Հրապարակվել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը
Ստորագրումից երեք օր անց Հայաստանի կառավարությունն այսօր հրապարակեց Ադրբեջանի հետ սահմանազատման կանոնակարգը։ Ըստ այս փաստաթղթի՝ Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։
Կանոնակարգում նշվում է՝ գործընթացը հնարավոր է հետագայում՝ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։
«Եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերութուննների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին», – նշված է Հայաստանի կառավարության այսօր հրապարակած փաստաթղթում։
Ազատությունը գրում է, որ կանոնակարգը 7 հոդված ունի, հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկակական տվյալներ են, ընդհանրական ձևակերպումներ։ 4-րդ հոդվածում, օրինակ, նշվում է սահմանագծի օպտիմալացման հնարավորության մասին։ Կամ, որ կողմերը կարող են դիտարկել սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման, գերեզմանատների, մշակութային և պատմական ժառանգության պահպանության, ինժեներական, էներգետիկ, տրանսպորտային, այլ ենթակառուցվածքների գործունեության ապահովման հարցը։
Ի՞նչ է սա նշանակում. բացատրում է քարտեզագիրը
Ըստ քարտեզագիր Ռուբեն Գալչյանի՝ դա նշանակում է, որ հանձնաժողովները կարող են որոշ չափով շեղվել խորհրդային վերջին քարտեզներից ՝ հաշվի առնելով տեղում իրավիճակը։
«Եթե սահմանազատման, սահմանը գծելու ժամանակ այդ գերեզմանը գոյություն ունեցել է, հետո մեծացել է, այդ հանձնախումբն իրավասու է ասել՝ քանի որ սահմանը մի քիչ ավելի մեծացել է, այսքան մետր առաջ կգամ այստեղ, հետո ուրիշ տեղեր մյուս կողմին այսքան մետրի փոխարեն կառաջարկենք փոխանակել այդ հողամասը։ Եթե ջրատար խողովակ է անցնում ճանապարհի կողքով, կամ գազատարը, կամ էլ էլեկտրական մալուխն է անցնում գետնի տակով, այդ ճանապարհը չի կարող լինել ուրիշի հսկողության տակ», – ասաց Ռուբեն Գալչյանը։
Թե կողմերը կոնկրետ որ թվականի քարտեզներով են իրականացնելու սահմանազատումը, հրապարակված փաստաթղթում չի նշվում։ Առայժմ չի հայտարարվել նաև՝ Երևանն ու Բաքուն հաջորդիվ որ հատվածն են սահմանազատելու։ Շաբաթ օրը Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ դեռ որոշված չէ այդ հարցը։
Կանոնակարգը դեռ պետք է ներկայացվի Սահմանադրական դատարան, հետո էլ քննարկման ու վավերացման դրվի Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարաններում։ Մինչ այդ՝ առաջիկա հինգշաբթի, այն ներառվել է կառավարության նիստի օրակարգում, բայց չզեկուցվող հարցերի շարքում։