Իշխանությունները կապիտալիզացիայից ոչինչ չեն հասկանում․ եթե հասկանային էլ՝ նրանք զինվորագրվել են լրիվ այլ նպատակի․ Վարդան Բոստանջյան

Եվրասիական տնտեսական երրորդ ֆորումն ավարտվեց, ուրվագծվեցին Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության նոր հեռանկարները։ Լիագումար նիստին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը կառույցի արդյունավետությունը փաստեց՝ տեղեկացնելով․ «ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական աճը գերազանցում է համաշխարհային ցուցանիշները, և միությունը գնալով էլ ավելի հանրաճանաչ է դառնում միջազգային ասպարեզում»։

168.am-ի հետ զրույցում խոսելով Հայաստան-ԵԱՏՄ համագործակցության մասին՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նկատեց՝ թեև կարծում է, որ 2015 թվականին ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումն այդ օրվա իշխանությունների քաղաքական հնարքն է եղել, այդուհանդերձ, այդ որոշումը համարում է ճիշտ։

«ՀՀ համար տնտեսական զարգացման կտրվածքով եզակի ճանապարհ են մնում ԵԱՏՄ-ի նման միությունները, որովհետև տնտեսության վատ կառուցվածքի պայմաններում, չեմ կարծում, թե Հայաստանը տեսանելի հեռանկարում կարող է ստեղծել այնպիսի արտադրանք ու ծառայություններ, որոնցից կցանկանա օգտվել աշխարհը»,- շեշտեց Վարդան Բոստանջյանը։

Ի դեպ, այս համատեքստում նա հիշեցրեց Վրաստանի օրինակը՝ պարզաբանմամբ, որ դեպի Արևմուտք քաղաքական կողմնորոշում վերցրած Վրաստանը հասկանում է՝ իր արտադրանքը կարող է իրացվել հենց ՌԴ-ում ու ԵԱՏՄ-ում։

Կարդացեք նաև

«Իշխանության մոտ երկու խնդիր կա՝ սիրելի լինել Արևմուտքին, և մյուս կողմը, ինչն ավելի կարևոր է պետության համար, տնտեսությունը հնարավորինս զարգացնել։ Իսկ հետխորհրդային բոլոր երկրները, այդ թվում՝ ՀՀ-ն, գոնե առայժմ չեն կարող ստեղծել մի բան, որը կունենա պահանջարկ այդ շրջանակից դուրս»,- հավելեց տնտեսագետը՝ այս առումով ծիծաղելի համարելով վիզաների ազատականացման հարցը տնտեսական զարգացման հետ նույն նժարին դնելու փորձերը։

Թե որքանո՞վ է Հայաստանն այսօր կարողանում կապիտալիզացնել ԵԱՏՄ տնտեսական օգուտները և հատկապես վերջին երկու տարիների դրական ազդեցությունները՝ հարցին ի պատասխան, մասնագետը ցավով արձանագրեց․ «Իշխանությունները կապիտալիզացիայից ոչինչ չեն հասկանում։ Եթե հասկանային էլ, նրանք զինվորագրվել են լրիվ այլ նպատակի՝ ՀՀ-ից ու տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին»։

Իսկ այդ դեպքում, ըստ նրա, ԵԱՏՄ-ից ու այդ միության հիմնական խաղորդ ՌԴ-ից տնտեսապես կախված Հայաստանին սպասվում է տարածաշրջանի մյուս լիդերի հետ համակեցության նոր կանոններին ադապտացվելը, ինչն էլ իրենից ենթադրում է «վիլայեթացում»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական միության մարմիններում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակներում Երևանում անցկացվեց երրորդ Եվրասիական տնտեսական ֆորումը:

ՀՀ-ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը 2023 թվականին կազմել է 7 միլիարդ 616 միլիոն դոլար, ինչը նախորդ տարվա համեմատությամբ՝ աճել է 42,7 տոկոսով․ 2022-ին այն կազմել էր ավելի քան 5 միլիարդ 300 միլիոն դոլար, Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումը գերազանցել է 3,6 միլիարդ դոլարը՝ նախորդ տարվա համեմատությամբ աճելով մոտ 41 տոկոսով, ԵԱՏՄ երկրներից ՀՀ ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի՝ գերազանցել է 4 միլիարդ դոլարը, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ աճել է 45 տոկոսով։ Աճերը պահպանվել են նաև 2024 թվականի առաջին կիսամյակում։

Տեսանյութեր

Լրահոս