ԱՄՆ-ում հետաձգել են զենքի մատակարարումները Թայվանին՝ Թրամփի՝ Չինաստան այցի պատճառով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կասեցրել է Թայվանին մոտ 13 միլիարդ դոլար գնահատվող զենքի վաճառքը՝ ապրիլին Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջև կայանալիք հանդիպումից առաջ։ Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրին։
Դեկտեմբերին Պենտագոնի Պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալությունը հայտնել էր, որ Թայվանին վաճառքի համար հաստատված ԱՄՆ զենքի, սարքավորումների և ռազմական ծառայությունների ընդհանուր արժեքը գերազանցել է 11 միլիարդ դոլարը։
«Վարչակազմի պաշտոնյաները գործարքի հաստատմանը մասնակցած որոշ անձանց հայտնել են, որ Սպիտակ տունը հրամայել է գործակալություններին չշարունակել գործողությունները՝ Թրամփի և Սի Ծինփինի միջև հաջող հանդիպումն ապահովելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Թերթը, հղում անելով պաշտոնյային, նշում է, որ ԱՄՆ-ի և Թայվանի միջև գործարքի ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 13 միլիարդ դոլար։



