Ո՞վ և ինչո՞ւ Սամվել Շահրամանյանի «գրպանը գցեց» Արցախի կորստի պատասխանատվությունը
Այսօր լրանում է 2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցը։ Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչները նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավորությամբ այցելել են «Եռաբլուր»՝ ծաղիկներ խոնարհել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակի առաջ, մասնակցել նրանց հիշատակին նվիրված պատարագին։
Այս արարողություններից հետո լրագրողների հետ զրույցում Սամվել Շահրամանյանը` խոսելով 44-օրյա պատերազմի մասին, հիշեցրեց՝ 4 տարի առաջ այս օրն Ադրբեջանը Թուրքիայի, Իսրայելի և այլ պետությունների աջակցությամբ լայնածավալ հարձակում սկսեց Արցախի, նաև Հայաստանի վրա։
«Մեր ժողովուրդը, զինված ուժերն ընդունել են պայքարը, և այսօր մեր նահատակներին հարգանքի տուրք ենք մատուցել։
Համարում եմ, որ 44-օրյա պատերազմով դրվել է Արցախի ճակատագրի կանխորոշման սկիզբը։ 2023 թվականի սեպտեմբերին կատարվածը ես համարում եմ դրա հետևանքը։ Ինչ վերաբերում է մեղավորներին, ապա ՀՀ-ում բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, ԱԺ-ում գործել է համապատասխան քննիչ հանձնաժողով, որը երևի առաջիկայում կհրապարակի եզրակացությունները, և համապատասխան հետևություններ կանենք»,- նշեց Սամվել Շահրամանյանը։
Հարցին՝ քննիչ հանձնաժողովի եզրակացությունը հի՞մք է ընդունելու և դրանո՞վ է հասկանալու, թե ովքեր են պատերազմի մեղավորները, Սամվել Շահրամանյանը պատասխանեց, որ ոչ միայն հանձնաժողովի եզրակացությունն է հիմք լինելու իրենց համար, իրենք ունեն իրենց սեփական կարծիքը, բայց դրա մասին կարելի է խոսել՝ համապատասխան քրեական գործերի մասին տեղեկանալով։
«Քրեական գործերի վերաբերյալ չեմ կարող մեկնաբանություններ տալ, կան հարուցված գործեր, որոնց մասին հայտարարվել է, պետք է սպասենք դրանց արդյունքներին»,- հավելեց նա։
Դիտարկմանը՝ որ ՀՀ իշխանությունը մեղավորության սլաքները նաև Սամվել Շահրամանյանի կողմն է ուղղում՝ ասելով, որ Արցախի լուծարման փաստաթուղթը նա է ստորագրել, Սամվել Շահրամանյանը պատասխանեց.
«Շատ բան են խոսում, մնում է խոսացածը հիմնավորեն»։
Հաջորդ հարցին՝ ո՞վ և ինչպե՞ս այս ամենն իր «գրպանը գցեց», Սամվել Շահրամանյանը պատասխանեց.
«2023 թվականի սեպտեմբերի 19-ին մենք հայտնվել էինք շատ ծանր վիճակում, ես մի քանի անգամ հայտարարել եմ, որ ստանձնել եմ այդ պատասխանատվությունը և պարտականությունն այն ժամանակ, երբ Արցախից գրեթե բոլորը հրաժարվել են։ Մենք կայացրել ենք որոշումներ՝ ելնելով ստեղծված իրավիճակից։
Իմ թեկնածությունը քննարկվել է վերջին օրերին՝ Արայիկ Հարությունյանի հրաժարական տալու օրերին։ Ես շատ լավ գիտակցում էի, թե ինչ է նշանակում այդ պաշտոնը ստանձնելը, կրկնում եմ՝ որոշումները կայացրել ենք՝ ստեղծված իրավիճակից ելնելով»։
Թե ինչո՞ւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը գերեվարեցին, իսկ իրեն՝ ոչ, Սամվել Շահրամանյանը պատասխանեց, որ չի կարող ասել, թե ինչու իր վերաբերյալ նման որոշում չեն կայացրել։ Կարծում է՝ ժամանակի ընթացքում այդ հարցի պատասխանը կստանան։
Նա նաև ընդգծեց՝ որևէ մեկը չէր կանխատեսել, թե ինչ կարող է լինել, մինչև վերջին վայրկյանն արցախահայերը չեն ցանկացել լքել իրենց բնակավայրերը։
«Մենք բանակցում էինք նաև ադրբեջանական կողմի հետ, որպեսզի պահպանենք իրավիճակը կայուն և սկսենք բանակցություններ Արցախի ու արցախահայերի հետագա ճակատագրի վերաբերյալ։ Սակայն Ադրբեջանի կողմից չենք ստացել համապատասխան երաշխիքներ, որ արցախահայերը կարող են Արցախում շարունակել անվտանգ ապրել»,- եզրափակեց Սամվել Շահրամանյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում