
Ռուս դիվանագետների ընտանիքները Պուտինի հրահանգով դուրս են բերվել Բեյրութից

Լիբանանի տարածքում ծառայող դիվանագիտական աշխատողների ընտանիքների անդամներին տեղափոխող ՌԴ ԱԻՆ ԻԼ-76 ինքնաթիռը Բեյրութից մեկնել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը:
Նշվում է, որ տարհանումն իրականացվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգով և ըստ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովի
հանձնարարականի:
Գերատեսչությունում հստակեցրել են, որ այսօր Ռուսաստան է տեղափոխվում 60 հայրենակից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի ԱԻՆ ԻԼ-76-ը իսրայելական հրետակոծություններից տուժած Լիբանանի բնակիչների համար Բեյրութ է հասցրել 33 տոննա մարդասիրական օգնություն: Մարդասիրական բեռի մեջ են մտնում սննդամթերք, առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայք և շարժական էլեկտրակայաններ:
Հիշեցնենք` Իսրայելի և Լիբանանի միջև հերթական էսկալացիան սկսվել սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանի տարբեր շրջաններում կապի միջոցների զանգվածային պայթյուններից հետո, որոնց հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, շուրջ երեք հազար քաղաքացի վիրավորվել է: Ավելի ուշ իսրայելական ավիացիան հարվածել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքին, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ «Հզբոլլահի» հատուկ գործողությունների ուժերի հրամանատար Իբրահիմ Աքիլը:
Շիական դիմադրության մարտիկներն ի պատասխան հարձակվել են Իսրայելի ՌՕՈւ «Ռամաթ-Դավիդ» բազայի և Հայֆայի հյուսիսում գտնվող «Ռաֆայել» ռազմարդյունաբերական համալիրի վրա: Մի քանի հրթիռ է պայթել իսրայելական քաղաքի ծայրամասերում գտնվող բնակելի թաղամասերում։