
Ռուսաստանն էլ Դուրովին ուղղված հարցեր ուներ, բայց նրան այստեղ ոչ ոք չի ձերբակալել. Պեսկով

Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովին ուղղված հարցեր Ռուսաստանն էլ ուներ, բայց այստեղ նրան ոչ ոք չի ձերբակալել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի հարցազրույցում, որից մի դրվագ լրագրող Պավել Զարուբինը հրապարակել է իր թելեգրամ-ալիքում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Զարուբինը Պեսկովին հարց է տվել, թե արդյոք Կրեմլն ասելու բան ունի եվրոպացի քաղաքական գործիչներին, որոնք Ռուսաստանում Դուրովին ձերբակալելու դեպքում կարող էին բավական կոշտ արձագանքել։
«Ոչ, ես նրանց բնավ ասելու բան չունեմ,- պատասխանել է նա,- միակ բանը, որ կուզենայի ասել, մեզ մոտ նրան ոչ ոք չի ձերբակալել։ Իհարկե, հարցեր կային»,- նշել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Ահաբեկիչներն օգտվում են ոչ միայն մեսենջերներից, այլեւ ավտոմեքենաներից, ընդ որում՝ ավտոկոնցեռններին ոչ ոք չի ձերբակալում, ավելացրել է Դմիտրի Պեսկովը։
«Այո, իսկապես, ահաբեկիչներն օգտվում են Telegram ցանցից։ Բայց ահաբեկիչները օգտվում են նաեւ մեքենաներից։ Ինչո՞ւ չեն ձերբակալում «Ռենո»-ի կամ «Սիթրոենի» գլխավոր տնօրենին»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։