«Դու հավատում ես, որ մեկ Աստված կա, չէ՞. շատ լավ ես անում, բայց դևերն էլ են նույն բանին հավատում….»
Սբ. Պողոս առաքյալը Եբրայեցիներին ուղղված իր նամակում հետևյալ հարցադրումն է անում՝ ի՞նչ է հավատը, ապա պատասխանում. «Հավատ՝ նշանակում է վստահ լինել այն բաներին, որոնց հանդեպ հույս ունենք, և համոզված լինել այն բաներին, որոնք չեն երևում» (Եբրայեցիներ 11:1):
Հավատքը մեծագույն պարգև է Աստծո կողմից մարդուն տրված։ Այն հոգևոր ուժ է քրիստոնյայի համար: Ռուս մանկավարժ Կ. Դ. Ուշինսկին գրել է. «Հավատը երկնային մի գանձ է, որ տրված է մարդուն Արարչից, ինչպես դրախտը՝ Ադամին, որպեսզի այն «խնամի և մշակի»»:
Ռուս հայտնի բժիշկ, ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիր Ն. Ի. Պիրոգովն (19-րդ դար) ասել է, որ հավատը մարդու մեջ հոգեբանական մի այնպիսի ընդունակություն է, որով նա առավել քան տարբերվում է կենդանուց:
Երեքամյա քարոզչության ընթացքում Հիսուս Քրիստոսի գործած բոլոր հրաշքներն ու բժշկությունները հիմնված էին միայն հավատքի վրա: Մեր Տերն Իր հայրենի քաղաքում՝ Նազարեթում, որևէ հրաշք չգործեց, այլ միայն սակավաթիվ մարդկանց բժշկեց՝ նրանց վրա դնելով Իր ձեռքերը: Նա զարմանում էր Իր համաքաղաքացիների անհավատության վրա (Մարկոս 6:5):
Աստված չի հարկադրում մարդուն հավատքի մեջ: Եկեղեցու հայրերից մեկն ասել է. «Հիշեք, որ Աստված տվել է մեզ ազատություն, եթե Աստված չտար այդ ազատությունը, ապա կոչնչացներ և հավատքի ուղին ու մարդկանց դեպի Իրեն կբերեր հարկադրական գիտությամբ: Երբեմն որոշները տգիտաբար ասում են՝ կհավատանք Աստծուն, եթե ապացուցեք մեզ Նրա գոյությունը… Ապացուցելու դեպքում չի կարող լինել հավատք, այլ կլինի հարկադրական գիտություն, այդ դեպքում չի լինի և փրկության ուղին»:
Աստծո արդար դատաստանը խանգարում է մեղավորին ապրել այնպես, ինչպես ինքն է ցանկանում, և իր հանգստության համար նա անհրաժեշտություն ունի իր սրտում ասելու, թե՝ Աստված չկա (Սաղմոս 13:1): «Ոչ ոք չի ժխտում Աստծուն, եթե ոչ նա, ով հետաքրքրված է նրանում, որ Նա՝ Աստված, չլինի»,- ասել է սբ. Օգոստինոսը: Անգամ Աստծուն չհավատալով՝ հնարավոր չէ չհամաձայնել այն փաստի հետ, որ մարդը լիարժեք հանգստություն և ուրախություն է ապրում՝ հավատալով Աստծուն: Քանի որ այս համոզմունքը տարբեր պայմաններում գտնվող միլիոնավոր մարդկանց փորձառությունն է, այդ փորձառությամբ է ապրում և եկեղեցին:
Անսահմանելի մեծ արժեք է փրկարար հավատը, որը մարդկային հոգու առջև բացում է դուռը Երկնային Արքայության, որը «մեր ներսում է» (Ղուկաս 17:21):
Այս մեծագույն պարգևը՝ հավատը, տրվում է մարդուն խոնարհության և ապաշխարության առկայությամբ: Սիվղանոս վանականը գրել է. «Հպարտ մարդն իր մտքով և գիտությամբ ցանկանում է ճանաչել ամեն ինչ, բայց նրան տրված չէ աստվածճանաչողությունը, քանի որ Աստված միայն խոնարհ հոգիներին է Իրեն բացահայտում: Աստվածճանաչողության համար հարկավոր չէ ունենալ գիտելիք, բայց հարկավոր է ունենալ խոնարհ հոգի: Հավատը չի կարող տրվել հպարտ սիրտ ունեցողներին, եսասերներին, կրքերի ենթակայության տակ գտնվողներին, այդպիսի սրտերը չեն կարող կրել հավատի պարգևները, քանի որ հավատը պարտավորեցնում է շատ բաների՝ առավել ևս զոհաբերվող սիրո սխրանքին»:
