նախիջևանում՝ հրետանային ստորաբաժանումների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ Նախիջևանում զորավարժություններ անցկացնելն Ադրբեջանի կողմից «ավանդույթ» ունի։ Մեկ տասնամյակից ավելի է՝ Ադրբեջանը պարբերաբար Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում։

«Դեռևս 2010 թվականից սկսած արդեն ակներև էր, որ Նախիջևանը վերածված է Հայաստանի դեմ ագրեսիայի պլացդարմի։ Ուղղակի այն ժամանակ մենք ունեինք հայապատկան Արցախ՝ 12.000 քկմ տարածքով, ունեինք Պաշտպանության բանակ, և «Զանգեզուրի միջանցքի» բացման երազանքն Ադրբեջանի համար հեռու-հեռավոր մի անուրջ էր՝ անիրականանալի։

Հիմա իրավիճակը սկզբունքորեն փոխվել է՝ Հայաստանում հաստատվել է թրքահպատակ իշխանություն, որոնք հայկական տարածքները հանձնելով՝ եկել-հասել են Նռնաձորի դարպասներին։ Հիմա Ադրբեջանի նպատակն է՝ ճեղքել այդ 46-րդ կիլոմետրը և բացել իր համար «միջանցք» ասվածը, սա սկզբունքորեն, նախկինի նման, Ադրբեջանի համար անիրականանալի չէ, սկզբունքորեն շատ իրատեսական է դարձել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Ջամալյանը՝ խոսելով Նախիջևանից ՀՀ տարածք հնարավոր ներխուժման և «միջանցք» բացելու թուրք տանդեմի քայլերի մասին։

Նա ցավով արձանագրեց, որ այս պահին թուրք-ադրբեջանական տանդեմին զսպող միակ գործոնը ռուս-իրանական գործոնն է։

Կարդացեք նաև

«Այս համատեքստում ասեմ, որ հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից պատասխան հրթիռային հարվածն Իսրայելին զսպող գործոն եղավ նաև Ադրբեջանի համար։ Եթե մինչ այս Իրանին մեղադրում էին, որ բացի հայտարարություններից, ի պատասխան Իսրայելի, որևէ քայլ չի իրականացնում, այս պատասխանը շատերի համար անսպասելի էր։ Բաքվում այս ամենը չտեսնելու տալ չեն կարող։ Ավելին՝ սա շատ լուրջ մարտահրավեր էր Իսրայելին ու իր դաշնակիցներին, քանի որ Իրանը սկզբունքորեն իրավիճակ փոխեց տարածաշրջանում և վերահաստատեց իր՝ աշխարհի ուժային կենտրոններից մեկը լինելու հանգամանքը։ Պարզ է, որ եթե Իրանի շահերը խախտվեն նաև Հարավային Կովկասում, Իրանը պատասխանելու է, և այդ պատասխանը կարող է լինել շատ անսպասելի»,- հավելեց Դավիթ Ջամալյանը։

Ռազմական փորձագետը հիշեցրեց՝ 2020 թվականի Արցախի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված հայկական Կովսական քաղաքում տեղակայվել են Իսրայելի ռադիոհետախուզության կայան։ Հետևաբար, եթե հանկարծ Ադրբեջանը չհետևի Իրանի հորդորներին ու փորձի ռազմական գործողությունների միջոցով «միջանցք» բացել, Իրանը ոչ միայն կպատասխանի, այլև կունենա լեգիտիմ իրավունք Կովսականում տեղակայված՝ իր դեմ թշնամական գործունեություն ծավալող կենտրոններից մեկին ոչնչացնելու։

«Իրանի համար «Զանգեզուրի միջանցք» ասվածը «կարմիր գիծ» է, որ եթե թուրք-ադրբեջանական տանդեմը հատի, ապա կհանդիպի իրանական շատ հուժկու հակահարվածի։

Թուրք-ադրբեջանական տանդեմը կազմ ու պատրաստ վիճակում է՝ հարմար պահի հարվածելու ու «միջանցք» բացելու համար։ Մինչև այս պահը նրանց զսպում է Իրանի հատուկ միջամտությունը։ Ընդ որում, հիմա ռուս-իրանական ռազմական համագործակցության ենք մենք ականատես լինում, դրա վերաբերյալ կնքվելու է համապարփակ պայմանագիր։

Կարծում եմ՝ «միջանցք» չբացելու առաջամարտիկի դերն այստեղ Ռուսաստանը կվերապահի Իրանին։ Ողբերգությունն այն է, որ այսօր մեր բնական դաշնակիցներն են ապահովում մեր երկրի համար այդքան կործանարար սցենարի թույլ չտալը՝ ՀՀ իշխանոթյունների փոխարեն»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը։

Տեսանյութեր

Լրահոս