
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համարձակ հայտարարություն է արել Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի գործողության վերաբերյալ

Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը չի խախտում միջազգային իրավունքը։
Ինչպես տեղեկացնում է «Die Welt» պարբերականը, այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հիշյալ լրատվամիջոցին տված հարցազրույցում։
«Միջազգային իրավունքի համաձայն՝ ուկրաինական զինուժի գործողությունը չի սահմանափակվում միայն սահմանով»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը՝ հավելելով, որ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք։
Բացի այդ, նա պնդել է, որ ռուս զինվորները, տեխնիկան և ռազմակայանները համարվում են օրինական թիրախներ։ Սթոլթենբերգը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունը Կուրսկի շրջանում հղի է ռիսկերով։
«Բայց դա Ուկրաինայի որոշումն է, թե ինչպես պաշտպանի իրեն», – եզրափակել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը: