Պապոյանի նման «մտքի գիգանտ»-ների պատճառով է, որ սակավահող Հայաստանում վարելահողերի կեսից ավելին չի մշակվում. Սարգիս Սեդրակյան
«Հայաստանում ցորենի արտադրությունը ձեռնտու չէ»՝ հերթական փաշինյանիզմի հեղինակը ՔՊ-ական նախարար Գևորգ Պապոյանն է։ Էկոնոմիկայի նախարարն այսպես է հիմնավորել կառավարության կողմից աշնանացան ցորենի սուբսիդիան դադարեցնելու որոշումը։
«Հայաստանում մենք հաշվարկներ ենք անում և տնտեսապես նպատակահարմար ծրագրերն ենք իրականացնում, եթե որևէ ծրագիր տնտեսապես ոչ նպատակահարմար է, մենք չենք իրականացնում։ Դրա փոխարեն այլ նպատակահարմար ծրագիր ենք իրականացնում։
ՀՀ-ում ցորենի արտադրությունը տնտեսապես ոչ ձեռնտու գործընթաց է։ Մեկ հեկտար ջրովի տարածքից ստացվում է 450.000 դրամի ցորեն, բայց ծախսվում է 420.000 դրամ»,- ասել էր նա՝ շեշտելով, թե վատ տնտեսական քաղաքականություն կլինի, եթե ինտենսիվ այգիների փոխարեն ցորեն մշակեն:
168.am-ի հետ զրույցում Ռազմավարական ծրագրերի Քաղաքացիական համագործակցության ցանցի նախագահ, Ֆերմերային Շարժում ՀԿ նախագահ, ՄԱԿ-ի փորձագետ Սարգիս Սեդրակյանն անդրադառնալով այս հայտարարություններին՝ նշեց․
«Երկրի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում պատահական հայտնված և գյուղատնտեսության ոլորտից հեռու այս երիտասարդ մեծամիտին թվում է, թե իրենից առաջ ոչ մեկի մտքով չի անցել այդ գաղափարը կյանքի կոչել, և մեր պապերը, նախկինները, որ տարիներ շարունակ ցորեն են մշակել, այդքան բանը չեն հասկացել:
Այս նախարարի նման «մտքի գիգանտ»-ների պատճառով է, որ սակավահող Հայաստանում 442 հազար հա վարելահողերի կեսից ավելին (մոտ 250-300 հազար հա) չի մշակվում, տարիների ընթացքում դեգրադացվել և դարձել է հետագա մշակության համար ոչ պիտանի: Ներկայիս իշխանությունները 2018թ. քննադատում էին նախկին իշխանություններին՝ վարելահողերն անմշակ թողնելու համար: Ասացեք խնդրեմ, 6 տարուց ավելի է` իշխանության են եկել, այս ուղղությամբ ի՞նչ են արել․ ոչի՛նչ: Փոխարենը՝ վերացրել են գյուղատնտեսության նախարարությունը, լուծարել գյուղատնտեսական նշանակության գիտահետազոտական ինստիտուտներ, կայաններ, տարբեր կառուցվածքներ:
Դուք կարծում եք, օրինակ, պատերազմի մեջ գտնվող Ուկրաինան, որն ունի բարձրորակ, բերրի հողեր, չի՞ հասկանում, որ ցորենի փոխարեն ավելի նպատակահարմար է մշակել բարձրարժեք մշակաբույսեր և ստանալ բարձր բերք, բայց նա ցորեն մշակելով՝ ապահովում է իր երկրի հացը, միաժամանակ՝ գտնվելով ցորեն արտադրող 10 համաշխարհային երկրների ցանկում, տարեկան արտադրելով 20,5 մլն տոննա կամ համաշխարհային արտադրության 3 տոկոսը»։
Սարգիս Սեդրակյանը ցավով արձանագրեց, որ նախարար Պապոյանը չգիտի ու չի էլ պատկերացնում, թե ինչ է երկրի պարենային անվտանգությունը, որ պատերազմի, համաճարակի կամ այլ ֆորսմաժորների դեպքում, երբ փակվեն միջազգային սահմանները, պետությունը պետք է կարողանա կերակրել իր քաղաքացիներին։
«Ցորենի պահանջարկը Հայաստանում տարեկան կազմում է մոտ 530 հազար տոննա․ մեր երկրում ցորենի ինքնաբավության աստիճան շատ ցածր է՝ 24,4 տոկոս, ինչը շատ վտանգավոր է, իսկ աշխարհը կանգնած է տարբեր պատերազմների մարտահրավերների առաջ։
Ուկրաինայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները և լոգիստիկ խնդիրները հանգեցրել են պարարտանյութերի գլոբալ պակասի, ինչը կարող է հանգեցնել համաշխարհային սովի, քանի որ Ուկրաինան հանդիսանում է ցորենի համաշխարհային խոշոր արտադրողներից մեկը: Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերությունների սրումը հանգեցրել է ցորենի գների կտրուկ աճի։
Այս անպտուղ հատարարությունների, առաջարկությունների փոխարեն, ավելի լավ կլինի կառավարությունով, համագործակցելով ոլորտի կարող ուժերի հետ, մշակեն երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացման արդյունավետ ռազմավարություն և ճանապարհային քարտեզ: Մի պահ պատկերացնենք՝ վաղը Լարսի անցակետը փակվեց, Ռուսաստանը հրաժարվեց մեզ ցորեն տա, ի՞նչ է լինելու մեր վիճակը: Մենք մեր աչքերով տեսանք, թե ինչ կատարվեց Արցախում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Հիշեցնենք՝ օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ մեկնաբանելով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունն Ուկրաինայի պարենային անվտանգության թեմայով արևմտյան երկրների կազմակերպած քննարկմանը, ասել էր՝ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը գուցե չգիտի, բայց պետք է հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունն է ապահովում ՀՀ ցորենի 90%-ը։
Ի դեպ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության համատեքստում լրագրողները նաև Գևորգ Պապոյանից հետաքրքրվել էին, թե հնարավո՞ր է՝ ՌԴ-ն արգելի ցորենի ներկրումը: Հարցին ի պատասխան՝ Գևորգ Պապոյանը վստահեցրել էր, թե պարենային անվտանգության հարցն իրենց համար միշտ էլ կարևոր հարց է եղել։
Արդյո՞ք Պապոյանը հույսը դրել է թուրքական ցորենի վրա՝ հետաքրքրվեցինք գյուղատնտեսից, ինչին ի պատասխան՝ նա տեսականորեն չբացառեց այդ վարկածը՝ հիշեցնելով, սակայն, որ թեև Թուրքիան համաշխարհային 10 ցորեն արտադրողներից մեկն է՝ տարեկան 17,2 մլն տոննա, կամ համաշխարհային արտադրության՝ 2 տոկոսը, սակայն փորձած թանը չպետք է փոխել անփորձ մածունի հետ։