«Ադրբեջանը նոր պայմաններ է բերում, ՀՀ ծեծված իշխանությունները՝ նոր պարտություններ». Թևան Պողոսյան
Տարածաշրջանում պատերազմական իրավիճակ է. Իրանը հրթիռային հարածներ է հասցրել Իսրայելի ուղղությամբ, և ըստ իրանական կողմի՝ թիրախավորվել են իսրայելական ռազմավարական կենտրոնները, այդ թվում՝ այն կենտրոնները, որտեղ ծրագրվել են Իսմայիլ Հանիեի, Հասան Նասրալլահի և մյուս հրամանատարների սպանությունները։ Իրանի արտգործնախարարը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցում ասել է, որ գործողությունն ավարտվել է, սակայն եթե սիոնիստական ռեժիմը պատասխան գործողություն իրականացնի, ապա Իրանի պատասխանն ավելի հուժկու կլինի: Նա ընդգծել է, որ Իրանը լարվածության սրման ու պատերազմի չի ձգտում, բայց պատերազմից էլ չի վախենում:
«Պատերազմ է. պարզապես պատերազմն ունենում է թեժ ակտիվ գործողություն, տեղեկատվական պատերազմ, տնտեսական պատերազմ, միգուցե այդ օրը չկրակեն, բայց ավելի այլ որոշումներ ընդունեն, որոնք կարող են թշնամուն թուլացնել: Բայց մի այլ հետաքրքիր էլեմենտ կա, որը ցույց է տալիս, թե ինչպես 2020թ. սեպտեմբերի 27-ից սկսված վերջին պատերազմները տարածաշրջանում շատ պայմանավորված, մի տեսակ հոլիվուդյան սցենարով գրված պատերազմի նման են. մեկ էլ մի երկրից գալիս է տեղեկություն, որ այս ժամին այս կետին հարվածելու են, նայում ես հարվածներին, քեզ թվում է՝ ինչ-որ բան սկսվեց, մեկ էլ հայտարարում են՝ ժողովուրդը կարող է ապաստարաններից դուրս գալ, այլևս երկրորդ հարված չի լինելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը:
Դիտարկմանը՝ Ուկրաինայի դեպքում էլ մոտավորապես նույն սցենարով սկսվեց, բայց հետո վերաճեց տարիներ տևող պատերազմի, նա արձագանքեց. «Դե, այս րոպեին այդ սցենարն է շարունակվում: Կամ հարվածը հասցնում են, հետո ասում են՝ դե, մենք էլ չենք խփելու, եթե ձեզ խելոք պահեք: Պատերազմի ընդհանուր էությունն այն է, որ մի կողմը հաղթող է համարվում, մյուսը՝ պարտվող, դրանից հետո ավարտվում է: Բայց հիմա, ոնց որ թե իրար հետ խոսելով են անում: Այնպիսի տպավորություն է, ասես այս ամենը բեմադրված իրավիճակներով գնա՝ այլ նպատակներ հետապնդելով, միգուցե նոր արյուն էր պետք՝ հրամանատարներին սպանելով: Մի տեսակ շատ ավելի ցուցադրական գործողություններ և հայտարարություններ են, քան իրականության մեջ ազդեցության խնդիրների լուծման: Բայց դրանք էլ երևի այլ երկրներ են բեմադրել՝ աշխարհի հզորները, որոնք հեռվից դիտարկելով՝ նայում են, թե ինչ է տեղի ունենում: Իրական հողի վրա ոնց որ թե միայն Ռուսաստան-Ուկրաինա պատերազմում են գործողություններ տեղի ունենում, մնացած տեղերում տեսնենք, զարգացումները ցույց կտան»:
Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա Իրան-Իսրայել պատերազմի հնարավոր ազդեցություններին, նա նկատեց, որ Հայաստանում շարունակում են իշխանության մնալ պարտվածները, որոնք բերելու են նոր պարտություններ:
«ՍԴ վերջին որոշմանն են հղում անում, չնայած՝ դա էլ էր թատրոն՝ ՍԴ կողմից բեմադրված, որովհետև եթե այդ փաստաթուղթը լուրջ քննարկեին, այդպիսի որոշում չէր լինի: Բայց Ադրբեջանը նոր պայմաններ է բերում, իրենք էլ՝ նոր պարտություններ: Ադրբեջանի կշիռը միշտ է մեծ, եթե մեծ չլիներ, ապա Բելառուսը ոչ մի հարևանի վրա չի հարձակվել, բայց սանկցիաների տակ է, իսկ Ադրբեջանի արածների համար ոչ մի հետևանք չեղավ»,- ընդգծեց նա:
Թևան Պողոսյանի խոսքով՝ միջազգային կոնսենսուսով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին որոշումը կա, Հայաստանի իշխանությունների համաձայնությունն էլ կա. «Հարցն այն է, թե վերահսկողությունն ում են տալու: Իրանն էլ ոչ թե միջանցքի դեմ է, այլ ասում է՝ իմ տարածքով անցեք, որ վերահսկողությունը ես իրականացնեմ: Եթե վաղը պարզվի, որ այդ պահնորդական կազմակերպությունը միայն իրանական է լինելու, միգուցե հենց հաջորդ օրն էլ Իրանը գա և տեղադրի դա: Պարզապես, Իրանը շատ լավ հասկանում է, որ այդ գործընթացից կարող են իրեն դուրս գցել, դրա համար դեմ է՝ իր շահերից ելնելով, բայց միջանցքին չի դեմ, այլ վերահսկողությանը»:
Նա շեշտեց՝ Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի պարտված իշխանություններին հերթական անգամ ծեծում են:
«Ադրբեջանն ունի մի նպատակ՝ Հայաստանի պետականությունը վերացնել. ԱԺ խոսնակն էլ է Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում դա ասում: Իրենք էլ օժանդակում են Ադրբեջանին, որովհետև պարտված իշխանությունն ինչ անի՝ օժանդակելու է: Ծեծվածից չես կարող որևէ բան ակնկալել: Աշխարհով մեկ կա մի ֆորմուլա՝ պարտվածը գնում է, որ հետևից գա մեկը, որ փորձի մի բան փոխել: Պարտվածն ինչքան մնա՝ էնքան ծեծելու են»,- շեշտեց նա:
Հայաստանի իշխանությունների կողմից Արցախի վերաբերյալ հայտարարություններ չանելը նա համարում է Ադրբեջանի պահանջներից մեկը. «Պարտված իշխանության առաջ դրել են պայման՝ այսպիսի վարքագիծ կունենաք՝ իշխանությունը կպահեք, այս վարքագիծը չեք ունենա՝ չեք պահի»:
Ճշտող հարցին՝ այսինքն՝ Ադրբեջանն ու Թուրքիան են որոշո՞ւմ՝ ով պետք է իշխանության լինի Հայաստանում, նա պատասխանեց. «Այո, որովհետև պարտված իշխանությունը մնաց այդտեղ: 2021 թվի ընտրություններից հետո ասել եմ, որ մեր ընտրությունների արդյունքն այնպիսին էր, որ ուրախացրել ենք 8 միլիոն ադրբեջանցու, 80 միլիոն թուրքերի, մի 2000 հոգու էլ՝ Հայաստանում: Դա մեր արդյունքն է: Անցել է երեք տարի, Ադրբեջանն է ամեն օր ուրախանում, ծաղրում, Թուրքիան է ծիծաղում, ասում է՝ խոսում էիք Ցեղասպանությունից, իսկ հիմա եկել՝ ի՞նչ եք անում, գիրքն էլ կտամ՝ դոշներիդ կպցրեք: Այնքան է արժեզրկվել այդ ամենը, որ պետք է ասեն՝ դուք այդ գրքի համար կռիվ էիք տալիս, բայց եթե հայկական գիրք ձեր դոշին կպցնեք, կարող եք պաշտոններ կորցնել, այ դուք այդպես անարժան բան պետք է դառնաք, դրա համար խոսում են դեմիլիտարիզացիայից»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում