Գլխավոր դատախազությունը՝ 44-օրյայի օրերին զենքերի անհետացման և քրեական գործեր լինել-չլինելու մասին

Օրեր առաջ 168.am-ը «Փաշինյանի չտված հանձնարարականը պատերազմի օրերին անհետացած զենքի վերաբերյալ» վերտառությամբ հոդվածում անդրադարձել էր 44-օրյա պատերազմի օրերին անհետացած զենքի թեմային:

Մասնավորապես, սեպտեմբերի 12-ին Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճի համատեքստում նշել էր, որ 44–օրյա պատերազմից հետո երկրում կա անհետացած զենքի մեծ քանակև, որ ՆԳ նախարարին հանձնարարել է վերանայել ապօրինի զենք–զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեթոդաբանությունը։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարին 2023 թվականի ՆԳՆ գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարել էր, որ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անհետացել է 17.000 միավոր ինքնաձիգ։

Իսկ հուլիսի 8-ի մեր գրավոր հարցմանն ի պատասխան, որի միջոցով փորձել էինք պարզել՝ արդյո՞ք անհետացած ինքնաձիգները գտնվել են՝ մասնակի կամ ամբողջությամբ, ո՞ւմ հաշվեկշռում են եղել, այսինքն՝ այդ 17.000 միավոր ինքնաձիգը ՀՀ ԶՈւ զինանոցի՞ց են կանոնավոր զորքի կամ այլ ճանապարհով հասել Արցախ, ՀՀ ներքին գործերի նախարարությունից մեզ հայտնել էին.

Կարդացեք նաև

«ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների հետ աշխատանքներ են իրականացվել նշված զենքերի գտնվելու վայրերը պարզելու ուղղությամբ, որի արդյունքում սպառազինության զգալի խմբաքանակի գտնվելու վայրն արդեն իսկ պարզվել է: Միաժամանակ հայտնում ենք, որ վերը նշված զենքերի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»:

Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ Վահե Ղազարյանի առաջ զենքի փնտրտուքի մեթոդաբանության փոփոխության անհրաժեշտության խնդիր է դրել, մենք ևս մեկ հարցում ենք ուղարկել Ներքին գործերի նախարարություն սեպտեմբերի 13-ին՝ պարզելու, թե ինչ մեթոդաբանության վերանայման մասին է խոսքը, ինչպես նաև՝ կա՞ն տվյալներ, որ այդ անհետացած զենքի ինչ-որ քանակ կարող է մնացած լինել օկուպացված Արցախում, և արդյո՞ք տեղեկություն ունեն անհետացած սպառազինության հետ կապված քրեական գործերի մասին: ՆԳՆ-ից դեռ չեն պատասխանել:

Իսկ մենք նույնօրինակ հարցում ուղարկել էինք նաև ՀՀ գլխավոր դատախազությանը, թե արդյո՞ք 2020 թվականի պատերազմի օրերին զենքի անհետացման հետ կապված կան հարուցված քրեական գործեր, եթե այո, ապա այդ անձինք զինվորականնե՞ր են, պայմանագրայիննե՞ր, թե՞ կամավորներ:

Սեպտեմբերի 13-ին ուղարկված մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ Դատախազությունից հայտնել են. «2020 թվականի պատերազմի օրերին զենքերի անհետացման հետ կապված քրեական վարույթների մասով ՀՀ դատախազությունում ամփոփված տվյալներ առկա չեն»:

 Նշենք, որ սեպտեմբերի 12-ին Կառավարության նիստում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել էր ոստիկանության տեղեկատվական կենտրոնի տվյալները 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում:

Մասնավորապես, դատախազը մտահոգիչ է համարել զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճը: Եվ սրան ի պատասխան էր Նիկոլ Փաշինյանը նշել, որ 44–օրյա պատերազմից հետո երկրում կա անհետացած զենքի մեծ քանակ, և Վահե Ղազարյանը դրանք փնտրելու մեթոդաբանությունը պիտի վերանայի:

Իսկ իրականում երկրի կառավարման մեթոդաբանությունը և համակարգը պիտի փոխվի:

Տեսանյութեր

Լրահոս