Ներքին գործերի նախարարությունը՝ անհետացած զենքի որոնման վերաբերյալ Փաշինյանի հանձնարարականի մասին

Վերջերս 168.am-ը «Փաշինյանի չտված հանձնարարականը պատերազմի օրերին անհետացած զենքի վերաբերյալ» վերտառությամբ հոդվածում անդրադարձել էր 44-օրյա պատերազմի օրերին անհետացած զենքի թեմային:

Մասնավորապես, սեպտեմբերի 12-ին Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճի համատեքստում նշել էր, որ 44-օրյա պատերազմից հետո երկրում կա անհետացած զենքի մեծ քանակև, որ ՆԳ նախարարին հանձնարարել է վերանայել ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեթոդաբանությունը։

Սեպտեմբերի 13-ին մենք գրավոր հարցում էինք ուղարկել Ներքին գործերի նախարարություն՝ պարզելու, թե ինչ մեթոդաբանության վերանայման մասին է խոսքը, ՆԳՆ-ի 44-օրյայի ժամանակ անհետացած սպառազինության հայտնաբերման աշխատանքները չե՞ն գոհացնում Փաշինյանին:

Մենք նաև ՆԳՆ-ից փորձել էինք ճշտել՝ կա՞ն տվյալներ, որ այդ անհետացած զենքի ինչ-որ քանակ կարող էր մնացած լինել օկուպացված Արցախում, և Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ դրանք է գտնում, և արդյոք տեղեկություն ունե՞ն  անհետացած սպառազինության հետ կապված քրեական գործերի լինել-չլինելու մասին:

Կարդացեք նաև

Մոտ երկու շաբաթ հետո Վահե Ղազարյանի ղեկավարած կառույցը մեզ ուղարկել է հետևյալ պատասխանը.

«Ի պատասխան Ձեր 13.09.2024 թ. դիմումի՝ հասցեագրված ՀՀ ՆԳ նախարարին, հայտնում ենք, որ ՀՀ դատախազության, Արդարադատության նախարարության և Եվրաջասթի միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածությունների շրջանակում ՀՀ վարչապետի կողմից տրվել է հանձնարարություն՝ ձեռնարկել գործուն միջոցներ հրազենի գործադրմամբ իրականացվող հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության մեծացման ուղղությամբ:

Հանձնարարության պահանջները կատարելու և ազգաբնակչության շրջանում ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և կամավոր հանձնման ուղղությամբ տարվող աշխատանքներն ակտիվացնելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության ենթակա ստորաբաժանումներին տրվել է համապատասխան հանձնարարություն:

Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ մարտական գործողությունների արդյունքներով կորուստ հանդիսացող հրազենների վերաբերյալ հարուցված քրեական վարույթով տեղեկությունների տրամադրումը ՀՀ ՆԳՆ լիազորությունների շրջանակից դուրս է»:

Նախ նշենք, որ մենք քրեական գործերի վերաբերյալ հարցում ուղարկել ենք նաև ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղից մեզ հայտնել են. https://168.am/2024/09/18/2098474.html «2020 թվականի պատերազմի օրերին զենքերի անհետացման հետ կապված քրեական վարույթների մասով ՀՀ դատախազությունում ամփոփված տվյալներ առկա չեն»:

Երկրորդ, իր լիազորությունները լավ իմացող Ներքին գործերի նախարարությունը, չգիտես՝ ինչու, ըստ էության, շրջանցել է բուն հարցը, որը վերաբերում էր հենց 44-օրյայի ժամանակ անհետացած զենքի փնտրտուքին, դրա մեթոդաբանությանը և դրանց հնարավոր գտնվելու վայրին:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարին 2023 թվականի ՆԳՆ գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարել էր, որ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անհետացել է 17.000 միավոր ինքնաձիգ։

Իսկ հուլիսի 8-ի մեր գրավոր հարցմանն ի պատասխան, որի միջոցով փորձել էինք պարզել՝ արդյո՞ք անհետացած ինքնաձիգները գտնվել են՝ մասնակի կամ ամբողջությամբ, ո՞ւմ հաշվեկշռում են եղել, այսինքն՝ այդ 17.000 միավոր ինքնաձիգը ՀՀ ԶՈւ զինանոցի՞ց են կանոնավոր զորքի կամ այլ ճանապարհով հասել Արցախ, ՀՀ ներքին գործերի նախարարությունից մեզ հայտնել էին.

«ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների հետ աշխատանքներ են իրականացվել նշված զենքերի գտնվելու վայրերը պարզելու ուղղությամբ, որի արդյունքում սպառազինության զգալի խմբաքանակի գտնվելու վայրն արդեն իսկ պարզվել է: Միաժամանակ հայտնում ենք, որ վերը նշված զենքերի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»:

Ի դեպ, այս մասին հիշեցում եղել է մեր սեպտեմբերի 13-ի հարցման մեջ, բայց Ներքին գործերի նախարարությունը մոտ երկու շաբաթում ի վիճակի է եղել միայն հերթապահ ինչ-որ տեքստ գրել և շեղվել հարցի բուն թեմայից:

Նշենք, որ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ասել էր.

«44-օրյա պատերազմից հետո մենք ունենք անհետացած զենքի մեծ քանակ, և մենք մի քանի անգամ թեման քննարկել ենք, նաև Անվտանգության խորհրդում է այդ հարցը քննարկվել: Մենք զենքի, ապօրինի զենք-զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեր մեթոդաբանությունը պետք է վերանայենք, որովհետև այն մեթոդաբանությունը, որով մենք աշխատել ենք, այլևս չի համապատասխանում նոր մարտահրավերներին: Ինչքան հասկանում եմ՝ այդ նոր մեթոդների կիրառությամբ մենք արդեն որոշակի ոչ մեծ ոչ թե հաջողություն, այլ արդյունքներ ունենք, և այդ մեթոդով կարողանում ենք ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերել»:

Տեսանյութեր

Լրահոս