Մահացել է Ստրոբ Թելբոթը․ Քլինթոնի վարչակազմի առանցքային դիվանագետը և ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ամերիկացի դերակատարը

80 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի վարչակազմի առանցքային պաշտոնյաներից Ստրոբ Թելբոթը։

Ստրոբ Թելբոթը (Nelson Strobridge Talbott III) ամերիկացի դիվանագետ, լրագրող և արտաքին քաղաքականության փորձագետ էր, որը կարևոր դեր է ունեցել Բիլ Քլինթոնի վարչակազմի արտաքին քաղաքականության, մասնավորապես՝ Ռուսաստանի և նախկին Խորհրդային Միության երկրների նկատմամբ ԱՄՆ մոտեցումների ձևավորման գործում։

Ծնվել է 1946 թվականի ապրիլի 25-ին, Օհայո նահանգի Դեյթոն քաղաքում։ Ավարտել է Յեյլի համալսարանը, ապա՝ Օքսֆորդի համալսարանում ուսումը շարունակել որպես Ռոդսի կրթաթոշակառու։ Օքսֆորդում սովորելու տարիներին մտերմացել է ապագա ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնի հետ։

Կարդացեք նաև

Մինչ պետական ծառայության անցնելը՝ 21 տարի աշխատել է Time ամսագրում։ Լուսաբանել է Արևելյան Եվրոպան, ԱՄՆ պետքարտուղարության և Սպիտակ տան գործունեությունը, հետագայում դարձել ամսագրի Վաշինգտոնի բյուրոյի ղեկավար, խմբագիր և արտաքին քաղաքականության մեկնաբան։ Նա նաև թարգմանել ու խմբագրել է ԽՍՀՄ առաջնորդ Նիկիտա Խրուշչովի հուշերի երկու հատորները։

1993 թվականին Թելբոթը միացել է Քլինթոնի վարչակազմին՝ զբաղեցնելով պետքարտուղարի՝ նախկին Խորհրդային Միության նորանկախ պետությունների հարցերով հատուկ խորհրդականի և դեսպան-լիազորի պաշտոնները։ 1994-2001 թվականներին եղել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ՝ Ուորեն Քրիստոֆերի, ապա՝ Մադլեն Օլբրայթի օրոք։

Պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Թելբոթը ներգրավված էր Ռուսաստանի հետ հարաբերությունների, հետխորհրդային տարածքում ԱՄՆ քաղաքականության, միջուկային զինաթափման և միջազգային անվտանգության հարցերում։ Նա համարվում էր Քլինթոնի վարչակազմի՝ Ռուսաստանի քաղաքականության առանցքային ճարտարապետներից մեկը։

2002 թվականին դարձել է Վաշինգտոնի հեղինակավոր Բրուքինգսի ինստիտուտի նախագահը և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 2017 թվականը։ Նախքան այդ՝ ղեկավարել է Յեյլի համալսարանի Գլոբալիզացիայի ուսումնասիրության կենտրոնը։ Հեղինակել է մի շարք գրքեր՝ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների, Սառը պատերազմի և միջազգային քաղաքականության վերաբերյալ:

Թելբոթի գործունեության կարևոր ուղղություններից էր նաև Հարավային Կովկասը։ Նա մասնակցել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման շուրջ դիվանագիտական գործընթացներին և 1990-ականներին այցելել Հայաստան։

Նա 1990-ականներին ԱՄՆ-ի՝ Հարավային Կովկասի քաղաքականության առանցքային դեմքերից էր և անմիջականորեն ներգրավված էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման դիվանագիտական գործընթացում։
Մասնավորապես, 1997 թվականին նա ամերիկյան պատվիրակության կազմում այցելել է Հայաստան և Ադրբեջան՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ միասին։ Այդ ժամանակ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան համանախագահում էին ԵԱՀԿ Մինսկի խումբը։

1998 թվականի մարտին Թելբոթը ներկայացրել է ԱՄՆ-ի քաղաքականության հիմնական ուղղությունները Հարավային Կովկասում՝ առանձնացնելով տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը, տնտեսական զարգացումը, ժողովրդավարական բարեփոխումներն ու Կասպից ծովի էներգետիկ պաշարների արտահանման ուղիների զարգացումը։

Թելբոթի՝ Հայաստան կատարած այցերից առանձնահատուկ նշանակություն ունեցավ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը։ Այդ օրը նա Երևանում բանակցություններ էր վարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Վազգեն Սարգսյանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով։ Ըստ The Washington Post-ի 1999 թվականի հոկտեմբերի 28-ի հրապարակման` Վազգեն Սարգսյանն անձամբ ճանապարհել էր նրան օդանավակայան։ Մոտ մեկ ժամ անց Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցավ ահաբեկչությունը, որի հետևանքով սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը և այլ պետական գործիչներ։ Այդ ժամանակ Թելբոթն արդեն լքել էր Հայաստանը։ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել էին, որ հիմքեր չկան ենթադրելու, թե հարձակումն առնչություն ուներ նրա հետ ունեցած բանակցությունների հետ։

Թելբոթի դիվանագիտական գործունեությունն ու հիմնական ձեռքբերումները

Ստրոբ Թելբոթը կարևոր դեր է ունեցել 1990-ականների ամերիկյան արտաքին քաղաքականության ձևավորման և մի շարք միջազգային գործընթացների կարգավորման գործում։

Նրա դիվանագիտական գործունեության կարևոր դրվագներից մեկը 1999 թվականին Կոսովոյի պատերազմի ավարտի շուրջ բանակցություններն էին։ Նա ԱՄՆ-ի անունից բանակցել է Ռուսաստանի հետ՝ փորձելով հաղթահարել կողմերի տարաձայնությունները և հասնել հակամարտության կարգավորմանը։

Թելբոթը եղել է ՆԱՏՕ-ի ընդլայնման ակտիվ կողմնակիցներից։ Նրա գործունեության ընթացքում դաշինքին անդամակցեցին Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան՝ 1999 թվականին։ Նա նաև աջակցել է Բալթյան երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացին, որն ավարտվեց 2004 թվականին՝ արդեն Քլինթոնի վարչակազմի ավարտից հետո։

Թելբոթը Բիլ Քլինթոնի վարչակազմում Ռուսաստանի հետ հարաբերությունների գլխավոր մասնագետներից էր։ Նա կարևոր դեր է ունեցել Քլինթոնի և Բորիս Ելցինի միջև քաղաքական երկխոսության ձևավորման գործում։

Նրա նպատակն էր հետսառըպատերազմյան շրջանում Ռուսաստանին ներգրավել եվրոպական անվտանգության նոր համակարգում և զարգացնել ԱՄՆ-Ռուսաստան համագործակցությունը։

Սակայն այս քաղաքականությունը երկարաժամկետ առումով չհանգեցրեց կայուն գործընկերության ձևավորմանը։

Թելբոթը հայտնի էր նաև ռուս գրականության նկատմամբ իր հետաքրքրությամբ և ռուսերենի իմացությամբ։

1998 թվականին Հնդկաստանի և Պակիստանի միջուկային փորձարկումներից հետո Թելբոթը մի քանի անգամ այցելել է երկու երկրներ՝ լարվածությունը նվազեցնելու և միջուկային զենքի տարածումը սահմանափակելու շուրջ բանակցություններ վարելու նպատակով։

Նրա առաքելություններից էր կանխել երկու միջուկային տերությունների միջև հնարավոր ռազմական էսկալացիան։
Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ուներ Թելբոթի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։

1997 թվականին ԱՄՆ-ը միացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ։ Թելբոթը դարձավ Մինսկի համաժողովի ամերիկացի համանախագահը։

Նա ակտիվորեն ներգրավված էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում։
1997թ. առաջ էր մղվում փուլային կարգավորման տարբերակ, որը նախատեսում էր՝

● ռազմական գործողությունների վերսկսման վտանգի վերացում,

● տարածքների վերադարձ,

● հաղորդակցությունների և սահմանների բացում,

● շրջափակումների վերացում,

● Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ցամաքային կապի պահպանում,

● միջազգային խաղաղապահ ուժերի և անվտանգության երաշխիքների տեղակայում։

Այս տարբերակի շուրջ պատրաստակամություն էին հայտնել բանակցելու Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևը, սակայն Լեռնային Ղարաբաղի իշխանությունները դեմ էին այդ մոտեցմանը՝ պահանջելով կարգավիճակի հարցը քննարկել հենց սկզբից։ Հետագայում Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո գործընթացը դադարեց։

Այսպիսով, Թելբոթը եղել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն ժամանակվա ամերիկյան քաղաքականության կարևոր դերակատարներից մեկը, սակայն նրա ներգրավվածությունը չհանգեցրեց հակամարտության լուծմանը։

Թելբոթի դիվանագիտական ժառանգության առանցքային առանձնահատկություններից մեկն այն էր, որ նա անմիջական մասնակցություն ունեցավ հետխորհրդային աշխարհակարգի ձևավորման գործընթացին։ Նրա գործունեությունը միաժամանակ կապված էր ինչպես ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացման, այնպես էլ հետագայում այդ հարաբերություններում ի հայտ եկած խոր տարաձայնությունների ժամանակաշրջանի հետ։

Ստրոբ Թելբոթը` Հայաստանի և Ղարաբաղյան հակամարտության մասին․ ինչ է ասել միջազգային մամուլին
ԱՄՆ պետքարտուղարություն. 1998 թվականի մարտի 31-ին ԱՄՆ Սենատում ունեցած ելույթում Թելբոթը նշել էր, որ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը կարող են դառնալ 21-րդ դարի հաջողության պատմություններից մեկը։ Նա ընդգծել էր Հայաստանի՝ տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական նախագծերին մասնակցելու կարևորությունը։

Նույն ելույթում Թելբոթը նշել էր, որ հակամարտությունն ու փակ սահմանները սահմանափակում են Հայաստանի տնտեսական հնարավորությունները և խոչընդոտում ամբողջ տարածաշրջանի զարգացմանը։

ԱՄՆ-ն առաջ էր մղում Ղարաբաղյան հակամարտության փուլային կարգավորումը

ԱՄՆ պետքարտուղարություն. 1997 թվականի կարգավորման առաջարկի մասին խոսելիս Թելբոթը ներկայացրել էր տարածքների վերադարձի, հաղորդակցությունների բացման, անվտանգության երաշխիքների և Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միջև կապի պահպանման դրույթները։ Նա նշել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Հեյդար Ալիևը պատրաստ էին առաջ շարժվել այդ տարբերակով։

ԱՄՆ-ն հակամարտությունների կարգավորումը համարում էր տարածաշրջանի առաջնահերթություն

Radio Free Europe/Radio Liberty .1997 թվականի հուլիսին Թելբոթը հայտարարել էր, որ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորումը Վաշինգտոնի առաջնահերթություններից է։ Նա հույս էր հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ավարտը հեռու չէ։

«Մենք դեռ նոր էինք սկսում ճանաչել նրան»․ Թելբոթը՝ Վազգեն Սարգսյանի մասին

The Washington Post -ը գրել էր. 1999թ. հոկտեմբերի 27-ին Երևանում Վազգեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո Թելբոթը հեռացել էր Հայաստանից։ Խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության մասին տեղեկանալուց հետո նա ցավակցություն էր հայտնել և Վազգեն Սարգսյանի մասին ասել. «Մենք դեռ նոր էինք սկսում ճանաչել նրան»։

Ղարաբաղյան հիմնահարցի լուծման մասին. ի՞նչ է ցույց տալիս գաղտնազերծված փաստաթուղթը
Նիկոլ Փաշինյանը 2025թ. հունվարի 31-ի մամուլի ասուլիսում, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին, վկայակոչել էր ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ստրոբ Թելբոթի խոսքերը՝ պնդելով, որ ԱՄՆ-ը սկզբունքորեն դեմ է եղել հակամարտությունը սահմանների փոփոխությամբ լուծելուն։

Փաշինյանը մեջբերել էր Թելբոթի այն միտքը, որ սահմանների փոփոխությունը կարող է «Պանդորայի արկղ» բացել, իսկ Ղարաբաղի դեպքում լավագույն արդյունքը կարող է լինել փակուղին, վատագույնը՝ բռնությունը։ Փաշինյանի մեկնաբանությամբ՝ այս հայտարարությունը վկայում էր, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, դեմ էր սահմանների փոփոխության տարբերակին։

Սակայն CivilNetCheck-ի ուսումնասիրած՝ ԱՄՆ պետքարտուղարության գաղտնազերծված փաստաթուղթը ցույց է տվել, որ Թելբոթի դիրքորոշումն ավելի բարդ էր։

Խոսքը 1997 թվականի հուլիսի 3-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին է։ Այդ օրը Թուրքիայի փոխարտգործնախարար Օնուր Օյմենը դիմել էր Թելբոթին՝ պարզելու տարածքների փոխանակման վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը։ Քննարկման առարկան Թուրքիայի նախկին վարչապետ Բյուլենթ Էջևիթի առաջարկն էր, ըստ որի՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը կզիջեր Հայաստանին, իսկ Հայաստանը դրա դիմաց տարածքային զիջումներ կաներ Ադրբեջանին։

Թելբոթը զգուշավոր էր նման առաջարկի նկատմամբ։ Նա նշել էր, որ աշխարհի տարբեր տարածաշրջաններում սահմանների վերաձևման փորձերը հաճախ հանգեցրել են անկառավարելի իրավիճակների, բռնության և անկարգությունների։ Ղարաբաղի պարագայում, նրա գնահատմամբ, լավագույն արդյունքը կարող էր լինել բանակցային փակուղին, իսկ վատագույնը՝ բռնությունը։

Սակայն, ինչպես նշել էր CivilNetCheck-ը ՝ հղում անելով գաղտնազերծված փաստաթղթին, Թելբոթը չէր բացառել տարածքների փոխանակման հնարավորությունը։ Նա հիշատակել էր ԵԱՀԿ սկզբունքը, ըստ որի՝ սահմանների փոփոխությունը պետք է իրականացվի ոչ թե ուժի կիրառմամբ, այլ բանակցությունների միջոցով։

Ի՞նչ է իրականում ասված գաղտնազերծված փաստաթղթերում

Տարածքների փոխանակման գաղափարը դիվանագիտական շրջանակներ է մտել 1992-ին՝ ԱՄՆ պետքարտուղարության նախկին աշխատակից Փոլ Գոբլի առաջարկով։ «Ազատության» ռեպորտաժում նշվում է, որ հետագայում Թուրքիան այս տարբերակը ներկայացրել է ԱՄՆ տարբեր վարչակազմերի։

Այսպես, Թուրքիայի փոխարտգործնախարար Օնուր Օյմենը 1997-ի հուլիսի 3-ին դիմել է ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թելբոթին՝ պարզելու տարածքների փոխանակման վերաբերյալ ամերիկյան դիրքորոշումը։

2019-ի հոկտեմբերին գաղտնազերծված փաստաթղթի համաձայն՝ Թելբոթը զգուշավոր մոտեցում է ցուցաբերել այս առաջարկին՝ ընդգծելով, որ սահմանային հարցերը հաճախ վերածվում են «Պանդորայի արկղի», և դժվար է հասնել երկուստեք ընդունելի լուծման։

«Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում և գաղտնազերծված փաստաթղթում Թելբոթի խոսքերը ներկայացված են ամբողջական համատեքստում։

«Երբ Աֆրիկայի երկրները ապագաղութացվեցին, շատերը գիտակցեցին, որ միջպետական սահմանները էթնոգրաֆիական տեսանկյունից իմաստ չունեին։ Բայց երբ կողմերը դիտարկում էին այլընտրանքները, դա վերածվում էր անլուծելի խառնաշփոթի և հանգեցնում էր բռնության ու անկարգությունների։ Լեռնային Ղարաբաղի դեպքում լավագույն արդյունքը կարող է լինել փակուղին, իսկ վատթարագույնը՝ բռնությունը»։

Հենց այս հատվածն է թերի մեջբերել Փաշինյանը՝ պնդելով, թե դա ապացուցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի բացասական դիրքորոշումը սահմանների փոփոխության հարցում։

Մինչդեռ, թե՛ տեսանյութում, թե՛ բնօրինակ փաստաթղթում հաջորդիվ նշված է, որ Թալբոթը չի բացառել սահմանների փոփոխության հնարավորությունը։ Նա հիշատակել է ԵԱՀԿ սկզբունքը, համաձայն որի՝ սահմանների փոփոխությունը պետք է իրականացվի ոչ թե ուժի կիրառմամբ, այլ բանակցությունների միջոցով։

Փաստաթղթում նշված է. «փոխպետքարտուղարը նշել է. Եթե ադրբեջանցիներն ու հայերը պատրաստ լինեն քննարկել տարածքների փոխանակման հարցը, ապա ԱՄՆ-ն, Թուրքիան և ԵԱՀԿ/Մինսկի խումբը կաջակցեն այդ գործընթացին՝ պայմանով, որ այն լինի փոխադարձ համաձայնությամբ»։ Միևնույն ժամանակ, հիմնվելով իր փորձի վրա՝ Թելբոթը հայտնել է «հոռետեսական դիրքորոշում» առաջարկի նկատմամբ։

CivilNetCheck-ի գնահատմամբ՝ Փաշինյանի ներկայացրած մեկնաբանությունը չէր համապատասխանում փաստաթղթի ամբողջական բովանդակությանը, քանի որ վարչապետը մեջբերել էր Թելբոթի խոսքերի միայն մի հատվածը՝ բաց թողնելով տարածքների փոխանակման հնարավորությանն աջակցելու մասին նրա հաջորդող հայտարարությունը։

168.am-ը ներկայացրել է մի քանի կարևոր դրվագներ, որոնք լրացնում են Ստրոբ Թելբոթի և Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ղարաբաղյան կարգավորման շուրջ ունեցած քննարկումների պատկերը։
1996թ. ԱՄՆ փոխպետքարտուղար Ստրոբ Թելբոթի և ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով նախագահի տեղակալի խորհրդական Սեմյուել Բերգերի հետ հանդիպումների ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ներառի անվտանգության հուսալի երաշխիքներ։

Տեր-Պետրոսյանը, մասնավորապես, նշել է, որ անհրաժեշտ են մեխանիզմներ, որոնք ամբողջությամբ կերաշխավորեն Արցախի բնակչության անվտանգությունը։ Նա հիշատակել է Սարաևոյի իրադարձությունները՝ ընդգծելով, որ Ղարաբաղի բնակչությունը չի ցանկանում հայտնվել նույն իրավիճակում և ստիպված լինել լքել իր բնակավայրերը։

Նույն հանդիպման ընթացքում Տեր-Պետրոսյանն ասել է նաև, որ Ղարաբաղը պետք է կապ ունենա Հայաստանի հետ։ Որպես տարբերակ՝ նա նշել է միջանցքի հնարավորությունը՝ շեշտելով, որ այն պետք է ռազմական տեսանկյունից անվտանգ լինի և լրացուցիչ անվտանգության երաշխիք ապահովի Արցախի համար։

Փաստաթղթի համաձայն՝ Թելբոթն ու Բերգերը հանդիպման ընթացքում քննադատել են հայկական կողմի ներկայացրած 14 կետանոց փաստաթուղթը՝ նշելով, որ դրանում Ադրբեջանի համար կարևոր հարցերը բավարար չափով արտացոլված չեն։

Ամերիկացի պաշտոնյաների գնահատմամբ՝ փաստաթղթի 14 կետերից միայն երկուսն էին բխում Ադրբեջանի շահերից, մինչդեռ մնացածը հիմնականում արտացոլում էին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերը։ Նրանք, մասնավորապես, կարևորել են զորքերի դուրսբերման, փախստականների վերադարձի, տարածքային ամբողջականության սկզբունքի և Լաչինի հարցերի քննարկումը։

Այսպիսով, ամերիկյան կողմը հայկական առաջարկները դիտարկել է որպես ոչ բավարար հավասարակշռված և պնդել, որ կարգավորման սկզբունքները պետք է հաշվի առնեն երկու կողմերի պահանջները։

Նույն փաստաթղթում անդրադարձ կա նաև Արցախի կարգավիճակի հարցում օգտագործվող ձևակերպումներին։ Սեմյուել Բերգերը նշել է, որ «լիարժեք ինքնավարություն» և «ամուր ինքնակառավարում» հասկացությունները պետք է մանրամասնվեն այնպես, որ դրանք համապատասխանեն երկու կողմերի պահանջներին։ Երբ Թելբոթը նշել է, որ ամերիկյան կողմը ցանկանում է Ադրբեջանից հստակեցնել, թե ինչ է նշանակում ինքնավարության առավելագույն աստիճան, Տեր-Պետրոսյանը պատասխանել է՝ «ինքնավարության ամենաբարձր հնարավոր աստիճանը»։
1992 թվականի մարտի 5-ին «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին Տեր-Պետրոսյանի տված հարցազրույցը։ Դրանում նա հայտարարել էր, որ Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը կարող է բավարարել կողմերին, եթե տեղական իշխանություններն ունենան ներքին հարցերը, այդ թվում՝ կադրային խնդիրները լուծելու լիազորություն։ Տեր-Պետրոսյանը շեշտել էր, որ այդ տարբերակով Ղարաբաղը կմնար Ադրբեջանի կազմում, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կպահպանվեր, իսկ ղարաբաղցիները կունենային իրենց կենսագործունեության երաշխիքներ։

Ուշագրավ դրվագներ` Թելբոթի կյանքից

Միջազգային լրատվամիջոցների հրապարակումներում և Թելբոթի մասին պատմող հարցազրույցներում կան մի քանի ուշագրավ դրվագներ, որոնք բացահայտում են ոչ միայն նրա դիվանագիտական գործունեությունը, այլև անձնական կապերն ու աշխատաոճը։

Քլինթոնի հետ նույն սենյակում էր ապրում Օքսֆորդում

Թելբոթն ու Բիլ Քլինթոնը ծանոթացել էին Օքսֆորդի համալսարանում, որտեղ երկուսն էլ Ռոդսի կրթաթոշակառուներ էին և նույնիսկ նույն սենյակն էին կիսում։ Association for Diplomatic Studies and Training կազմակերպությանը տված հարցազրույցում Թելբոթը պատմել է, որ Քլինթոնը նրա համար հաճախ ձվածեղ էր պատրաստում, մինչ ինքը զբաղվում էր Նիկիտա Խրուշչովի հուշագրերի թարգմանությամբ։ Տարիներ անց նրանց համալսարանական ընկերությունը վերածվեց քաղաքական սերտ համագործակցության․ Քլինթոնը նախագահ դառնալուց հետո Թելբոթին հրավիրեց աշխատելու իր վարչակազմում։

Խորհրդային ՊԱԿ-ը կասկածում էր, որ նա լրտես է

The Washington Post-ը 1996թ. հրապարակման մեջ պատմել է, որ Թելբոթի՝ խորհրդային այլախոհների հետ շփումները ՊԱԿ-ի ուշադրության կենտրոնում էին։ Նրա ռուսաստանցի ծանոթներին հարցաքննում էին ամերիկացու հետ կապերի մասին, իսկ Թելբոթի լրագրողական գործունեությունը խորհրդային իշխանությունների կասկածներն էր հարուցում։

Խրուշչովի գաղտնի հուշագրերն առաջիններից մեկն էր թարգմանել

1969 թվականին, դեռ երիտասարդ լրագրող լինելով, Թելբոթին վստահվեց Խորհրդային Միության նախկին առաջնորդ Նիկիտա Խրուշչովի՝ ձայնագրություններից վերծանված հուշագրերի թարգմանությունն ու խմբագրումը։ Դրանք Խրուշչովի՝ իշխանությունից հեռացվելուց հետո արված ձայնագրություններն էին։ Հուշագրերը հրատարակվեցին երկու հատորով՝ 1970 և 1974 թվականներին։ Այդ աշխատանքը նրան ճանաչում բերեց և մեծապես ազդեց նրա հետագա մասնագիտական ուղու վրա։

Associated Press-ը Թելբոթի մահվան մասին հրապարակման մեջ անդրադարձել է նաև նրա երիտասարդության այս դրվագին։ Աշխատանքը հրատարակվեց երկու հատորով։

Խորհրդային մամուլը նրան անվանել էր «ԿՀՎ-ի երիտասարդ տնկին»

The Washington Post-ի նույն հրապարակման համաձայն՝ Խրուշչովի հուշագրերի հրապարակումից հետո խորհրդային մամուլում Թելբոթին մեղադրում էին ամերիկյան հետախուզության հետ կապ ունենալու մեջ։ Նրան վերագրվող այդ բնորոշումն արտացոլում էր խորհրդային իշխանությունների վերաբերմունքը երիտասարդ ամերիկացի լրագրողի նկատմամբ։

Պուտինի անունն առաջին անգամ լսել էր Քլինթոնի անհաջող այցի ժամանակ

Թելբոթը պատմել է, որ 1996թ. Քլինթոնը Սանկտ Պետերբուրգ կատարած այցի ժամանակ դժգոհ էր մնացել այն հանգամանքից, որ իր ավտոմեքենան չէր կանգնում, և ինքը չէր կարողանում շփվել փողոցում հավաքված մարդկանց հետ։ ԱՄՆ դեսպան Ջեյմս Քոլինզը Քլինթոնին ասել էր, որ այդ ամենի պատասխանատուն քաղաքապետի տեղակալներից մեկն է՝ Վլադիմիր Պուտինը։ Այդպես Թելբոթն առաջին անգամ լսել էր Պուտինի անունը։

Պուտինը նախապես ուսումնասիրել էր նրա կենսագրությունը

PBS FRONTLINE-ին տված հարցազրույցում Թելբոթը պատմել է Պուտինի հետ հանդիպումներից մեկի մասին։ Հանդիպման սկզբում Պուտինը հիշատակել էր 19-րդ դարի ռուս բանաստեղծի, որի մասին Թելբոթը գիտական աշխատանք էր գրել Օքսֆորդում։ Ամերիկացի դիվանագետի գնահատմամբ՝ դա ցույց էր տալիս, որ Պուտինը նախապես ուսումնասիրել էր իր կենսագրությունն ու անձնական տվյալները։
Կոսովոյի ճգնաժամի ժամանակ ստիպված էր հետ շրջել ինքնաթիռը

1999թ., Կոսովոյի պատերազմի ավարտից հետո, ռուս զինվորականները անսպասելիորեն մտան Պրիշտինայի օդանավակայան և հրաժարվեցին հեռանալ։ Առաջացել էր ռուսական և ՆԱՏՕ-ի ուժերի հնարավոր բախման վտանգ։ Թելբոթը պատմել է, որ այդ պահին ինքն արդեն Մոսկվայից վերադարձող փոքր ինքնաթիռում էր։ Տեղեկանալով զարգացումների մասին՝ հրահանգել էր ինքնաթիռին հետ շրջել և վերադառնալ Մոսկվա՝ ռուսական ղեկավարության հետ հրատապ բանակցություններ վարելու համար։

Բանակցություններ էր վարում Ստալինի նախկին նստավայրում

Կոսովոյի պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների ընթացքում Թելբոթը հանդիպումներ էր անցկացնում Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Չեռնոմիրդինի և Ֆինլանդիայի նախագահ Մարտի Ահտիսաարիի հետ՝ Մոսկվայի մերձակայքում գտնվող այն առանձնատանը, որտեղ ժամանակին Ստալինը ուշ գիշերային հանդիպումներ էր անցկացնում իր շրջապատի հետ։

Հրապարակումների համաձայն՝ բանակցությունների սեղանի շուրջ նույնիսկ դատարկ աթոռ էին դրել՝ հիշեցնելու, որ պետք է հաշվի առնել նաև բանակցությունների սեղանի շուրջ բացակայող Հարավսլավիայի նախագահ Սլոբոդան Միլոշևիչի դիրքորոշումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30