Բաժիններ՝

Ինտենսիվ հարվածներին զուգահեռ Իսրայելը Լիբանանի բնակիչներին կոչ է արել հեռանալ «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին մոտ գտնվող հատվածներից

Իսրայելն առավոտյան հարվածել է Լիբանանում գտնվող ռազմական օբյեկտների և խաղաղ բնակիչներին կոչ է արել հեռանալ այն հատվածներից, որտեղ գործում է լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորումը։ Այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը։

«ԻՊԲ-ն այժմ լայնածավալ հարվածներ է հասցնում Լիբանանում «Հեզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող ահաբեկչական թիրախներին», – նշված է հաղորդագրության մեջ։

Այնուհետև ԻՊԲ-ն հայտնել է Իսրայելի հյուսիսի մի քանի բնակավայրերում օդային տագնապի ազդանշաններ հնչելու մասին՝ նախազգուշացնելով, որ «շուտով ԻՊԲ-ն լայնածավալ, ճշգրիտ հարձակումներ կիրականացնի ահաբեկչական թիրախների ուղղությամբ»։

«Ռազմական նպատակներով, օրինակ՝ զենքի պահեստավորման համար «Հեզբոլլահ»-ի կողմից օգտագործվող շենքերի և տարածքների մոտ գտնվող Լիբանանյան գյուղերի բնակիչներին կոչ ենք անում անմիջապես հեռանալ վտանգավոր հատվածներից՝ հանուն իրենց սեփական անվտանգության», – հավելել է ԻՊԲ-ի մամուլի ծառայությունը։ 

Սեպտեմբերի 23-ի ինտենսիվ հարվածներին շաբաթ և կիրակի օրերին նախորդել էին Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև ամենամասշտաբային փոխհրաձգությունները կողմերի միջև հակամարտության ընթացքում, որը սկսվել է Գազայի հատվածում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությանը զուգահեռ։ Ըստ լիբանանյան պետական NNA գործակալության՝ սեպտեմբերի 23-ի հարվածներից Լիբանանում զոհվել է մեկ հովիվ, նրա ընտանիքի անդամներից երկուսը վիրավորվել են։  Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է, որ իր ամերիկացի պաշտոնակից Լլոյդ Օսթինին սեպտեմբերի 22-ին տեղեկացրել է «Հեզբոլլահ»-ի դեմ իրականացվող գործողությունների մասին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հերթին լրագրողներին հայտնել է, որ Վաշինգտոնը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի կանխի լայնածավալ պատերազմի բռնկումը։

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև լարվածությունն ավելի է սրվել սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում «Հեզբոլլահ»-ի անդամներին պատկանող հազարավոր փեյջերների և ռացիաների պայթյուններից հետո, որոնք առնվազն 39 զոհի և ավելի քան 3000 վիրավորի պատճառ են դարձել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս