Բաժիններ՝

Իսրայելը 800 պաղեստինցի բանտարկյալի ազատ կարձակի Գազայում հրադադարի շուրջ հնարավոր գործարքի շրջանակներում

Իսրայելի իշխանությունները կարող են մոտավորապես 800 պաղեստինցի բանտարկյալի ազատ արձակել իսրայելցի պատանդների դիմաց, եթե Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք բերվի պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հետ։ Այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։

Ըստ աղբյուրի՝ 800 պաղեստինցի բանտարկյալներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանության համար ցմահ ազատազրկվածները, ազատ կարձակվեն ՀԱՄԱՍ-ի մոտ պատանդ պահվող իսրայելցիների դիմաց։ Ակնկալվում է, որ 18-ից մինչև 32 մարդ ազատ կարձակվի պաղեստինյան անկլավում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ծրագրի երեք փուլերից առաջինի ժամանակ:

Օրերս Axios լրատվական հարթակը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է առաջիկա օրերին ներկայացնել Գազայի հատվածում հրադադարի շուրջ գործարքի վերջնական տարբերակը։

Ենթադրվում է, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մեկ շաբաթ ժամանակ կունենան ԱՄՆ նախագահի նոր առաջարկին պատասխանելու համար։ Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողներին հայտնել էր, որ Գազայի հատվածում հրադադարի մասին ամերիկյան նոր պլանը համաձայնեցվել է, ըստ էության, 90%-ով և բաղկացած է 18 կետից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս