«Պատահական չէ Թուրքմենչայի պայմանագրի հիշատակումը. Իրանը բարձրացրեց «միջանցքի» խաղադրույքը». Սուրեն Սուրենյանց
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ գոնե մոտ ապագայում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու։
Նա հիշատակեց Նիկոլ Փաշինյանի առաջարկին ուղղված Բաքվի մերժումը, որ պետք է խաղաղության պայմանագիրը ստորագրել այն կետերով, որոնք այս պահին համաձայնեցված են։
Այս համատեքստում Սուրեն Սուրենյանցը խոսեց նաև «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Իրանի կողմից հնչող հայտարարությունների ու նրա ակտիվացման պատճառների մասին։
«Իրանն ու Ռուսաստանն անշուշտ եվրասիական օրակարգի հարցերի զգալի մասում ունեն ընդհանրություններ, բայց այնպես չէ, որ նրանց դիրքորոշումները նույնական են 100 տոկոսով։
Իրանը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բարձրացրած աղմուկով իրականում այլ նպատակ ունի՝ գտնվելով Հայաստանի ու Ադրբեջանի հարևանությամբ, երբեք ներգրավված չի եղել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում՝ չի եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, նոյեմբերի 9-ի հայտարարությունում նրա շահերն արտացոլված չեն։
Հիմա այս ամենով Իրանն այս հարցն օգտագործելով՝ ցանկանում է Կովկասում նոր ձևավորվող ստատուս-քվոյում ունենալ իր դերը։
Իրանը բարձրացրեց «Զանգեզուրի միջանցքի» խաղադրույքը ոչ թե նրա համար, որ ՌԴ-ի հետ կոնֆլիկտ ունի, այլ, որպեսզի ՌԴ-ի հետ իր շահերից բխող համաձայնության գան»,- նշեց Սուրեն Սուրենյանցը։
Ըստ նրա, այն վերաբերմունքը, որն ունի Ռուսաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ, Թեհրանում չեն կիսում, քանի որ այլ վերաբերմունք ունեն։
«Շոյգուն մոտ 10 օր առաջ ավելի կարևոր հայտարարություն է արել, խոսել է «Զանգեզուրի միանցքի» հարցում Իրանի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Ռուսաստանն ու Իրանը չընդհատվող ինստիտուցիոնալ հիշողություններ ունեցող կայսրություններ են, չեմ բացառում, որ ակնարկը վերաբերում էր Թուրքմենչայի և Գյուլիստանի պայմանագրերին։ Ճակատագրի հեգնանքով Թուրքմենչայի պայմանագրի 9-րդ կետն ինտրիգային կետ է, այնտեղ որոշվում է Ռուսաստանի ու Իրանի սահմանը, որն անցնում է Արաքս գետով»,- եզրափակեց Սուրեն Սուրենյանցը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում