«Ռոսատոմը» Իրանից տարհանել է «Բուշեր» ԱԷԿ-ում աշխատանքի մեջ ներգրավված 94 մարդկանց
«Ռոսատոմը» Իրանից տարհանել է «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների երեխաներին, ինչպես նաև ողջ ավելորդ անձնակազմը։ Այս մասին հայտնել է պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Ինչ վերաբերում է մեր անձնակազմին, որը գտնվում է ինչպես «Բուշեր» ԱԷԿ-ի կառուցման հրապարակում, այնպես էլ մայրաքաղաքում․ այս պահի դրությամբ երկրից դուրս են բերվել աշխատակիցների բոլոր երեխաները, ինչպես նաև ողջ ավելորդ անձնակազմն ու այն անձինք, ովքեր ցանկություն են հայտնել լքել երկիրը՝ ընդհանուր 94 մարդ»։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է պետական կորպորացիայի մամուլի ծառայությունը՝ մեջբերելով Լիխաչովի խոսքերը։
Նա նաև հայտարարել է, որ ««Ռոսատոմ» պետական կորպորացիայի ղեկավարությունը մշտական ռեժիմով վերահսկում է Իրանի Իսլամական Հանրապետությունում տիրող իրավիճակը»:
Շաբաթ առավոտյան ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք ավիահարվածներ են հասցրել Իրանին: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային գրոհ է իրականացրել Իսրայելի դեմ, ինչպես նաև հարվածել է Պարսից ծոցի մի շարք երկրներում և Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակմանն է ենթարկվել նաև իրանական Բուշեր քաղաքը, որտեղ գտնվում է «Բուշեր» ԱԷԿ-ը, որի շինարարությունն իրականացնում է «Ռոսատոմը»:



