
Վթարի դեպքում ոչ միայն Հայաստանը կտուժի. Բաքվում անհանգստացած են Մեծամորի ատոմակայանի առնչությամբ

Ադրբեջանի վերականգնվող էներգետիկայի փոխնախարարը զարմանք է հայտնել Հայաստանում ատոմակայանի անջատման կապակցությամբ և ակնարկել «կիրառվող որոշ տեխնոլոգիաների վերաբերյալ ունեցած անհանգստության մասին»։
Այս մասին Էլնուր Սոլթանովը նշել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությունում: Նրա խոսքով, «ատոմակայանը կարող է չհամապատասխանել համաշխարհային չափանիշներին»: Նա ընդգծել է, որ վթարի դեպքում «ոչ միայն Հայաստանը կտուժի»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ի երեկոյան հայտնի դարձավ, որ Մեծամորի ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։ Կանգի պատճառ էր հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել էին անվտանգ կանգառի ռեժիմի։ Ատոմակայանը, սակայն, արդեն երեկ կրկին միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին, սկսել աշխատել ամբողջական հզորությամբ։