Անկախության հռչակագրից Փաշինյանը չի՛ կարող հրաժարվել. նրա նկատմամբ ատելությունը բազմապատկվում է. Արամ Մանուկյան

Oգոստոսի 23-24-ը Հայաստանի Հանրապետության ստեղծման պատմության մեջ կարևորագույն նշանակություն ունեցող օրեր են. նախ՝ 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն, ապա մեկ օր անց՝ օգոստոսի 24-ին, Գերագույն խորհրդի պատգամավոր, այժմ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության անդամ Արամ Մանուկյանն այդ 12 կետից բաղկացած հռչակագիրն ընթերցեց ԳԽ ամբիոնից, ապա՝ Ազատության հրապարակում։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց՝ Հայաստանի Անկախության հռչակագիրը ապահարզան էր Խորհրդային Միության հետ, որն ընդունվեց միաձայն, քանզի բոլորի նպատակը մեկն էր՝ ունենալ այնպիսի հռչակագիր, որն ապագայում չի դառնա քննադատության թիրախ և պետք է ապագայում դիմանա ցանկացած փորձության։

«30 տարի այս փաստաթղթի համար որևէ մեկը որևէ բողոք չի ներկայացրել, նման բան չի արել որևէ երկիր կամ միջազգային կազմակերպություն։ Հռչակագրի վերաբերյալ մենք ունեինք ամբողջական կոնսենսուս և՛ ներսում, և՛ դրսում։ Միայն այս իշխանության օրոք է, որ հանկարծ ծլեց Հռչակագրի խնդիրը, որի հիմքը հանդիսացավ պատերազմում պարտությունը և գլուխ բարձրացրեցին Թուրքիան և Ադրբեջանը»,- ասաց Արամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ պատերազմում պարտությունից հետո վերընտրվելով՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևին հնարավորություն տվեց Հայաստանից հավելյալ զիջումներ պահանջելու, ինչի հետևանք է այսօր Փաշինյանի սեղանին դրված Հայաստանի Անխախության Հռչակագրի փոփոխության հարցը։

Կարդացեք նաև

«Այսօրվա պարտությունների թիվ մեկ մեղավորը մենք ենք, որ կա այս իշխանությունը՝ իր իշխանությունը պահելու դոմինանտ խնդրով»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը՝ շեշտելով՝ մինչդեռ Փաշինյանը հոգեբանական լրջագույն հարված կհասցնի հայ ժողովրդին, եթե Սահմանադրությունից դուրս թողնի Անկախության հռչակագիրը։

«Անկախության հռչակագիրն ամենևին էլ չի խանգարում Խաղաղության պայմանագրի կնքմանը. դա թելադրանք է Ալիևի կողմից, այնպիսի թելադրանք, ինչպիսիք են չորս գյուղերի, Ջերմուկի, Սյունիքով միջանցքի հարցերը։ Որպես մահակ են սրանք պահվում Հայաստանի գլխին՝ Ադրբեջանի խնդիրները լուծելու համար, իսկ Փաշինյանն իր ապիկար քաղաքականությամբ շարունակում է գործել՝ մտածելով՝ միգուցե զիջումմերը մի տեղ կկանգնե՞ն։ Չե՛ն կանգնելու. բոլորը դա հասկանում են, դրանք վերջ չունեն, որքան էլ կատարի, նոր պահանջներ են դրվելու»,– նշեց Արամ Մանուկյանը՝ ընդգծելով՝ Անկախության հռչակագրից ձերբազատվելու համար է, որ Փաշինյանը խոսում է նոր Սահմանադրության մասին։

«Այս իշխանությունն ունի մեկ խնդիր։ Էն գլխից ասում եմ՝ Անկախության հռչակագիր փոխել Փաշինյանը չի կարող… Հռչակագիրը չի՛ հանվելու Սահմանադրության նախաբանից։ Չի՛ կարողանալու, որովհետև Փաշինյաի նկատմամբ ատելությունը բազմապատկվում է, իսկ բացի ասֆալտից, լոբուց և հեծանիվից՝ որևէ բան նա չի կարողանում առաջարկել»,- շեշտեց Արամ Մանուկյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս