Գառան ազդրամիս՝ շաֆրանի սոուսի մեջ
Բաղադրիչները՝
- 4 հատ ոչ մեծ գառան ազդրամիս՝ յուրաքանչյուրը 400-500 գ քաշով
- 1 լ կարմիր չոր գինի
- 2 միջին չափի գլուխ սոխ
- 3 ճյուղ նեխուր
- 3 պճեղ սխտոր
- 2 ճյուղ հազրեվարդ (розмарин)
- 2 ճյուղ ուրց
- 4 եղեսպակի (шалфей) տերև
- 1 դափնու տերև
- 1 թ/գ հատիկավոր սև պղպեղ
- 4 գիհի (можжевельник) պտուղ
- շաֆրանի 50 թել
- 1/2 բաժակ ձիթապտղի ձեթ
- աղ
Լոբով ու դդումով խավարտի համար
- 600 գ դդում
- 300 գ սպիտակ լոբի
- 1 կարմիր կծու պղպեղ չիլի
- կանաչ սոխի միջին չափի փունջ
- 1/2 բաժակ բանջարեղենի արգանակ
- 4 ճ/գ ձիթապտղի ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը
Լոբին 12 ժամով թրջեք մեծ քանակության ջրի մեջ, ապա լվացեք, վրան սառը ջուր լցրեք, դրեք կրակի վրա, եռացրեք, միջին ուժգնության կրակի վրա եփեք մինչև փափկելը՝ մոտ 40-60 րոպե: Շաֆրանի վրա 1 բաժակ տաք ջուր լցրեք ու 1 ժամ թողեք:
Խոշոր կտրտեք սոխն ու նեխուրը, մաքրեք սխտորը: Գառան միսն աղ արեք: Մեծ և ջերմադիմացկուն կոթով թավայի մեջ ուժեղ կրակի վրա տաքացրեք ձեթը, մեջը տեղադրեք գառան ազդրամիսը, բոլոր կողմերից տապակեք մինչև ոսկեգույն երանգ ստանալը՝ մոտ 7-10 րոպե: Ավելացրեք բոլոր բույսերն ու բանջարեղենը, կրակը թուլացրեք, անընդհատ խառնելով մոտ 15 րոպե տապակեք:
Մսի վրա լցրեք գինին և շաֆրանի ջրի բաժակի կեսը: Թավայի մեջ մի քիչ տրորեք գիհի պտուղները, հատիկավոր սև պղպեղն ու դափնու տերևը: Թավան փակեք կափարիչով կամ փայլաթիթեղով և 1 ժամ 10 րոպեով տեղադրեք 160-170 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցի մեջ՝ ժամանակ առ ժամանակ շուռ տալով մսերն ու ստուգելով՝ արդյոք ողջ հեղուկը գոլորշիացել է:
Միսը պատրաստելու ժամանակ առաջացած սոուսը լցրեք փոքրիկ կաթսայի մեջ, ավելացրեք շաֆրանի հեղուկի մյուս կեսը: Սոուսը պատրաստեք միջին ուժգնության կրակի վրա մինչև խտանալը՝ մոտ 5-7 րոպե: Աղ արեք, պահեք տաք վիճակում:
Քանի դեռ միսը տապակվում է ջեռոցում, խավարտի համար կտրտեք կանաչ սոխը: Դդումը մաքրեք կեղևից ու սերմերից, խոշոր խորանարդների ձևով կտրատեք: Դդումը 10 րոպե շոգեխաշեք: Թավայի մեջ տաքացրեք ձեթը, ավելացրեք կտրտած կանաչ սոխը, միջին ուժգնության կրակի վրա 3 րոպե տապակեք: Ավելացրեք կտրտած դդումն ու ամբողջական չիլի պղպեղը, 5 րոպե էլ տապակեք: Վրան լցրեք արգանակը, աղ արեք: Երբ 10-15 րոպեից հետո դդումը փափկի, ավելացրեք լոբին, խառնեք ու 5 րոպե էլ պատրաստեք:
Գառան ազդրամիսը մատուցեք՝ վրան լցնելով սոուսը, դդումով ու լոբով խավարտի հետ միասին:
Ուտեստն սկսեք պատրաստել մատուցելուց 13 ժամ առաջ: