
Ուկրաինան գիշերը ենթարկվել է զանգվածային գնդակոծությունների

Գիշերը Ուկրաինայի մի շարք շրջաններ ենթարկվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարվածների։ Օդային տագնապի ազդանշաններ են հնչել այդ թվում Լվովում, Կիևում և Սումիում։
Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Լվովում, ըստ տեղի իշխանությունների, 3 մարդ է զոհվել, 35 մարդ՝ վիրավորվել։
Գլխավոր կայարանի շրջանում մի քանի բնակելի տուն է այրվել, կոտրվել են տների ապակիները։ Երկու դպրոցում գնդակոծությունների պատճառով դասերը չեղարկվել են։
Կրիվոյ Ռոգում վիրավորվել է 5 մարդ, վնասվել է հիվանդանոց։ Իսկ Պոլտավայի Կապի ինստիտուտի մասնաշենքերից մեկին սեպտեմբերի 3-ին հասցրած հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 51-ի, 271 մարդ վիրավորվել է։
Ավելի վաղ հաղորդվել էր 41 զոհի մասին։
Պոլտավայում եռօրյա սուգ է հայտարարվել։ Իր հերթին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 4 ԱԹՍ Բելգորոդի և Կուրսկի մարզերում, ինչպես նաև Սև ծովի ջրատարածքի երկնքում։