Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը հերթականն էր, էական պայմանավորվածություն ձեռք չի բերվել․ Եվսեև
Ռուսական կողմի նախաձեռնությամբ այսօր կայացավ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց։ ՀՀ կառավարության փոխանցմամբ, ՌԴ նախագահը Փաշինյանին տեղեկացրել է նախորդ շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին, ինչի համար Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Պուտինին։
«Զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա պատեհ առիթով հանդիպել Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցեր քննարկելու համար»,- ասված էր հաղորդագրությունում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 18-19-ը պետական այցով Ադրբեջանում էր, որի շրջանակում Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում նա խոստացել էր զանգահարել Նիկոլ Փաշինյանին և նրա հետ քննարկել այցի արդյունքները՝ կապված ադրբեջանա-հայկական հակամարտության կարգավորման հետ։ Եվ, ըստ էության, ՌԴ նախագահը պահեց խոստումը։ Իսկ այդ այցի, ինչպես նաև այս հեռախոսազրույցի ընթացքում, ինչպես կարելի է կարդալ ռուսական Կրեմլինի տարածած հաղորդագրությունից, ՌԴ-ն իր միջնորդական ծառայություններն է առաջարկում Երևանին ու Բաքվին։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ վերջին անգամ Փաշինյանն ու Պուտինը շփվել էին Փաշինյանի ծննդյան օրը՝ հունիսի 1-ին, երբ կրկին ռուսական կողմի նախաձեռնությամբ եղել էր զանգ Փաշինյանին։ Փաշինյան-Պուտին վերջին երկու հեռախոսազանգերը ՀՀ իշխանությունների արևմտյան օրակարգի և վեկտորի պայմաններում տեղի են ունենում ռուսական կողմի նախաձեռնությամբ։
Ավելին, ամիսներ առաջ, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնեց, որ երկկողմ պաշտոնական շփումներ գրեթե չկան, քանի որ հայկական կողմը չի աշխատում Ռուսաստանի հետ։ Եվ ըստ էության դեռ չկա պաշտոնական արձագանք ՌԴ առաջարկին՝ օգնել կողմերին Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, թեև ՀՀ ԱԳՆ օրերս տարածված հաղորդագրությունում ՀՀ-ն անվստահություն էր հայտնում ՌԴ միջնորդական դերակատարությանը։
Ի՞նչ փոխեց այս հեռախոսազանգը երկկողմ հարաբերություններում և ի՞նչ են քննարկել կողմերը. այս հարցերը քննարկել ենք ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևի հետ։
Վերլուծաբանը նշեց, որ հեռախոսազանգն էական ոչինչ չի փոխել ռուսական շահերի տեսանկյունից, քանի որ ՀՀ-ն կարծես դեմ է, որպեսզի լինեն եռակողմ շփումներ ՌԴ նախաձեռնությամբ, իսկ ներկայիս փուլում ՌԴ-ն նման առաջարկով է հանդես գալիս։
«Սակայն, կարծում եմ, հեռախոսազրույցը կարևոր է եղել հարաբերությունների շարունակականության և հանդիպում պայմանավորվելու տեսանկյունից, քանի որ, երբ չկան բանակցություններ, համապատասխան աշխատանք գերատեսչությունների մակարդակով, ապա չկա հարաբերությունների և դրանից բխող կոնտակտների ճանապարհային քարտեզ, ուստի այս զանգի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն հանդիպելու»,- 168.am-ի հետ զրույցում ասաց նա։
Սակայն, Եվսեևի համոզմամբ, հարաբերությունների մթնոլորտը, իրավիճակը շարունակում է մնալ բարդ, և ՌԴ-ից որևէ զանգ այն չի փոխի։
«Ակնհայտ է, որ դրանում առկա է Արևմուտքի մեծ ազդեցությունը, որը հատկապես ներկայումս Երևանին թույլ չի տալու ազատություն ռուսական ուղղությամբ, չեմ կարծում, որ Երևանն էլ առանձնապես ցանկանում է կոնտակտներ ունենալ Մոսկվայի հետ։ Սակայն Երևանում հասկանում են նաև, որ որոշակի շփումներ պահել հարկավոր է, ելնելով ողջախոհության անհրաժեշտությունից, քանի որ աշխարհաքաղաքական իրողությունները կարող են արմատականորեն փոխվել, այդ թվում՝ Հարավային Կովկասում էականորեն»,- նման կարծիք հայտնեց քաղաքագետը։
Նա գտնում է, որ Երևանի քայլերի մեծամասնությունը կրում է դեմոնստրատիվ բնույթ և նախատեսված է արևմտյան հանրույթի համար, որն ուշի ուշով հետևում է, թե Հայաստանն ինչ քայլեր է իրականացնում ռուսական ուղղությամբ։
«Օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանից ռուսական ներկայության դուրսբերմանը մեծ ակտիվությամբ անդրադարձան Արևմուտքում, քաջալերեցին Երևանին, բնականաբար, դրան հակառակ գործողությունները շատ ծանր ազդեցություն կունենան Երևան-Արևմուտք հարաբերությունների վրա։ Ուստի հեռախոսազրույցներն էլ, հանդիպումներն էլ նախաձեռնում է ռուսական կողմը, որոնց ընթացքում քննարկվում են ընթացիկ հարցեր՝ կապված ԵԱՏՄ-ի, առևտրաշրջանառության, տնտեսության և այլ թեմաների շուրջ»,- ասաց նա։