Փաշինյանի չտված հանձնարարականը պատերազմի օրերին անհետացած զենքի վերաբերյալ

Կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը զենքի գործադրմամբ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի աճի համատեքստում նշել է, որ 44–օրյա պատերազմից հետո երկրում կա անհետացած զենքի մեծ քանակ, և, որ ՆԳ նախարարին հանձնարարել է վերանայել ապօրինի զենք–զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեթոդաբանությունը։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարին 2023 թվականի ՆԳՆ գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հայտարարել էր, որ 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո անհետացել է 17.000 միավոր ինքնաձիգ։

Հուլիսի 8-ին 168.am-ը հարցում էր ուղարկել ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ պարզելու՝ արդյո՞ք անհետացած ինքնաձիգները գտնվել են՝ մասնակի կամ ամբողջությամբ, ո՞ւմ հաշվեկշռում են եղել, այսինքն՝ այդ 17.000 միավոր ինքնաձիգը ՀՀ ԶՈւ զինանոցի՞ց են կանոնավոր զորքի կամ այլ ճանապարհով հասել Արցախ, և այլն:

Ներքին գործերի նախարարությունից օրեր հետո մեր այս հարցմանն ի պատասխան՝ պարզաբանել էին

Կարդացեք նաև

«Ի պատասխան ՀՀ ներքին գործերի նախարարին հասցեագրված Ձեր 08.07.2024 թվագրմամբ գրությանը՝ հայտնում ենք, որ սույն թվականի հունվարի 15-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ ներքին գործերի նախարարի կողմից հնչեցված ինքնաձիգերի քանակը վերաբերում է այն սպառազինությանը, որի գտնվելու վայրը 2020 թվականի պատերազմական գործողությունների ավարտից հետո հայտնի չի եղել: Հետագայում ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների հետ աշխատանքներ են իրականացվել նշված զենքերի գտնվելու վայրերը պարզելու ուղղությամբ, որի արդյունքում սպառազինության զգալի խմբաքանակի գտնվելու վայրն արդեն իսկ պարզվել է: Միաժամանակ հայտնում ենք, որ վերը նշված զենքերի հայտնաբերման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են»:

Նիկոլ Փաշինյանը հիմա խոսում է զենքի փնտրտուքի մեթոդաբանության փոփոխության անհրաժեշտությունից, այսինքն՝ Վահե Ղազարյանի ղեկավարած կառույցի 44-օրյայի ժամանակ անհետացած սպառազինության հայտնաբերման աշխատանքները չե՞ն գոհացնում:

Ի դեպ, հետաքրքիր է՝ կա՞ն տվյալներ, որ այդ անհետացած զենքի ինչ-որ քանակ կարող էր մնացած լինել օկուպացված Արցախում, և Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ դրա՞նք է գտնում:

Իսկ միգուցե կորած զենքերը գտնելու մեթոդաբանության փոփոխության հրաման Վահե Ղազարյանին տալու փոխարեն՝ Նիկոլ Փաշինյանը փորձեր պարզել՝ քրեական քանի՞ գործ է հարուցվել, օրինակ, բանակի կամ այլ զորքերի զինանոցից իքս քանակի զենքի անհետացման դեպքերով:

Տեսանյութեր

Լրահոս