Որպեսզի հավատն իրապես փրկարար լինի, մի քանի պայմաններ են անհրաժեշտ: Սբ. Հակոբոս Տեառնեղբայրն ասել է. «Դու հավատում ես, որ մեկ Աստված կա, չէ՞. շատ լավ ես անում, բայց դևերն էլ են նույն բանին հավատում և սարսափում» (Հակոբոս 2:19), այնինչ դևերը, այդ «հավատքի» մեջ լինելով, սպասում են հատուցմանը՝ փրկությունից դուրս: Ուստի փրկարար հավատը կայանում է միայն գործերով, քանի որ հավատն առանձին, առանց գործերի մեռած է (Հակոբոս 2:17): Այս ամենին սբ. Պողոս առաքյալն ավելացնում է. «Եթե նույնիսկ լեռները տեղափոխելու չափ հավատ ունենամ, բայց սեր չունենամ, ես ոչինչ չարժեմ» (Ա Կորնթացիներ 13:2):
«Հարսանիքին հրավիրվածների առակ»-ում Տերը հարսանիքից դուրս է վռնդում այն անձին, որը հարսանիքին պատշաճ հագուստով չէր ներկայացել, այսինքն, ըստ մեկնիչների, ուներ հավատ, բայց չէր կրում սիրո և ողորմածության հագուստը: Այսպիսով, սիրո գործերը կենդանացնում են հավատքը: Այդ պատճառով սբ. Պողոս առաքյալը փրկության հիմքում դնում է հավատը, հույսը և սերը՝ երեքից մեծագույնը համարելով սերը (Ա Կորնթացիներ 13:13):
«Հավատը, ինչպես և սերը չի տրվում անմիջապես և հեշտությամբ, այն պետք է փնտրել՝ ձգտելով դրան, և միայն ժամանակի ընթացքում հոգևոր ջանադիր աշխատանքից հետո է, որ հավատը գրավում է մարդու ներքին էությունը՝ դառնալով նրա համար կենսական նշանակություն ունեցող գոյության նպատակ» (Սբ. Արսեն):
Հրեաների՝ Քրիստոսին ուղղված այն հարցին, թե ի՞նչ անենք, որ Աստծո ուզած գործերը կատարած լինենք, Հիսուս պատասխանեց. «Աստծո ուզած գործն այն է, որ դուք հավատաք Նրան, Ում Նա ուղարկեց» (Հովհաննես 6:28-29), իսկ թերահավատ Թովմասին Քրիստոս ասաց՝ դու հավատացիր, որովհետև Ինձ տեսար. երանի՜ նրանց, որոնք հավատում են առանձ Ինձ տեսնելու (Հովհաննես 20:29):
Իսկ հավատը մեր մեջ պահպանվում, աճում և ամրանում է՝ Տիրոջ խոսքը լսելով. «Հավատը ծնունդ է առնում քարոզչությունը լսելիս, իսկ քարոզչությունը հավատ է արթնացնում, երբ Քրիստոսի խոսքերն են քարոզվում» (Հռոմեացիներ 10:17): Այդ իսկ պատճառով հավատը կարող է մարել, երբ մարդը գիտակցաբար չի զղջում իր մեղքերը, հոժարակամ գտնվում է անհավատ միջավայրում կամ էլ հակաքրիստոնեական գրքեր է ընթերցում: Մեծագույն սրբերից սբ. Անտոն Եգիպտացին անմիջապես դադարեցնում է խոսկացությունը մի անձի հետ, երբ իմանում է, որ նա հերետիկոս է:
Եթե հոգին համեմատենք այգու հետ, ապա ինչպես ամեն առաքինություն, հավատն էլ նուրբ մի ծաղիկ է, որն անհրաժեշտ է սիրով աճեցնել՝ զգուշորեն պահպանելով բազմաթիվ վնասներից՝ մեղքերից, առավել ևս մահացու մեղքերից, որ մահացու վերքեր են հասցնում:
Կարինե Սուգիկյան