Բռնի իսլամացված Մարիեի պատմությունը՝ «Sweet Home Adana» ֆիլմում

Հայկական արմատներով մտավորական, ռեժիսոր, վավերագրող և ընդդիմադիր հայացքներով ակտիվիստ Նեգահան Ուսքանը Ermeniahaber.am-ի թղթակից Էլեն Քոքչյանի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Sweet Home Adana» («Քաղցր տուն Ադանա» -2024թ․) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։ Ուսքանը ներկայացրել է, թե ինչպես է մուտք գործել կինոարտադրության ոլորտ, ինչ դժվարությունների է հանդիպել Թուրքիայում հայերի հետ կապված ուսումնասիրությունների ժամանակ, ինչպես նաև պատմել Թուրքիայում լայն տարածում գտած գանձագողության մասին:

Նշենք, որ Ուսքանի հեղինակած այս կարճամետրաժ ֆիլմը արժանացել է Յոհան վան դեռ Քոյքենի «Նոր տաղանդ» մրցանակին։

– Ինչպե՞ս մուտք գործեցիք կինոարվեստ: Կպատմե՞ք այդ ընթացքի մասին:

– Իրականում ես չեմ կարող ասել, որ ես իսկապես մուտք եմ գործել այդ ոլորտ: Կինոն իմ արտահայտչամիջոցներից մեկն է, ինչպես գրելն ու ակադեմիական հետազոտություն անելը: Դա նաև ամենահարմար գործիքն էր այս պատմությունը պատմելու համար։ Իմ ակադեմիական կրթությունը ստացել եմ սոցիոլոգիայի և կինեմատոգրաֆիայի ոլորտներում։ Կինոն այս առումով միշտ ինձ հետ է եղել։ Նախկինում՝ 2017թ. կինոարտադրության փորձ ունեցել եմ։ «Դերդո մայրիկն ու ընկուզենին» ֆիլմը, որի ռեժիսորը Սերդար Օնալն է, նույնպես պատմում է հայ կնոջ մասին։ Պատմությունը հիմքում ընկած է Դերդո մայրիկի և վերջինիս՝ Բիթլիսի իր գյուղում գտնվող ընկուզենու հետ ունեցած կապը։

– Պատմեք խնդրեմ Ձեր «Քաղցր տուն Ադանա» վավերագրական ֆիլմի մասին: Ինչպե՞ս առաջացավ այն: Ինչու՞ որոշեցիք դնել հենց այդ ֆիլմանունը:

– «Sweet Home Adana»-ն փորձում է հասնել մի պատմության, որին չի հասել բանավոր պատմության միջոցով և ջնջվել է արխիվներից, և ցույց տալ այն շերտերը, որոնք ընկած են դրան անհաս լինելու հիմքում: Անհայտի և փնտրելու ու չգտնելու պատմությունը. Թեև գյուղ չկա, որտեղ կարելի է վերադառնալ, և թեև կոորդինատներն անհայտ են, թե որ տանն են պատկանում, ես կարծում եմ, որ աշխարհագրությունների հիշողությունները մտաբերելը կարևոր է ավերակ համարվող անցյալը նորոգելու համար։ Այս վավերագրական ֆիլմը նկարահանել եմ այս շարժառիթով։ Վավերագրական ֆիլմն արժանացել է Յոհան վան դեռ Քոյքենի «Նոր տաղանդ» մրցանակին։

«Sweet Home Adana» անունը ոգեշնչվել է «Sweet Home Alabama» երգից։ Տուն հասկացությանը, գոյություն չունեցող տուն հասկացությանը կամ ավերակների վերածված տուն հասկացությանը հեգնական մոտեցում է։ Ֆիլմի վերջում «ավերված տունը» դրական իմաստով վերափոխման է ենթարկվում։ Այդ իսկ պատճառով ես նախընտրեցի այն դրական իմաստը, որն ասոցացնում է «Sweet Home» անունը։ Երբ օրակարգ են գալիս հայոց պատմությանը վերաբերող հարցեր, ցավոք, թեման շատ բաց է շահարկման համար։ Ես չցանկացա, որ ֆիլմն այդպես դիտվեր, երբեք մտադրություն չէի ունենա հարցը բերել իմ կենտրոն։ Անձնական պատմության փոխարեն ինձ համար կարևոր է առերեսվել այս պատմության հետ, որը վերաբերում է մեզ բոլորիս և մեր հավաքական հիշողության մի մասն է: Ես հավատում եմ, ուզում եմ հավատալ, որ այս առերեսումը ավերակները նորոգելու և դրանք ծաղկեցնելու ներուժ ունի։

– Ձեր վավերագրական ֆիլմը պատմում է հայ կնոջ մասին: Ո՞վ է այդ կինը:

– Մորական տատիկիս տատը (մայրական կողմից)` Մարիեն, ադանացի հայուհի էր, ով բռնի իսլամացվել էր: Նա բուժում էր բույսերից պատրաստված իր իսկ դեղամիջոցներով։ Ես միայն այս տեղեկությունն ունեմ նրա մասին։

– Ֆիլմը նկարահանել եք Թուրքիայում։ Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել հայերի մասին ուսումնասիրություններ անելիս:

– Քանի որ ես նախկինում ուսումնասիրություններ էի արել հայերի վերաբերյալ, կարող էի կանխատեսել, թե ինչ դժվարությունների էի հանդիպելու: Այս առումով ոչ մի անսպասելի իրավիճակի չեմ հանդիպել։ Նյարդայնացնող էր, որ հիշողության մասին փնտրտուքս միշտ նույնացվում էր այն սյուժեների հետ, որոնք ամեն անգամ փնտրում էի: Շատ տխուր է, որ ամբողջ փնտրտուքը մեկնաբանվում է նյութական արժեքներով, կարծում եմ՝ սա մի իրավիճակ է, որին շատ հաճախ եմ բախվել։

Բայց պետք է ասեմ, որ ֆիլմի յուրաքանչյուր ցուցադրությունից հետո շատ զարմանալի մեկնաբանություններ էի ստանում։ Պատմությունը հուզեց շատ մարդկանց, ովքեր չէի կարծում կամ կարող էի չկռահել, որ զգայուն են հայկական հարցի նկատմամբ: Սա շատ նոր իրավիճակ է ինձ համար։ Շատերն ասացին, որ ունեն կամ կարող են ունենալ նմանատիպ պատմություն: Որոշ պահերի ես չէի կարողանում հավատալ, որ մենք կարող ենք այդքան հեշտությամբ խոսել այս թեմայի մասին, նույնիսկ այն միջավայրում, որը ես երբեք չէի սպասում: Ես զգացի, որ մենք պետք է ավելի շատ խոսենք: Թերևս ունեմ մի համոզմունք, որը ոմանց կարող է պարզունակ թվալ, որ այս պատմությունները մեկ առ մեկ բարձրաձայնելը քայլ կլինի դրանց առերեսվելու համար։

– Ձեր ֆիլմը պատմում է Թուրքիայում լայնորեն տարածված գանձագողության մասին։ Ո՞րն է այն ցուցադրելու նպատակը։

– Այս գանձահորերը շատ տարածված են հայկական և ընդհանրապես «ոչ մուսուլմանական» շինությունների շրջակայքում։ Ինչ-որ առումով այն շատ տպավորիչ է, քանի որ նշան է, որ ոչնչացումը, ջնջումն ու ավերումը շարունակվում են: Այս իրավիճակը մատնանշում է նմանատիպ ձևով այլ նպատակների մեկ այլ փնտրտուք, որն ընթանում է իմ նպատակին զուգահեռ։ Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է դա վերածվել հոբբիի սիրողական տեսանյութերում, որոնք նկարահանել են իրենք՝ գանձ որոնողները և վերբեռնել YouTube-ում: Մի կողմից՝ ժխտումը, իսկ մյուս կողմից՝ ժխտվող պատմությունից օգուտ քաղելու նպատակը։

Այս տեսանյութերի պատմողները սովորաբար հենց իրենք՝ գանձագողերն են, և ինձ շատ ծիծաղելի է եղել իրենց քարերին մոտենալը, քարերի հետ իրենց խոսակցությունները, երբեմն դրանցից հաշիվ պահանջելն ու դրանց հետ կռիվ տալը։ Այստեղի հումորն ինձ ավելի հեշտացրեց նաև իմ սեփական պատմությանը մոտենալը։ Բայց սա էլ կուզենայի ասել. Այն հարցը, որն իրականում ուզում եմ նշել այստեղ, չի սահմանափակվում սիրողական գանձագողերի համառ որոնումներով, ովքեր երազում են արագ հարստանալ: Ավելի լուրջ հարցն այն է, թե ինչպես է թուրքական բուրժուազիան հարստացել՝ ներդրումներ կատարելով այդ ապրանքների մեջ։ Այստեղ ժխտողականությունը և թալանչի մտածելակերպն ավելի են լրացնում ոճրագործի սահմանումը։

Տեսանյութեր

Լրահոս