Միջազգային հանրությունը կոչ է անում Իսրայելին դադարեցնել Արևմտյան ափին անցկացվող լայնամասշտաբ գործողությունը
Իսրայելը Հորդանան գետի Արևմտյան ափի մի քանի շրջաններում օգոստոսի 28-ից սկսել է խոշոր գործողություն՝ նշելով, որ դա «հակաահաբեկչական գործողություն» է։ Արևմտյան ափին զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, արդեն հասել է 17-ի։
Այս մասին տեղեկանում է BBC-ից։Գործողության երկրորդ օրը Իսրայելը հայտնել է, որ Տուլկարմում սպանել է հինգ «ահաբեկչի», որոնք թաքնված են եղել մզկիթում։ Ըստ իսրայելական կողմի՝ նրանք սպանվել են փոխհրաձգության արդյունքում։ Զոհերից մեկը Մուհամմեդ Ջաբերն է, որին Իսրայելում մեղադրում են ահաբեկչության մեջ։ Պաղեստինյան խմբավորումները նրան անվանել են «դիմադրության ուժերի» կարևոր գործիչ և խոստացել են վրեժ լուծել նրա սպանության համար։ Բացի Տուլարմից, իսրայելական ուժերը գործողություններ են անցկացնում նաև Ջենինում, Տուբասում, որտեղ նույնպես կան զոհեր։Միջազգային մի շարք կառույցներ արձագանքել են Արևմտյան ափին տիրող իրավիճակին։ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Արևմտյան ափին Իսրայելի լայնամասշտաբ ռազմական գործողությունների առնչությամբ և կոչ է արել անմիջապես դադարեցնել դրանք։
«Ես խստորեն դատապարտում եմ կյանքի կորուստները, այդ թվում՝ երեխաների, և կոչ եմ անում անմիջապես դադարեցնել այդ գործողությունները», – գրել է նա X սոցիալական հարթակում։
ԱՄՆ-ում նույնպես արձագանքել են Արևմտյան ափին Իսրայելի գործողություններին՝ կոչ անելով ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար։
«Մենք ընդունում ենք Իսրայելի շատ իրական անվտանգության կարիքները, որոնք ներառում են Արևմտյան ափին ահաբեկչական գործունեությանը հակազդելը։ Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք պնդել, որ Իսրայելի իշխանությունները միջոցներ ձեռնարկեն բոլոր քաղաքացիական անձանց վնասից պաշտպանելու համար», – նշված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տարածած հայտարարության մեջ։
ԵՄ մարդասիրական օգնության և ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը X սոցիալական հարթակում գրել է, որ Արևմտյան ափին իրավիճակն ավելի է վատթարանում, իսկ Իսրայելի կողմից ռազմական ուժի կիրառումը և իսրայելցի նորաբնակների բռնությունները քաղաքացիական անձանց նկատմամբ «խախտում են միջազգային օրենքն ու մարդու իրավունքները»։
Իսկ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն գործընթաց է սկսելու և հարցնելու է անդամ երկրներին իսրայելցի որոշ նախարարների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։