Հայաստանի համար կարևոր չէ՝ Հարի՞սը, թե՞ Թրամփը, Թրամփի օրոք կորցրինք Ղարաբաղը, Բայդենի օրոք կորցրինք ամբողջությամբ․ Սուրեն Սարգսյան

«Հայաստանի համար էական չի լինելու՝ Հարի՞սը, թե՞ Թրամփը»,- այս մասին այսօր ռուս փորձագետների հետ կազմակերպված քննարկման ժամանակ ասաց Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ում նախագահական ընտրություններին ու ՀՀ-ի՝ այդ ընտրություններում հետաքրքրությանը։

Նա նշեց, որ Թրամփի նախագահության օրոք ամերիկյան վարչակարգը ՀՀ-ով գրեթե չէր զբաղվում, Թրամփի համար կային արտաքին քաղաքական այլ առաջնահերթություններ և առաջնահերթ այլ ռեգիոններ, ուստի ակտիվություն գրեթե չկար։

Սուրեն Սարգսյանը հիշեցրեց, որ նույնիսկ չկային շփումներ բարձր մակարդակում, միակ շփումը Հայաստանում հեղափոխությունից մի քանի օր առաջ Սերժ Սարգսյան-Փենս հեռախոսազրույցն էր։

«Իսկ 2020 թվականից հետո՝ արդեն Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, ամերիկացիները սկսեցին չափազանց ակտիվ աշխատել այստեղ, ինչո՞ւ, որովհետև Ռուսաստանն արդեն զբաղվում էր լրիվ այլ հարցերով, իսկ ամերիկացիները դատարկ տեղն այդպիսին չեն թողնում և ամերիկացիները նաև տեսնում են, որ կա հնարավորություն ռեգիոնալ հակամարտությունների կարգավորման համար, քանի որ կա ՀՀ-ում կառավարություն, որը պատրաստ է բոլոր զիջումներին, միայն թե ամեն բան լավ լինի Թուրքիայի և Ադրբեջանի հետ։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ակտիվությանը, ապա ակտիվություն կա, բայց ամենաբարձր մակարդակով շփումներ Բայդենի ու Փաշինյանի միջև չեն եղել՝ ո՛չ մի հեռախոսազրույց, ո՛չ մի հանդիպում. սա ցույց է տալիս, որ օրակարգը ոչ թե հայ-ամերիկյան է, այլ ռեգիոնալ, այսինքն՝ ԱՄՆ-ը զբաղվում է ռեգիոնով, ոչ թե ՀՀ-ի հետ հարաբերություններով»,- մեկնաբանեց Սարգսյանը։

Խոսելով ԱՄՆ նախագահի թեկնածուների մասին, միջազգայնագետը հիշեցրեց մեկ շաբաթ առաջ Հարիսի թիմի նամակը հայկական կազմակերպություններին, ինչը, ըստ նրա, ինչպես բոլորը տեսան՝ նախընտրական նամակ էր։

«Ես դա չէի համարի, որ ազդելու է Հարիսի թիմի արտաքին քաղաքականության վրա, չեմ կարծում, որ Հարիսի թիմի արտաքին քաղաքականությունը լինելու է այնպիսին, ինչպիսին Բայդենինն է, ընդհանուր շատ գծեր կլինեն, սակայն լինելու է այլ թիմ, այլ վարչակարգ և այլ արտաքին քաղաքականություն։ Թրամփի նախագահությունը հիշում ենք, ակտիվ չէր զբաղվում մեզնով, եթե նա վերադառնա Սպիտակ տուն, ՀՀ-ով ակտիվ չի զբաղվելու, չգիտեմ նույնիսկ՝ պետք է Թրամփի պասիվությո՞ւնը, թե՞ Բայդենի ակտիվությունը։ Ամեն դեպքում Թրամփի օրոք մենք կորցրինք Ղարաբաղը, իսկ Բայդենի օրոք վերջնական տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, ուստի մեզ համար էական տարբերություն չկա թեկնածուների միջև»,- այսպիսի տեսակետ հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս